Համազգային օրգիաներ՝ Ամանորին ընդառաջ․ Զեղչում ենք բոլորս
Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գրոհը մտել է վերջնական փուլ։ Այլևս ամեն ինչ արվում է առանց ձևականությունների։
ՀԱԵ-ի դեմ կեղտոտ արշավին մասնակցող բարձրաստիճան հոգևորականները հավաքագրվում են, չենթարկվողները՝ ձերբակալվում։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ, այլ նրան ծառայող Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) անձնուրաց աշխատակիցների միջոցով։
Այս ամենն իրականացվում է «հոգևորության», «հավատի» և այլ բարձրագոչ կարգախոսների ներքո։ Բայց կարգախոսների էսթետիզմն անկարող է սքողել գործընթացի նողկալիությունը։ Իրականում տեղի ունեցողն այլասերում է՝ հոգևոր մակդիրներով։ Այսինքն՝ հոգևոր այլասերում՝ ըստ էության։
Բայց հոգևոր այլասերման համար, այդուհանդերձ, հոգու առկայությունը պարտադիր է։ Այս գործընթացի պատվիրատուների ու իրականացնողների պարագային, սակայն, բազմապատիկ են հոգու բացակայությունը փաստող ապացույցները։ Հետևաբար՝ կատարվողը հոգևոր այլասերում է այնքանով, որքանով վերաբերելի է հոգևոր կառույցին, բայց տոտալ այլասերում է՝ իրականացնողների իմաստով։ Տեսարանը, սակայն, չի սահմանափակվում միայն բարոյական գռեհկությամբ։ Դրա վտանգավորությունը հասնում է ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի։
Որովհետև եթե այլասերման պատվերն իրականացնողն ԱԱԾ-ն է, որն ի պաշտոնե կոչված է ձևակերպելու ու պաշտպանելու ազգային անվտանգությունը, ստացվում է, որ այլասերումը տարածվում է ազգային անվտանգության վրա ընդհանրապես։
Պատվիրատուի տեսանկյունից սա շահավետ է ոչ միայն՝ ընթացիկ քաղաքական նպատակների տեսանկյունից, այլ ավելի լայն՝ գոյաբանական իմաստով․ այլասերված մեկը ցանկանում է այլասերել իր տիրապետության տակ հայտնված ողջ համակարգը, որի ամենաարագ ու արդյունավետ միջոցն ազգային անվտանգությունը պաշտպանողների այլասերումն է, որին մինչ այս պահն անձնուրաց սպայակույտը տրվում է մեծ հաճույքով։
Եկեղեցու դեմ կատարվող այս եղկելի գործընթացը պարունակում է նաև զուգահեռություններ ու խորհրդանշականություն։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ու եկեղեցականների հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն ու Իլհամ Ալիևն են վարվել անձամբ իր հետ։ Նա եկեղեցականներից փորձում է ստանալ այն, ինչ տվել է Ալիևին։ Քահանաներից պահանջվում է զեղչել Կաթողիկոսի անունը մեկի կողմից, ով Հայաստանի պաշտոնական բառապաշարից զեղչել է Արցախ արտահայտությունը։
Պատարագների բովանդակությունը պահանջվում է խմբագրել մեկի կողմից, ով խմբագրի ոչ այնքան լուսավոր անցյալն ու փորձը տեղայնացրել է, մասնավորապես, Հայաստանի քարտեզն ու հայկական կենսատարածությունը խմբագրելու գործի վրա։ Եվ կրկին, այս ամենը տեխնիկապես արվում է ԱԱԾ-ի միջոցով, այն կառույցի միջոցով, որի սահմանադրական, իրավական, կանոնակարգային պարտականությունն էր ու պետք է լիներ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հասկացությունների զեղչման դեմ պայքարը։ Ինչպես և պայքարը հայկական հողերի, ավելի լայն իմաստով՝ հայկականության խմբագրման դեմ։
Սուբլիմացիան՝ փոխադրումը, հատկապես զզվելի է նվաստացման դեպքում։ Ադրբեջանական հանրությունը դրսից պայթեցնելու սպառնալիքով հանդես եկած մեկը, ահա, դրանից հետո բոլոր հնարավոր դիրքերով ադրբեջանցիների կողմից ենթարկվելով նվաստացման, ստորացումը փոխադրել է հայկական իրականություն ու դա անում է այնպես ու այնքան, որն ի վերջո հանգեցնելու է հայկական հանրության պայթյունին։ Արդեն ներսից։
Այդպես է լինում, երբ պայթյունի առարկա դարձած հասարակությունը հանդուրժում է, որ լավագույն դեպքում զղջման ու մեղքերը քավելու հնարավորություն ունեցող մեկը դառնում է զեղչում պարտադրող ու մեղսագործությունը որպես մեղսազերծում վաճառող։
Հարություն Ավետիսյան
