Փաշինյանի և Էրդողանի նոր սահմանադրություն ունենալու շարժառիթները. Ալիևին երկրի գործող սահմանադրությունը դեռ պետք է՝ ընդդեմ Հայաստանի

2024 թվականի հունվարի 18-ին Արդարադատության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի:

 «Առաջինը, որ ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել էր նա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին, թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ունենա, քանի որ ՀՀ գործող սահմանադրությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, դրանից պետք է հրաժարվել: Իհարկե, նաև Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ Հայաստանը չպետք է առաջ քաշի:

«Հայաստանը պետք է ճիշտ ընկալի նոր ձևավորված իրականությունը և քայլեր ձեռնարկի այդ իրականությանը համապատասխան»,- շեշտել էր Ալիևը՝ հավելելով, որ միայն այդ դեպքում կարող է տարածաշրջանում լայնամասշտաբ համագործակցություն լինել:

Կարդացեք նաև

Այս համատեքստում 168.am-ը 2024 թվականի հունվարին «Նիկոլ Փաշինյանի «սահմանադրական ռևոլյուցիաները». Բանակը չպետք է անվտանգություն ապահովի» վերտառությամբ վերլուծություն էր հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացրել ենք 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի՝ Սահմանադրություն փոխելու մտադրությունների և շարժառիթների ռևոլյուցիան:

Բանակի անվտանգային դերակատարմանը սահմանադրական փոփոխությունների և գործող Սահմանադրությունից Անկախության հռչակագրի դուրսմղման փորձերի շրջանակում ենք անդրադարձել։ 

Եվ փետրվարի 19-ին՝ Հունգարիայում 2004թ. ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության օրը և ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի նախօրեին, Փաշինյանը որոշում է «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձով դիմել ժողովրդին, որի ժամանակ հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին:

«Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- շեշտել է նա:

Բնական է, ՀՀ զինված ուժերը չի ընկալվում որպես անվտանգության առաջնային գործոն, ինչի մասին Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է:

«Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ են տարածաշրջանի երկրների փոխկախվածությունները, տարածաշրջանային և համաշխարհային մատակարարումների ցանցում և առևտրում երկրի ունեցած տեղը: Պաշտպանունակ բանակը նույնպես խաղաղության էական գործոն է, անկախության և պետականության էական բաղադրիչ»,- ընդգծել է նա:

Թե որքանո՞վ է Ադրբեջանը և Թուրքիան կախվածության մեջ Հայաստանից, կարող ենք ենթադրություններ անել, բայց որ Փաշինյանը Հայաստանը կախվածության մեջ է դրել թուրք-ադրբեջանական տանդեմից, այսինքն՝ երկրի անվտանգությունը հանձնել է, այսպես ասած, նրա բարեհաճությանը, նվազեցնելով բանակի դերակատարությունը՝ որպես կարևոր անվտանգային գործոն, դա քննարկման ենթակա չէ:

Իսկ փետրվարի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի մինչև 2026 թվականը՝ մինչև նոր ընտրություններ, և դրանից հետո միայն որոշում կկայացվի հանրաքվեի վերաբերյալ։

Իր հերթին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով այն պնդումներին, որ սա Ալիևի պահանջն է, նշել է, թե Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ, և ոչինչ, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունները կամ նոր Սահմանադրություն ունենալն Ադրբեջանն աստիճանաբար դարձրեց խաղաղության պայմանագրի կնքման և խաղաղության հաստատման նախապայման:

Վերևում արդեն մեր վերլուծությունը հիշատակելով, նշել ենք, որ խոսքն ավելի շատ սահմանադրական որոշակի փոփոխությունների մասին է եղել, և ոչ այնքան նոր Սահմանադրության, բացի այդ, շարժառիթներն են այլ եղել, թերևս, շատ ավելի ներքին:

Մասնավորապես՝

2018, օգոստոսի 17- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր

«Մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բայց քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, մենք կանենք հետևյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն, այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք ձեր կողմից՝ որպես հստակ պահանջ: Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»:

2019, մարտի 19– Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, Փաշինյանը նշել էր, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ որոշակի քննարկումներ կան: Նա անդրադարձել էր նաև կառավարման համակարգը փոխելու և նախագահական կառավարման մոդելի անցնելու կարծիքներին:

«Գիտեմ, որ կան քննարկումներ, որ խորհրդարանական կառավարման համակարգը հետ փոխենք նախագահականի: Ես այն կարծիքին չեմ, որ մենք նման անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Պետք է հասկանանք՝ այս համակարգն իրենից ինչ էր ներկայացնում, հետո հետևություններ անենք: Մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ: Մենք ավելի շատ տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան՝ սահմանադրական փոփոխությունների»,- ընդգծել էր նա:

2019, մայիս 20- Կառավարությունում դատաիրավական համակարգին վերաբերող խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել էր.

«Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների»:

Այնուհետև նա շարունակել էր.

«Հայաստանի սահմանադրության ոչ փոփոխելի երկրորդ հոդվածը հստակ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Հետևաբար, երկրում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, այդ թվում՝ դատական, որ չի ներկայացնում ժողովրդին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից»:

2019, հուլիս 17- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հարցի մասին խոսելիս՝ նշել էր.

«Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն, և նաև կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա Հայաստանում, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա»:

Այնուհետև Փաշինյանն արձանագրել էր, որ չենք ունեցել ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած Սահմանադրություն:

«ՀՀ-ում պիտի լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք գնա ինքը քվեարկի՝ «ես ունեմ Սահմանադրություն, սա իմ Սահմանադրությունն է»։ Որպեսզի ամեն անգամ, երբ որ մենք շնորհավորենք Սահմանադրությունը, մեզ չհիշեցնեն՝ բա չե՞ք հիշում՝ 96 թվին դա ոնց ընդունվեց։ Հետո չհիշեցնեն, բա չե՞ք հիշում՝ 2005 թվին ինչ եղավ։ Հետո չհիշեցնեն՝ 2015 թվին ինչ եղավ։ Այսինքն, էս քաղաքական կեղծիքից ազատվելու էդ կոմպոնենտը, մեկ ա, մթնոլորտում կա։ Դա պրոբլեմ է»,- հավելել էր նա՝ բայցև չէր բացառել «ՍԴ-ի հարցը լուծելու համար» սահմանադրության մեջ կոնկրետ փոփոխության գնալը:

Այսօր, ըստ էության, Փաշինյանը նոր Սահմանադրություն ունենալու համատեքստում կարծես թե հակված չէ կառավարման համակարգ փոխելուն, և որքան էլ նոր Սահմանադրություն ունենալը ներքին գործընթաց համարի, բայց այն նաև աշխարհաքաղաքական և Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում է:

Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի տարեվերջին  հանձնարարական էր ստորագրել՝ «Ադրբեջանում 2025 թվականը հայտարարված է սահմանադրության և ինքնիշխանության տարի», քանի որ 2025-ին նշելու են Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին, և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին:

Ըստ այդմ՝ Ալիևի հրամանում հիշատակվում է 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի մասին, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայի, ինչը գնահատվում է սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:

«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշվում է Ալիևի հրամանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը վերանայել էր 2025 թվականի ռազմական բյուջեի նախագիծը և որոշել, որ այն ոչ թե կրճատվելու է, այլ զգալի ավելացվելու՝ մոտ 20 տոկոսով:

«Ինչպես աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտության նոր օջախների ի հայտ գալը, մեր շուրջ պատերազմները և լարվածության աճը, այնպես էլ Հայաստանում ռևանշիստական միտումները ստիպում են մեզ անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական ոլորտին: Երկրի առաջ ծառացած խնդիրներից մեկը նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումն է: Եվ եթե մենք պակաս ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացված միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում մենք խնդիրներ կունենանք»,- սեպտեմբերին ադրբեջանական խորհրդարանում շեշտել էր Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանի բանակի մարտական կարողություններն ավելանում են, և, որ իրենց զինված ուժերն այսուհետև ևս շարունակելու է զինվել պատշաճ մակարդակով:

2025 թվականը սահմանադրության և ինքնիշխանության տարի հայտարարելով, Ալիևը հերթական հնարավորությունն է ստեղծում ներքին և արտաքին լսարանի համար ուժի ցուցադրության, հատկապես, երբ թուրքական կողմից ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում Թուրքիայի շնորհիվ է հաղթել: Իսկ Փաշինյանը գիտակցելով Ադրբեջանի սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ, այն բացառելու պահանջ կամ խաղաղության հաստատման նախապայման չի դնում Ալիևի առաջ:

Իսկ մեր վերլուծության թեմայի համատեքստում հարկ է նշել նաև, որ նոր Սահմանադրություն ունենալու մասին 2024 թվականի գարնանը խոսել էր նաև Թուրքիայի նախագահը՝ հիմնավորելով, թե գործողը «թույլ չի տալիս երկրին առաջ շարժվել»:

«Եթե բացառենք 1921 և 1924 թվականների սահմանադրությունները, ապա մեր բոլոր սահմանադրությունները ստեղծվել են հոգաբարձության դիրեկտիվներով և պարտադրվել ժողովրդին»,- շեշտել էր Էրդողանը և խոստացել, որ նոր փաստաթուղթն առավել լիբերալ է լինելու՝ ստեղծված քաղաքացիական դեմքերի կողմից: Ի դեպ, սահմանադրական փոփոխությունները կարելի է համարել Էրդողանի նախընտրական հիմնական խոստումներից:

Ավելի ուշ Թուրքիայի օրենսդիր մարմնից հայտնել էին, որ նախատեսված է նոր սահմանադրության նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 2025 թվականի աշնանային նստաշրջանի ընթացքում: Այն, որ Թուրքիայի ղեկավարության՝ երկրի սահմանադրությունը փոխելն ունի ներքաղաքական հիմքեր, դա չենք կարող հերքել, հնարավոր է՝ Թուրքիայի նման երկիրը դրա համար նաև արտաքին լուրջ պատճառներ ունի:

Իսկ ՀՀ-ում Փաշինյանը որոշել է նաև վերանայել Ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հիմնավորելով այն ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի փոփոխություններով: Կարիք կա՞ ասելու, թե ինչ բովանդակության փաստաթուղթ ենք ստանալու, եթե Բանակի կերպափոխման հայեցակարգում սպառնալիքների և դրանց հեղինակների վերաբերյալ հստակ գնահատականներ չկան:

Իսկ մենք Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների գնալու շարժառիթների և մտադրությունների վերաբերյալ փաստերին ավելացնենք ևս մեկը, հատկապես, երբ խոսեցինք Թուրքիայի մասին:

Մասնավորապես, 2021 թվականի փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի հրաժարականի պահանջից հետո Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Զինված ուժերի հայտնի հայտարարությանն անդրադառնալով՝ չէր շրջանցել նաև սահմանադրական փոփոխությունների հարցը:

 «Իրականում պետք է, ի վերջո, խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ: Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այս Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի:

…Իսկ մինչ այդ՝ մեր Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե, և դա կարելի է փոխել Ազգային ժողովում տեղի ունենալիք քվեարկության միջոցով:

Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի սահմանադրական այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,- հայտարարել էր Փաշինյանը, այնուհետև նկատել.

«Զինված ուժերը և դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ, և այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր երկրի և ժողովրդի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 25-ին Զինված ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս Զինված ուժերի հրապարակային հայտարարությունը անվանել էր ռազմական հեղաշրջում, իսկ մեկ օր հետո՝ փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր արձագանքել, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- շեշտել էր Էրդողանը։

Իսկ Փաշինյանը սրանից հետո ոչ միայն հասավ ԳՇ ղեկավարության հրաժարականին, գնաց ԱԺ արտահերթ ընտրությունների, այլև որոշեց բանակի կառավարման մոդելը փոխել և ԳՇ պետին դարձնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ով, ի դեպ, չի կարող փոխարինել նախարարին, և ոչինչ, որ Հայաստանի Սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է:

Տեսանյութեր

Լրահոս