Եվ որքան Կաթողիկոսին հաջողվում է չտրվել այդ ֆունկցիոնալ դեֆորմացիայի «գայթակղութանը», այնքան նրա դիրքերը ամուր են թե՛ եկեղեցու ներսում, թե՛ հանրային տիրույթում. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Օդանավակայանում Գարեգին Երկրորդի խոսքը կարծես թե վերհաստատում է այն, որ նա մտադիր չէ եկեղեցու դեմ ծավալված արշավի հարցում դիմադրունակությունն ու դիմակայունությունը կառուցել եկեղեցու «ֆունկցիան» փոխելու եւ քաղաքական ուժի «ֆունկցիայով» օժտելու ճանապարհով:
Եվ այդպիսի փոփոխություն թույլ չտալն է ծավալված արշավի դեմ նրա ու եկեղեցու ուժը:
Ես անցնող ամիսներին ինքս բազմիցս խոսել եմ այդ մասին, որ հենց այստեղ է առանցքայինը, հիմնարարը, խորքայինը՝ թույլ չտալ, որ եկեղեցին վերածվի «ներքաղաքականության» սուբյեկտի: Հենց դրան է, որ իրավիճակը հետեւողականորեն փորձում է տանել վարչապետ Փաշինյանը:
Եվ որքան Գարեգին Երկրորդին հաջողվում է չտրվել այդ ֆունկցիոնալ դեֆորմացիայի «գայթակղութանը», այնքան նրա դիրքերը ամուր են թե եկեղեցու ներսում, թե հանրային տիրույթում: Եվ այստեղ իհարկե հարցը բոլորովին անձնապես Գարեգին Երկրորդի դիրքերի մասին չէ, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ու նրա գահակալությամբ Հայ Առաքելական եկեղեցու կենսագործունեության կարգի:
Արշավն այդ կարգի դեմ է, թեեւ իհարկե փորձ է արվում հմտորեն քողարկել եւ ներկայացնել, որ այն հենց Գարեգին Երկրորդի դեմ է:
Այս շեշտադրումով Նիկոլ Փաշինյանը ակնկալում է իհարկե հնարավորինս տարանջատել Կաթողիկոսին եւ եպիսկոպոսաց դասին: Եվ սա բոլորովին թերագնահատելի հանգամանք չէ: Գարեգին Երկրորդը հենց այստեղ է, որ չի թերագնահատում մարտահրավերն ու հանդարտ աշխատում է այդ ուղղությամբ, բացատրելով թերեւս եպիսկոպոսաց դասին, որ իր անձի պաշտպանության հարցով չէ, որ զբաղված է, եւ՝ չօտարվելով իրենից, եպիսկոպոսաց դասը անձնապես իր դիրքերը չէ, որ պահելուն են, այլ ՀԱԵ կառուցվածքի ու կարգի:
Սա պետք է բացատրել համակարգում: Գարեգին Երկրորդը ամենից լավ գիտե կառույցը ներսից, դրանում ձեւավորված հարաբերությունների շերտերը, փոխզիջումներն ու բաժանարար գծերը: Այդ ամենը պահանջում է նրանից «ոսկերչական» աշխատանք, որը նա կարծես թե փորձում է կատարել, ի պատասխան իր խնդիրները լուծելու Փաշինյանի՝ ոչ պակաս հետեւողական աշխատանքի»:
