
Մի՛ խոսեք, գոնե լռեք, մի խանգարեք. Բաքվում՝ ոչ թե դատ, այլ՝ դատաստան, Հայաստանում՝ ստրուկի բարոյականություն. վաղն Ալիևը կանգնելու է միջազգային դատարանի առաջ. #ԴԱՍԵՐ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայուցիչ Սիրանուշ Սահակյանը և փաստաբան, միջազգային իրավունքի, տեսության մասնագետ, Ազզային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն են։
Օրերս Նիկոլ Փաշինյանն ուղերձով հանդես եկավ՝ հայտարարելով, որ պատրաստվում են փոխել ՀՀ Սահմանադրությունը: Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Էրդողանը և Իլհամ Ալիևը հնչեցնում են այդ պահանջը: Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար, ի թիվս այլ պահանջ-վերջնագրերի, բազմիցս պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նիկոլ Փաշինյանը կատարում է նրանց պահանջը, պատրաստվում է հանրաքվեով փոխել պետականաստեղծ, մեր երկրի գլխավոր փաստաթղթի ամբողջ տրամաբանությունը՝ վերջնականապես հրաժարվելով Արցախից և Ցեղասպանության ճանաչման պահանջից:
Հիշեցնենք, որ 2024թ. հունիսի 6-ին թշնամի պետության ղեկավարը խոսելով, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» մասին, ևս մեկ անգամ հայտարարել էր՝ դրա կնքումն անհնարին է՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության: Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան, ու այն պետք է փոխվի:
Իլհամ Ալիևն առաջին անգամ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին հայտարարել էր 2021թ. ապրիլի 10-13-ը Բաքվում տեղի ունեցած “New vision for South Caucasus: Post-conflict development and cooperation” միջազգային կոնֆերանսի ժամանակ՝ հայտարարելով.
«Ի՞նչ պետք է առաջին հերթին անի Հայաստանը. պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, նոր սահմանադրություն գրի: Նրանց անհրաժեշտ է նոր սահմանադրություն ընդունել: …Կարծում եմ՝ նրանց լավ խորհուրդ տալ՝ թող իրենց Սահմանադրությունից բացառեն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները: Ես չգիտեմ՝ ո՞ր երկրի սահմանադրության մեջ կան այլ երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ: Համարում եմ, որ սա բացառիկ դեպք է, և յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ պատմության ընթացքում շատ պատերազմներ են եղել, և Ցեղասպանության հետ կապված նրանց կեղծ պատմությունն իրականության հետ որևէ կապ չունի»,- ասել էր Ալիևը:
2024թ. մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգ մշակելու մասին:
Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանը նաև միանձնյա՝ իր ՔՊ-ի հետ, որոշել է հրաժարվել միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատներից, հայցերից:
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այդ կապակցությամբ հայտարարել էր.
«Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն անհնար է նաև իրավական արգելքի պատճառով:
ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի այդ գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրավասություն:
Դա հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները: Այդ գանգատներից հրաժարվելը Հայաստանի Հանրապետությունը դնում է պատասխանատվության տակ սեփական քաղաքացիներին իրենց իրավունքների զանգվածային խախտումների համար պաշտպանությունից զրկելու, այդ պաշտպանությունից հրաժարվելու և հետագայում պաշտպանության խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ադրբեջանական հանցանքները:
Ուստի, գանգատներից հրաժարվելը չի կարելի «հիմնավորել»` Կառավարության ինչ-որ առանձին, «մեկուսացած» լիազորության վրա հղում անելով: Սա այդ դեպքը չէ:
Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարվելու Վարչապետի կամ Կառավարության բացարձակ հայեցողություն: Հրաժարվելն ունի բոլորովին այլ իրավական ռեժիմ արդեն իսկ նախաձեռնված կամ ընթացող միջազգային դատական գործընթացի պայմաններում:
Այն, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային միավոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միավորը Վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը՝ հատկապես գործող Կառավարության պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակա են պետական շահերի նկատմամբ:
Նշվածից բացի, ՔՊ ղեկավարն իր հայտարարություններով ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ այլ գործերով նման բաներ տեղի են ունեցել: Օրինակ` ինքը կամ իր քաղաքական թիմակիցների մի մասը մինչև իշխանության գալը Եվրոպական դատարան են ներկայացրել գանգատներ ու հիմա քաղաքական ճնշում օգտագործելով` ստիպել են հրաժարվել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներից հանուն իրենց «հաղթանակի»»,- գրել էր նա:
Հիշեցնենք նաև, որ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մինչ այդ հայտարարել էր, որ Միջազգային դատարաններում իրավական վեճերի նպատակը տարաձայնությունները քաղաքակիրթ եղանակով լուծելն է, ինչը չի կարող խանգարել խաղաղության գործընթացին. «Իրավական վեճերի նաև ինչ-որ տեղ իմաստը խաղաղության հաստատումն է, այսինքն՝ ընդհանրապես, երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճ և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային հիմքով նախատեսված եղանակով, դա նաև ուժի կիրառում բացառել է նշանակում, պատերազմի կանխարգելել», – ասել էր նա։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, որոշել է կատարել Ալիևի նաև ա՛յդ պահանջը:
Սիրանուշ Սահակյանի և Տարոն Սիմոնյանի հետ զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Տարոն Սիմոնյան.- Այն գործընթացը, որ այսօր տեղի է ունենում, տարբեր շերտեր ունի։ Խնդիր ունենք գաղափարախոսության փոփոխության հետ, որը, ըստ ներկայացվածի (Նիկոլ Փաշինյանի ուղերձի,- հեղ.)՝ ազգային գաղափարախոսությունից անցում է կատարել դեպի սպառողական հասարակություն՝ ապրել, սնվել, բազմանալ, հաճույք ստանալ կյանքից։ Խնդիրը բարոյականության և բարոյագիտության դաշտում է։ Որոշում ընդունող մարդիկ բարոյականության առումով խոցելի են ու իրենց բարոյականությունը ձևավորում են թշնամու ճնշման ներքո։ Ինքն իր պարտվողի հոգեբանության մեջ կենսիմաստ է գտնում ու համարում, որ դա բացառիկ ճշմարտություն է։ Նիցշեն սա անվանում էր ստրուկի բարոյականություն։ Երբ սա մտցնում ենք Սահմանադրության մեջ, դարձնում ենք մեր առօրյայի մաս։ Իրենց տրամաբանությունը հետևյալի մեջ է՝ պետությունը դարձնել քաղաքական մի կազմակերպություն, որը սոսկ սպասարկելու է քաղաքացու սպառողական շահերը։ Սա, իհարկե, վտանգավոր է։
Եթե քաղաքացին ուզում է իր երեխային ապագա թողնել, ապա չի կարող մտնել Հայաստանի քաղաքական իշխանության կողմից գեներացվող այս խոսույթի մեջ։ Պետությունը, ազգը չեն կարող չունենալ նպատակ։
Սիրանուշ Սահակյան.- Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի հասարակության պահանջմունքների արդյունք, ոչ թե թելադրվի դրսից։ Այս պահին մենք Հայաստանում չենք տեսնում հասարակական պահանջ, ուստի սա թելադրված պահանջ է կա՛մ քաղաքական էլիտաների կողմից, կա՛մ դրսից։ Եթե մենք արժեքաբանական Սահմանադրությունից անցում ենք կատարում զուտ նկարագրողական Սահմանադրության, ջնջում ենք ազգի դիմագիծը։
Միջազգային իրավունքում գոյություն ունի պետությունների ներքին գործերի միջամտության արգելքը։ Թուրքիան և Ադրբեջանը խախտում են Հայաստանի ինքնիշխանությունը, և դրան հակազդելու փոխարեն՝ իշխանությունը զիջում է մեր ինքնիշխանությունը։ Ուզում են մեր Սահմանադրությունից հանեն Ցեղասպանության դրույթը։ Ցեղասպանության ենթարկված լինելը չի կարող ջնջվել հայի ինքնության միջից։ Սրան զուգահեռ՝ ուզում են դուրս բերել նաև Արցախին առնչվող դրույթները։ Հայ ազգի ինքնությունն են ուզում փոխել, որը կդառնա ոչ մրցունակ։
Սիրանուշ Սահակյան.- Եթե Հայաստանը չի կարողանում հասնել իր քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունները պատժելուն, մենք ենթարկվում ենք լրացուցիչ ռիսկերի։ Հայոց ցեղասպանության դատապարտումը նաև ընդհանուր կանխարգելում է իրականացնում։ Դատապարտումը նաև նշանակում է՝ չկրկնել, չթույլատրել կրկնել։ Մենք նաև բարոյալքվածության վտանգի ներքո ենք։ Բոլոր դատապարտումները չեն կարող կորցնել իրենց վավերականությունը։ ՀՀ իշխանության գործողությունները կասեցնելու են Հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված գործողությունները։
Տարոն Սիմոնյան.– Միջազգային իրավունքի տեսանկյունից պետության ղեկավարի, նախագահի և արտգործնախարարի ասածը դիտարկվում է՝ որպես պետության դիրքորոշում։ Հաջորդ իշխանությունը դատական ակտի միջոցով պետք է ապացուցի, որ կա՛մ նախորդը դավաճան է եղել, կա՛մ անմեղսունակ, կա՛մ էլ գործել է ուժի սպառնալիքի ներքո։
Եթե մենք հրաժարվենք, օրինակ, Ցեղասպանության պահանջատիրությունից, մենք չենք դիտարկվի՝ որպես հարգանքի արժանի սուբյեկտ։ Բացի դրանից, հաջորդ անգամ, երբ դու կրկին ենթարկվես նույն ուժի գործադրմանը, ու մեզ պարտադրվի Բաթումի նոր պայմանագիր, միջազգային հանրությունը սոսկ լուռ կհետևի դրան, որովհետև մենք այլևս իրավունք չենք ունենա ոչինչ պահանջել։ Մենք այնքան հարգանք չենք վայելի, որ իրավունք ունենանք պահանջել։
Սիրանուշ Սահակյան.-Միջազգային իրավական ներկայացուցիչը պետք է կարողանա օգտվել իր իրավունքներից։ Կառավարության քաղաքական դիրքորոշումը չի՛ կարող նույնանալ միջազգային դատական ատյաններում դատավարական կողմի իրավունքների հետ։ Որևէ կարգավորում չկա հայցից հրաժարվելու հարցի առնչությամբ։ Կարծում եմ՝ կա հնարավորություն, որ միջազգային հայցերից հրաժարվելու հարցը դրվի հանրաքվեի, ու ժողովուրդն ինքը որոշի այդ հարցը։ Հարցի վերջնական հանգուցալուծումը հայտնվելու է Սահմանադրական դատարանի տիրույթում, և միայն նրա եզրակացությամբ պայմանավորված՝ կորոշվի՝ կլինի՞ հանրաքվե, թե՞ չէ։ Այս գործընթացի կանխման կարևոր միջոց կլինի հասարակության դիրքավորումը։
Եթե հայցերից հրաժարվելու որոշում կայացնողները հասկանան, որ հրաժարվելու գինը կարող է լինել իշխանության կորուստը, կհրաժարվեն այդ մտքից։ Միջազգային դատական հայցերից հրաժարվելը նշանակում է, որ Ադրբեջանը օրինականացնում է Հայաստանի ինքնիշխանության, հայերի, արցախցիների իրավունքների խախտումները, Արցախի հայաթափումը, միևնույն ժամանակ մեզ զրկում է իրավական հետագա պաշտպանությունից։ Մեր կորուստները մենք կարող ենք վերականգնել միայն իրավական ճանապարհով, բայց երբ մենք այդ մեխանիզմները բաց ենք թողնում, փակում են այդ ճանապարհը։
Տարոն Սիմոնյան.- Մեր սերունդներին պետք է բացատրենք, որ պատերազմից խուսափելու լավագույն տարբերակն ուժեղանալն ու մեր արժանապատվությունը, իրավունքները պաշտպանելն է։ Մեզ ասում են՝ հրաժարվե՛ք, որ դուք ազգ եք, ունեք իրավունքներ և կարող եք վերադառնալ ձեր հայրենիք։ Եթե անգամ մենք հիմա պարտություն ենք կրել, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք Արցախից։ Երբեք չի՛ կարելի վախենալ պատերազմից ու մշտապես պե՛տք է պայքարել իրավունքների համար։
Միջազգային դատական հայցերը վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեխանիզմ են։ Ինչո՞ւ հրաժարվենք մեր այդ իրավունքից։ Ունե՞նք այն ռեսուրսը, որ կարողանանք մարտի դաշտում պատերազմել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին։ Ուրեմն ինչո՞ւ հրաժարվել միջազգային հայցերից։
Վաղն Ալիևը կանգնելու է միջազգային դատարանի առաջ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ դա օր առաջ իրականություն դառնա։
Սիրանուշ Սահակյան.- Բաքվում մենք գործ ունենք ոչ թե դատական պրոցեսի, այլ դատաստանի հետ։ Ադրբեջանն իմիտացվող այս պրոցեսում դատապարտում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Բաքվում ցմահ ազատազրկվում է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այս դատավարություններում մենք տեսնում ենք, որ ուժի ցուցադրությամբ Ադրբեջանը, մնալով անպատիժ, ոտնահարում է բոլոր իրավունքները։
Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի՝ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին ուղղված կոչի նպատակը միջազգային հանրության ուշադրության հրավիրումն է այս հարցերի վրա։ Նա շարունակում է իր պայքարը հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների։
Բաքվում հայերը գտնվում են թշնամական պետության փակ հաստատություններում, որտեղ կա խոշտանգման ու վատ վերաբերմունքի վարչական պրակտիկա։ Ադրբեջանը հայերին մեկուսացնում է արտաքին աշխարհից։ Միակ կառույցը, որը որոշակի բարդություններում կարողանում է այցելել նրան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ չէ։ Այդպիսի մեխանիզմ են անկախ փաստաբանները, բայց Ադրբեջանը կանխում է անկախ փաստաբանների մուտքը նրանց մոտ։ Մենք ունենք խոշտանգումների փաստեր և վկայություններ, որոնք տվել են Ադրբեջանից հայրենադարձված մեր ռազմագերիները։ Բոլոր անձանց կողմից շատ մանրամասն տեղեկություններ են ներկայացվել ֆիզիկական բռնությունների ու խոշտանգումների վերաբերյալ։
Միջազգային իրավունքը նախատեսում է դիվանագիտական այցելության մեխանիզմ։ Հայկական դիվանագիտական կորպուսը կարող էր և ինքն այցելել մեր ռազմագերիներին, և պատվիրակել, որ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելելն նրանց։ Դա կմեղմեր Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իզոլացումը, կանխարգելիչ զսպող դեր կունենար, բայց չի արվում, ու մենք հստակ տեսնում ենք, որ պետությունն առնվազն ունի բացթողում։
Տարոն Սիմոնյան.- Եթե այսօրվա իշխանությունը մի քիչ ավելի երկար մտածեր, կհասկանար, որ քաղաքական նպատակահարմարությունից այդպիսի կարճաժամկետ ցանկությունը՝ որ գերիները չվերադառնան, հետագայում վնասելու է թե՛ իրենց, թե՛ Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը համարում է հանցավոր կազմակերպություն։ Մեծ խաղ է, և վաղը Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի հովանավոր, նույնպես կանչվելու է պատասխանատվության։ Այսինքն՝ այս դատավարությունը Հայաստանի Հանրապետության դեմ է։ Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցները դա հասկանում են, ՀՀ իշխանությունը չի՞ հասկանում։
Իշխանությունները, եթե ուզում են չվնասեն, պետք է լռե՛ն, որովհետև իրենց ամեն մի հայտարարությամբ մեծ բեռ են դնում մեր սերունդների ուսերին։ Ես անգամ ժամանակին ԱԺ ամբիոնից եմ խնդրել՝ մի՛ խոսեք, լռեք, եթե չեք կարողանում օգնել։ Լրագրողից պաշտպանվելու համար այնպիսի բաներ են ասում, որ նրանց ամեն մի հայտարարություն պետության դեմ է։ Ես չգիտեմ՝ էլ ոնց բացատրել այդ մարդկանց, որ չխոսեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ