Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջով նոր Սահմանադրություն գրելու որոշում է ստորագրել ու 2 տարի ժամանակ տվել

Այս տարվա մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգ մշակելու մասին:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 111-Ա որոշման՝ 1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Խորհրդին՝
1) մինչև 2026 թվականի հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված նոր Սահմանադրության հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված նոր Սահմանադրության նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ».
3) N 2 հավելվածի՝ ա. ամբողջ տեքստում «Սահմանադրության փոփոխությունների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նոր Սահմանադրության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը՝ «նոր Սահմանադրության հայեցակարգ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 37-րդ կետի 3-րդ ենթակետում «սահմանադրական բարեփոխումների նախագծի» բառերը փոխարինել «նոր Սահմանադրության հայեցակարգի նախագծի» բառերով»,-գրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

Կարդացեք նաև

Փաստացի մինչ 2022թ. ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ու խորհուրդը «ճգնում են» Սահմանադրությունը «բարեփոխելու» ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրություն գրելու որոշում է կայացնում՝ դրանով իսկ փաստացի տուրք տալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պարտադրանքին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 6-ին թշնամի պետության ղեկավարը խոսելով, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» մասին, հայտարարել էր՝ դրա կնքումն անհնարին է առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության:Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան, ու այն պետք է փոխվի:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը առաջին անգամ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին հայտարարել էր 2021թ. ապրիլի 10-13-ը Բաքվում տեղի ունեցած “New vision for South Caucasus: Post-conflict development and cooperation” միջազգային կոնֆերանսի ժամանակ՝ հայտարարելով.

«Ի՞նչ պետք է առաջին հերթին անի Հայաստանը. պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, նոր սահմանադրություն գրի: Նրանց անհրաժեշտ է նոր սահմանադրություն ընդունել: …Կարծում եմ՝ նրանց լավ խորհուրդ տալ՝ թող իրենց Սահմանադրությունից բացառեն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները: Ես չգիտեմ՝ ո՞ր երկրի սահմանադրության մեջ կան այլ երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ: Համարում եմ, որ սա բացառիկ դեպք է, և յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ պատմության ընթացքում շատ պատերազմներ են եղել, և Ցեղասպանության հետ կապված նրանց կեղծ պատմությունն իրականության հետ որևէ կապ չունի»,-ասել է Ալիևը:

Հերթական անգամ այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, Բաքվում խոսել են ընդամենը երեկ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական, ամուր խաղաղության համաձայնագիր կնքելու գլխավոր պայմանը պետք է լինի Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային նկրտումները, որոնք ամրագրված են Հայաստանի մի շարք իրավական ու քաղաքական փաստաթղթերում, և առաջին հերթին՝ Սահմանադրության մեջ, որը բացահայտ հղում է կատարում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման» կոչ անող Հայաստանի Անկախության հռչակագրին»,-երեկ ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Այհան Հաջիզադեն:

Մինչդեռ հունիսի 4-ին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը երկարատև խաղաղության հաստատման համար մեկը մյուսի սահմանադրության մեջ էական խոչընդոտներ են տեսնում։

«Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, ՀՀ սահմանադրական փոփոխության հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս։ Այդպիսի բան չկա։ Խնդիրները մենք էլ ենք ասում, իրենք էլ։ Մենք համոզմունք ունենք, որ և՛ մեր, և՛ իրենց սահմանադրությունը մեծ հաշվով չի կարող իրավական առումով խնդիր լինել»,- նշել էր Միրզոյանը։

Սահմանադրական բարեփոխումների գործող խորհրդի անդամ Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում ասել է՝ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, և ինչ պիտի անի հանձնաժողովը, որովհետև ինքը նոր՝ որոշումն ընդունելուց մոտ մեկ ամիս անց է իմանում նոր Սահմանադրություն գրելու որոշման մասին: Ի դեպ, վերջինս դեմ է Անկախության հռչակագիրը հանելուն ու դրան հղում չանելուն:

Փաստացի Նիկոլ Փաշինյանը հրահանգել է նոր Սահմանադրություն գրել ու նոր Սահմանադրության նախագիծ ներկայացնելու համար տվել է 2 տարի ժամանակ, ինչից ևս կես տարի անց այն արդեն պետք է հաստատված լինի:

Տեսանյութեր

Լրահոս