Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման իշխանական հիմնավորումները ողջամիտ չեն. ընդդիմադիր խմբակցությունները «կողմ» չեն քվեարկել
Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 7-ից պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողները 24-ամսվա փոխարեն՝ կծառայեն 18 ամիս:
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
«Պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու այս նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակն օր առաջ դարձնել ավելի պրոֆեսիոնալ, և սրա հիմքում ընկած է մեր համալրման արդյունավետությունը: Նախկինում ես առիթ եմ ունեցել ներկայացնել թվեր, այսօր այլևս թվերի մասին չեմ խոսի»,- դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա հայտարարել է, որ ձմեռային զորակոչից 6 ամսով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է պայմանագրայինների թվաքանակի աճի հաշվին, և, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների և դրանից դուրս պայմանագրայինների թիվը թույլ է տալիս գնալ նման որոշման, այսինքն, բանակի թվաքանակի կրճատում չենք ունենում:
«Տեղի է ունենալու հետևյալը. 1,5 տարի հետո 2 զորակոչ զորացրվելու է: Եվ իրականության հետ կապ չունի այն, որ բանակը կրճատվում է: Եվս 1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի: Պատկերացրի՞ք: 1.5 տարի հետո զորացրվելու է երկու զորակոչի այն հատվածը, որը պայմանագիր չի կնքել: Դրանից ևս 1.5 տարի հետո բոլոր 4 զորակոչերը կրկին գտնվելու են բանակում՝ պարզապես 1.5 տարի ծառայելով: Որ խրոխտ ասում եք՝ բանակը կրճատում են, ախր թվաբանություն է էդ անտերը, բարդ չի»,- մանրամասնել է Պապիկյանը:
Բայց նույն քննարկման ժամանակ պաշտպանության նախարարը միաժամանակ հայտնել է, որ՝ «եթե 2025 թվականին վարժական հավաքներին մասնակցել է 16.000 պահեստազորային, ապա 2026 թվականին նախատեսել են, որ վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների թիվը միջինում լինի 20.000»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ զինծառայության ժամկետի կրճատումը, ամեն դեպքում, հանգեցնելու է 4-6 հազար ժամկետայինների թվի կրճատման, ինչի մասին նշում են մասնագետները, և ինչը փորձում է թաքցնել իշխանությունը:
Իսկ այն, որ 1.5 տարի հետո ինչ-ինչ խնդիրներ կհարթվեն, չպետք է մոռանանք սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին, որի արդյունքում զինված ուժերը ևս որոշակի քանակի դիրքերից դուրս են գալու, ձևավորվելու է սահման, որի պաշտպանությունն իրականացնելու են սահմանապահները:
Այս և այլ հանգամանքներ հաշվի առնելով է խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկել օրեր առաջ առաջին ընթերցման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին կամ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման իշխանությունների որոշմանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ ձեռնպահ:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկել, քանի որ բավարար չեն համարել իշխանության հիմնավորումները:

«ՀՀ զինված ուժերը հետպատերազմական ժամանակահատվածում դեռ չեն վերականգնվել, համալրման բազմաթիվ խնդիրներ կան, իսկ Պաշտպանության նախարարության հայտարարած ծրագրերը կամ խնդիր չեն լուծում, կամ համարժեք արդյունք չեն ապահովում: Այսպիսի իրավիճակում գնալ պարտադիր ժամկետային ծառայության կրճատման՝ նշանակում է առավել խորացնել առկա խնդիրները: Ես հասկանում եմ, որ զգայական առումով դա սկզբնական փուլում հասարակության մի հատվածում ոգևորություն է առաջացնում, բայց իմ նպատակը հնարավորինս ընկալելի և փաստական բացատրելն է, որ իշխանությունը ստում է, իշխանության համար այս քայլը զուտ քվեի արժեք ունի, իսկ անվտանգության և պաշտպանական հարցերը ստորադասվում են քաղաքականին»,- հիմնավորեց պատգամավորը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկել:

«Որովհետև կառավարության նախաձեռնությունն իր տակ ողջամիտ հիմնավորումներ չունի: Միաժամանակ՝ որևէ մեկը դեմ չէ պարտադիր զինծառայությունը կրճատելու գաղափարին»,- շեշտեց նա:
Դեռ սեպտեմբերին, երբ շրջանառության մեջ էր դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով այդ ժամանակ առաջարկվում էր 2026 թվականի ամառային զորակոչից կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը, նկատել ենք, որ խնդիրը պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը չէ, եթե ունենանք ժամանակակից սպառազինություն և տեխնիկա յուրացրած, զորավարժությունների միջոցով թրծված, բարոյահոգեբանական ամուր վիճակում գտնվող և համապատասխան ծրագրեր անցած նոր զորային կառույց, որը Գլխավոր շտաբն ի վիճակի է կառավարել այսօրվա աշխարհաքաղաքական լուծումների պայմաններում: Այսինքն, եթե իրապես նպատակ կա հզոր պրոֆեսիոնալ բանակ ունենալու:
Խնդիրն այստեղ նաև այն է, որ հանրության մեծ մասը չի ընկալում անվտանգային ռիսկերը, և 2026 թվականի հունվարից պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը ծնողների մեծ մասը համարում է անարդար որոշում, որովհետև այն չի տարածվում, օրինակ, 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինծառայության անցածների վրա:
