ՏՂԱ՛ ՋԱՆ, ՍՏՈ՛ՒՄ ԵՍ, ՔԵԶ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԷՐ ՏՐՎԵԼ,  ՏԱՊԱԼԵՑԻ՛Ր, ՌՈՒՄԲ ԴՐԵՑԻՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱՅԻ ՏԱԿ. ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Էն բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը գործում էր միջազգային ամենաբարձր լեգիտիմությամբ, որն ուղղակիորեն տեսնում էր Ղարաբաղի ճանաչման ճանապարհը, Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ ձեռք ձեռքի տված՝ լուծարեց։ Դեկտեմբերի 1-ին պաշտոնապես ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց։ Չնայած դրան, միևնույն է, դրանով Արցախի հարցը չի փակվում, բայց դա ինստիտուցիոնալ հիշողությամբ կառույց էր, որը բանակցային յուրաքանչյուր դետալի վերաբերյալ ուներ խոր պատկերացում։
  • 30 տարվա ընթացքում Ադրբեջանը երբևէ քայլ չարեց բանակցային գործընթացը մերժելու կամ Մինսկի խմբից դուրս գալու։ Սա շատ կարևոր է։ Հիմա էլ Ադրբեջանը դա չարեց միայնակ, այլ Նիկոլ Փաշինյանի հետ միասին՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում արված հայտարարությամբ։ Սա ամենամեծ հարվածն էր, որ հասցվեց Արցախյան հիմնախնդրին, մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների վերականգնմանը։ 
  • Երբ կառույցը փակվում է, այլևս դիվանագիտական կաշկանդվածություն չի լինում այդ փաստաթղթերը հրապարակելու։ Դրա համար է հրապարակել այդ թղթերը: Դամոկլյան սուրը կախված է։ Իսկ կարո՞ղ է՝ 2026-ի ընտրություններից առաջ այնպիսի բանակցային փաստաթղթեր հրապարակվեն, որը շատ լուրջ վտանգ կլինի Փաշինյանի ու իր թիմի համար։ Փաստաթղթերի մի մասը երեկ հրապարակելով՝ նա հույս ունի, որ մի ամիս հետո սրա մասին ոչ ոք չի հիշի, ու նախընտրական շրջանում դա իրեն չի խանգարի։ Նա գնացել է իր համար այդ վտանգի կանխարգելման ճանապարհով։ 

Կարդացեք նաև

  • 2016թ․ փաստաթղթի հիմքում, որը հետո դարձավ 2019-ի, դրված է 3 հիմք՝ բանակցային ուղղությունը, աշխատանքը կողմերի հետ, ՄԱԿ-ի արձագանքը։ 2019թ.-ի փաստաթղթում փաթեթն ամբողջական է, սակայն իր հրապարակած մասով 2019-ի փաստաթուղթը թերի է։ Պետք է լիներ համանախագահների փաստաթուղթը, ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը և, ամենակարևորը, Հայաստանի ու Ադրբեջանի պատասխանները՝ Մինսկի խմբի 2019 թվականի կարգավորման պլան-առաջարկին։ Սա Փաշինյանի հրապարակած փաստաթղթում չկա՛։ Այնինչ, ամենակարևոր գաղտնիքը թաքնված է հենց Հայաստանի պաշտոնական պատասխանի մեջ՝ այդ առաջարկներին ի՞նչ եք պատասխանել:
  • Փաշինյանի հրապարակած փաստաթուղթը ջախջախում է իր իսկ այն պնդումը, թե միջազգային փաստաթուղթը երբեք չէր ճանաչի Ղարաբաղը։ Իր հրապարակած փաստաթղթում, 2019-ի առաջարկների մեջ նշված է, որ Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու է արցախցիների հանրաքվեով, որին մասնակցելու է միայն Արցախի ժողովուրդը, և ավելին, որևէ հարցի սահմանափակում չկար, որը կարող էր դրվել հանրաքվեի, և դրա արդյունքներն իրավաբանորեն պարտադիր կատարման ուժ պետք է ունենային։ 
  • Փաստորեն, այս փաստաթուղթը ստանալուց 2 ամիս հետո Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Սա՞ էր իր պատասխանը Մինսկի խմբի կողմից 2019 թվականին առաջարկված փաստաթղթին։ Միայն 2019-ի այս կտորով էնքան բան է ասված տեղի ունեցածի վերաբերյալ։ Դրանից 2 ամիս հետո Ալիևը Վալդայում հայտարարեց՝ Արցախը Ադրբեջան է, և վերջ։ Ո՞վ տապալեց այս փաստաթուղթը, որով ռումբ դրվեց Ադրբեջանի պրովոկացիայի տակ։ 
  • 2018թ. ապրիլին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խոսքն իր էության մեջ ուղերձ է, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերներին, որով ասում էր՝ Ադրբեջանը մաքսիմալիստական առաջարկներ է անում, ուզում եմ՝ իմանաք՝ մենք մեր կարմիր գծերից չենք հրաժարվելու, սանձե՛ք Ադրբեջանին։ Նախագահի ԱԺ հարցուպատասխանի ողջ իմաստը ուղերձն էր միջազգային հանրությանը՝ աշխատե՛ք Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների հետ։ Փաշինյանը սա է մանիպուլացնում՝ հայտարարելով, թե բանակցությունները փակուղի էին մտած, ես ի՞նչ կարող էի անել։ Նա ստում է: Ավելին, Արցախյան հիմնահարցի բանակցությունները տասնյակ տարիների ընթացքում ունեցել են և ինտենսիվ, և պասիվ բանակցային շրջաններ, և փակուղային:

  • Վերջին ամիսներին մեր հասարակությանը հրամցվում էր հետևյալը՝ Ղարաբաղը թոկ էր մեր վզին, մեր սուվերենությունը հարվածի տակ էր, մենք հիմա սուվերեն ենք։ Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին նա հրապարակել է մի նպատակով՝ բերելու է ու խնդիրը կապի Ռուսաստանի հետ։ Մինչդեռ նա, ով Սերժ Սարգսյանի այդ նամակը կկարդա, կտեսնի՝ ինչպես է իր երկրի ղեկավարը իր երկրի պետական շահերին ամենամանր դետալներով անգամ հետամուտ եղել։ Այդ նամակից առաջ Լավրովը Երևան է եկել ու մտքեր առաջարկել, որի արդյունքում կարիք է եղել դրանց ՀՀ նախագահի մակարդակով արձագանքելու։ Եվ, երկրորդ՝ եղել է Ալիևի մեկնաբանությունը Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին, որի կազմակերպիչն ու պատասխանատուն եղել է Ռուսաստանը։ Բա Լավրովի մտքերին ու Սանկտ Պետերբուրգին արձագանքելու համար ո՞ւմ նամակ գրեր նախագահ Սարգսյանը՝ Վաշինգտոնի՞ն, թե՞ Բրյուսելին։ 

Հիշեցնենք, Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից Վլադիմիր Պուտինին գրած նամակին, հայտարարել էին, որ այդ նամակից հետո Հայաստանը Ռուսաստանի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։ 

  • Քի-Վեսթի փաստաթուղթն իրականում տարբերություն ունի մինչև այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված 3 ամբողջական փաստաթղթերի հետ։ Տարբերվում է, որովհետև չի դարձել պաշտոնական ներկայացված փաթեթ՝ որպես խաղաղության պայմանագրի հիմք։
  • Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում», հրապարակված փաստաթղթի մասին, որը նա այս օրերին ներկայացրել է․հստակ ասեմ՝ ԵԱՀԿ նման փաստաթուղթ չկա՛։ Դա մասնավոր առաջարկ է։ Այդ փաստաթղթի տակ, ասենք, Թուրքիան է ստորագրել, դա ի՞նչ ԵԱՀԿ միջազգային փաստաթուղթ։ Սրանով ցեց են գցում 1-ին և 2-րդ նախագահների միջև, որովհետև ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է տրամադրել այդ փաստաթուղթը, տպագրել է իր ընտանեկան թերթում, որն ըստ էության Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Ի՞նչ պետություն, ի՞նչ պետական շահ։ Չկա նման բան։ 
  • Կրակովյան փաստաթուղթը շատ կարևոր և լուրջ փաստաթուղթ է՝ թվագրված 2018-ի հունվար, որում ներկայացված է Արցախի ճանաչման ճանապարհը։ Հիմա դա հրապարակելու իր նպատակը նույնն է՝ հիմա մենք հրապարակենք, մինչև ընտրություններ անցնի-գնա, հետո հանկարծ ուրիշները չհրապարակեն… 
  • Առնվազն չեմ բացառում, որ այս փաստաթղթերը հրապարակված լինեն Ալիևի համաձայնությամբ։
  • Էն, որ Ադրբեջանն ագրեսիա է արել, պատերազմ է սկսել, դրանում ոչ մի կասկած չկա, և դրա համար պատասխան տալու ժամանակը հաստատ գալու է։ Բայց պատկերացրե՛ք՝ բանակցային գործընթացն ինչ վայրիվերումներ է ունեցել, որ Ալիևի մոտ վախերը, որ ագրեսիայի դեպքում իրեն կպատժեն, վերացել է։
  • Նույն մարդն իշխանության գալով՝ առավոտից իրիկուն պնդում էր, որ Արցախի փոխարեն ինքը չի կարող բանակցել, և Արցախը պիտի վերադառնա բանակցային սեղան, որն, ի դեպ, բացասական է ընկալվել ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից, մյուս կողմից՝ նույն մարդն ասում էր՝ մեր և Արցախի տեսակետները նույնական են, և Արցախը Հայաստան է, և վերջ։ Հիմա միջազգային դերակատարներն էս երկուսից ինչի՞ վրա պիտի հենվեն, Փաշինյանի ո՞ր հայտարարությունը պետք է հիմք ընդունեին։ Երկուսն էլ իրարամերժ են։ Նույնը մեր դեսպանները․ ինչի՞ վրա պիտի հենվեին։ Սա պարալիզացում էր թե՛ քո ներքին համակարգի, թե՛ միջազգային գործընկերների աշխատանքի։

  • 2019թ. քեզ տրված փաստաթուղթը Ղարաբաղի ինքնորոշման, տղա՛ ջան, ի՞նչ ես արել։ 
  • Այո, Փաշինյանի հրապարակած նույնիսկ այս թերի, կիսատ փաթեթն ապացուցում է, որ հենց ինքն է բերել պատերազմը: Ալիևը ագրեսոր է, նա է սկսել ագրեսիան, Արցախը էթնիկ զտման ենթարկողը նա է, բայց Փաշինյանն է բանակցությունները մի կողմ նետել, սկսել իր զրոյական կետից, իրարամերժ հայտարարություններով, ձախողված քաղաքականությամբ բերել այս վիճակին:
  • Մինչև ուկրաինական ճգնաժամը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն աշխատել է շատ կառուցողական համագործակցային տրամաբանության ներքո։ Եթե Ռուսաստանն ինչ-որ բան առաջարկում էր, ուրեմն դա համաձայնեցված էր համանախագահության մյուս երկու կողմերի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ու այդ առաջարկներն արվում էին նաև նրա՛նց անունից։
  • Կազանյան փաստաթուղթն ամբողջական և պաշտոնապես հրապարակվեց առաջին անգամ, ինչպես 2019-ի առաջարկն ու նախագահի նամակը՝ ՌԴ նախագահին։
  • Կազանյան փաստաթուղթը լավագույն ապացույցն է նրա, թե ինչ կառուցողական ու Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծելու պատրաստակամություն է ունեցել Հայաստանի իշխանությունը։ Այդ փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազան էր մեկնել՝ փաստաթուղթը ստորագրելու հստակ պատրաստակամությամբ, փոխզիջումներով իրական խաղաղության գնալու համար՝ պահպանելով մեր բոլոր կարմիր գծերը։
  • Փաշինյանի հրապարակած այս փաստաթղթերն իրական բանակցային փաստաթղթերի 2%-ն էլ չի, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը տասնամյակներով աշխատել է խնդրի կարգավորման վրա։ Ինքն ի՞նչ է հրապարակել՝ ընդամենը մոտ 100 էջ, որից առնվազն 60-70-ը վաղուց հրապարակված են, մի քանիսը չպիտի էլ հրապարակվեին, որոշներն էլ ընդհանրապես փաստաթուղթ չեն։ Պրոցեսներն այսքան ջրիկացնել, անլրջացնել չի՛ կարելի։ Բայց անգամ փաստաթղթերի այս ծավալը ցույց է տալիս իրենց արած ավերի չափը։ Քո սեփական հանրությանն այսպես դնես լիակատար անգրագետի տեղ՝ լավ իմանալով, որ ժողովրդի մեծ մասը չի բացելու դրանք, չի կարդալու, ու դու ոնց ուզես, մանիպուլացնելու ես մարդկանց կարծիքը։ Սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ։

  • Փաշինյանին չի վստահում ոչ ոք, ոչ մի միջազգային դերակատար, անգամ իր պատկերացրած ամենալավ գործընկերները։ Սա նշանակում է՝ դու սուբյեկտայնություն չունես։ Առավոտից իրիկուն «սուբյեկտայնություն» ճչալու ներքո մենք գտնվում ենք լիակատար ոչ սուբյեկտայնության մեջ։ Չավարտվող պարտության անիվը շարունակում է ընթանալ։
  • Հայաստանում իշխանափոխությունից հետո առաջին խնդիրն ինվենտարիզացիա անելն է՝ հասկանալու համար, թե ում ինչ է խոսք տվել ու դա ներկայացրել՝ որպես Հայաստանի պարտավորություն։
  • Հայաստանի համար կործանարար է աշխարհաքաղաքական ուժերի բախման վրա խաղալը։ Բայց Հայաստանը շարունակում է գնալ այդ ճանապարհով։ Սուվերենությունը դրոշակ սարքածը սուվերենություն է պահում, ոչ թե մեկի կախվածությունը փոխարինում է մի քանիսից կախվածությամբ։ 

Պրոյեկցիան շատ հստակ  և ուղիղ գնում է դեպի Թուրքիա․ մեզ ոչ ոք Եվրոպայում չի սպասում։

Տեսանյութեր

Լրահոս