Մակրոնը կմեկնի Լոնդոն՝ Զելենսկու, Սթարմերի և Մերցի հետ բանակցությունների
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երկուշաբթի կմեկնի Լոնդոն, որպեսզի հանդիպի ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ՝ քննարկելու համար իրավիճակն Ուկրաինայում եւ ընթացիկ բանակցություններն ԱՄՆ միջնորդությամբ։
«Ուկրաինան կարող է ակնկալել մեր մշտական աջակցությունը։ Սա է ջանքերի ողջ իմաստը, որոնք մենք գործադրում ենք Ցանկացողների կոալիցիայի շրջանակում»,- ասել է Մակրոնը X սոցցանցի եթերում։
«Մենք կշարունակենք այդ ջանքերը ամերիկացիների հետ միասին, որպեսզի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրենք, առանց որոնց ամուր խաղաղություն լինել չի կարող։ Քանի որ դրված է Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության հարցն առհասարակ»,- ավելացրել է նա։
Մակրոնը նաեւ «ամենավճռական ձեւով» դատապարտել է անցած գիշեր Ուկրաինային, մասնավորապես նրա էներգետիկական եւ երկաթուղային ենթակառուցվածքին հասցված հարվածները։
«Ռուսաստանը շարունակում է թեժացման գիծը եւ խաղաղության չի ձգտում… Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպենք նրան խաղաղություն կնքել»,- ասել է նա։
