Ալիևը Փաշազադեին նշանակել է Հայաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ. Փաշինյանը խոստովանել է՝ նախկին «ԿԳԲ»-ն ճնշում է. Ջոն Այբները՝ Եկեղեցու հալածանքների մասին
«Հայ Առաքելական Եկեղեցու գլուխը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, «սպառնալիք է ազգային անվտանգությանը», այս մասին հայտարարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սաստկացնելով ազգային Եկեղեցու նկատմամբ խորհրդային ոճի հալածանքները։ Նրա այս որակումը փաստացի Գարեգին 2-րդ Կաթողիկոսին դուրս է դնում օրենքի պաշտպանությունից»,- այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում գրել է «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, հայտնի իրավապաշտպան Ջոն Այբները՝ «Հայ Առաքելական Եկեղեցու հետապնդումները. ամեն ինչ՝ հանուն խաղաղության և բարգավաճման» վերտառությամբ իր գրառման մեջ հղում անելով Նիկոլ Փաշինյանի այն խոստովանությանը, որ ինքն է հանձնարարել Ազգային անվտանգության ծառայությանը գրաքննել հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագները։
«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները, իր այդ գրառման մեջ հիշեցնելով, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ ԱԱԾ-ն, սովետական ռեպրեսիվ կառույցի՝ Պետական անվտանգության կոմիտեի կամ, ինչպես այն առավել հաճախ են անվանում՝ «ԿԳԲ»-ի (ռուսերեն՝ «Комитет государственной безопасности» – КГБ) ուղիղ իրավահաջորդն է, նշում է, որ ԱԱԾ-ի հակաեկեղեցական ցանցն անընդհատ ընդլայնվում է, և այժմ էլ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
«Փաշինյանը նաև խոստովանել է, որ ԱԱԾ-ն ճնշում է գործադրում հոգևորականների նկատմամբ, որպեսզի նրանք սուրբ պատարագ մատուցելիս չհիշատակեն Կաթողիկոսի անունը՝ ինչպես սահմանված է սուրբ կանոնիկ օրենքով»,– նշել է Ջոն Այբները՝ նկատելով, որ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումների և հարկադրանքի այս վերջին միջոցառումների գործադրումը համընկան Եվրամիության կողմից Փաշինյանի կառավարությանը, ինչպես իրենք են հայտարարել, «ընդհանուր արժեքների» հիման վրա 15 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հայտարարության հետ՝ 2026 թվականին Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա ազդելու նպատակով։
«Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի ջանքերը ներդաշնակ են Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջներին՝ հեռացնելու Հայաստանի հանրային կյանքից այն ուժերին, որոնց նրանք անվանում են «ֆաշիստական» և «ռևանշիստական»։ «Ֆաշիզմը»,- սա Ալիևի կողմից տրված կոդավորված անունն է հայ քրիստոնյա ազգային պետության, – «պետք է արմատախիլ արվի»,- հայտարարում էր Ալիևը՝ «Կամ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կամ մենք»: Հիմա Փաշինյանն է դա անում»,– նշել է Ջոն Այբները։
Իրավապաշտպանը նաև շեշտում է այս համատեքստում՝ Հայ Առաքելական Եկեղեցին հայ ազգի քրիստոնեական ինքնության ամենաուժեղ «բաստիոնն» է՝ ամրոցը, և որպես այդպիսին՝ Եկեղեցու ղեկավարությունը պաշտպանում է Արցախում էթնո-կրոնական զտումների ենթարկված հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը, Բաքվում գտնվող 23 հայ քրիստոնյա պատանդների ազատ արձակումը և Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Թուրք-ադրբեջանական համատիրության փոխանորդները պարբերաբար մեղադրում են Հայ Առաքելական Եկեղեցուն Կովկասում խաղաղությանը խոչընդոտելու մեջ: Նրանց թվում է Ադրբեջանի շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որին Ալիևը նշանակել է Հայաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ:
Ալիևը պարբերաբար պնդում է, որ Հայաստանն իրականում «Արևմտյան Ադրբեջան» է, և խոստանում է այն ընդգրկել «Մեծ Ադրբեջանի» կազմում: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Հայաստանին վճռականորեն հաղթելուց հետո Ալիևը հայտարարել է՝ «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր՝ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»»,- գրել է Ջոն Այբները՝ հավելելով, որ Էրդողանն ու Ալիևը սպառնում են պատերազմով, եթե Փաշինյանին չհաջողվի ջախջախել հայկական քրիստոնեական պետականության ինստիտուցիոնալ հիմնասյուները և այն քաղաքականապես ու տնտեսապես ինտեգրել թյուրքական մուսուլմանական աշխարհին:
Ջոն Այբները նաև խստորեն դատապարտել է արևմտյան պետությունների լուռ համաձայնությունը Եկեղեցու հալածանքներին։
«Արևմտյան կառավարությունների շարունակական լռությունը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի կողմից ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների, վկայում է նրանց համաձայնության, հնարավոր է՝ նույնիսկ ակտիվ կուլիսային աջակցության մասին: Նրանք ենթադրում են, որ Փաշինյանի հնազանդումը Հայաստանի ավելի հզոր թյուրքական-մուսուլմանական հարևաններին կարագացնի Զանգեզուրի միջանցքի բացումը, որը Վաշինգտոնում անվանվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP): Խոստացված արդյունքը խաղաղությունն ու բարգավաճումն է՝ շնորհիվ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև անխոչընդոտ կապի»,– նշել է իրավապաշտպանը։
Նա նաև հավելել է, որ կրոնական ազատության պաշտպանության արևմտյան միջազգային կազմակերպությունների մեծամասնության շարունակական լռությունը վկայում է երբեմնի կենսունակ մարդու իրավունքների շարժման քաղաքական անկախության և հեղինակության անկման մասին։
Հիշեցնենք, որ Ջոն Այբները «168 Ժամ»-ի հետ հարցազրույցում նշել էր, որ Հայաստանն այսօր կանգնած է «ադրբեջանա-թրքացման վտանգի» առաջ, և կոչ էր արել հույս չդնել միջազգային երաշխիքների վրա ու ցույց տալ հավաքական կամք՝ կանխելու Հայաստանի ադրբեջանա-թրքացումը։ Ծավալուն հարցազրույցի ընթացքում Ջոն Այբները խոսել էր Արցախի հայության բռնի տեղահանության և էթնո-կրոնական զտումների, Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հալածանքների և Հայ Եկեղեցու դեմ Փաշինյանի կազմակերպած արշավի մասին՝ արձանագրելով, որ սկզբունքային հակասություն կա Փաշինյանի իշխանության և Եկեղեցու միջև՝ կապված Արցախի հարցի հետ, քանի որ Փաշինյանն ասում է, որ հարցը փակված է, մինչդեռ Կաթողիկոսն ասում է՝ Եկեղեցու համար Արցախի հարցը փակված չէ։
