ԻՆՉԻ՞Ց ԵՔ ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՑԱԾ. ՀԱՅՐ ՊՈՂՈՍՆ ԱՍԱՑ՝ Ո՛Չ, ԿՃՈՅԱՆԸ՝ ԱՅՈ՛, ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳՆԱՑ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ. ՎՐԹԱՆԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂԱԼՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ինձ համար տրտմություն, ցավ է, որ Եկեղեցում կարող են լինել մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կարող են ծառայելով եկեղեցուն, ինչո՞ւ չէ, նաև կեցություն հոգալով՝ դրժել իրենց ուխտին։
- Իրենք ուզում էին, որ Վեհափառն իրենց ասածն անի՞: Վեհափառն իրենց բոլորին լսել է, բայց երբեք իրենց ասածով չի արել։ Միշտ չէ, որ Վեհափառ Հայրապետը պետք է որոշում կայացնի եպիսկոպոսների ուզածով։ Վեհափառը երկայնամիտ է։ Եթե ես լինեի Վեհափառը, հենց գիշերը նրանց կարգալույծ կանեի, հաջորդ կիրակի էլ եպիսկոպոսներ կօծեի։ Պատկերացրեք՝ Վեհափառը տուրք տար որոշ այդ եպիսկոպոսներին ու հեռացներ Արշակ սրբազանին, հետո պարզվեր՝ տեսանյութերը կեղծ են, զրպարտություն են (իսկ այդ տեսանյութերն իսկապես կեղծ են), ու ինքը հարաբերություններ փչացներ Արշակ սրբազանի հետ…
- Հակաեկեղեցական շարժմանը քիչ քանակով միացած բարձրաստիճան հոգևորականների այդ քայլից հետո Վեհափառ Հայրապետի հեղինակությունը բարձրացավ։ Ժողովուրդն այդ անձանցից դժգոհ էր, Վեհափառը նրանց պաշտպանելու համար բազմիցս է թիրախավորվել։ Իրենք դրանով եկեղեցու վարկանիշը չգցեցին, հակառակը, եկեղեցին մաքրվում է։ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ ակնարկներ էր անում, իրենք էլ գիտեին, որ դա իրենց է ուղղված։

- Իրենք առանց շղթաների գերիներ են, ազատ կամարտահայտություն չունեն։ Այս իրավիճակով Վեհափառը կարող է տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Արցախահայերն, օրինակ, հիմա նոր առաջնորդ են ուզում, չեն ուզում, որ նախկին առաջնորդը լինի։
- Արարատյան թեմը Հայրապետական թեմ է, ինչը նշանակում է, որ թեմի առաջնորդը հենց ինքը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն է: Թեմը կառավարվել է փոխանորդի միջոցով, և եթե նա չի արդարացնում իրեն, պետք է փոխվի։ Եպիսկոպոսաց ժողովը կորոշի այդ հարցերը։ Վեհափառին մի մասը դրա արդյունքում կքննադատի, թե ինչու ներեց այս կամ այն հոգևորականին, բայց Վեհափառը բարի է, նա իրավասու է ներողամիտ լինել։
- Ես կուզեի, որ Եպիսկոպոսաց ժողովին պարտադիր մասնակցեն կալանավորված սրբազանները՝ Բագրատ և Միքայել, Մկրտիչ արքեպիսկոպոսները։ Պետությունը պետք է ապահովի նրանց ներկայությունը:
- Անկախ կոմպրոմատներից, շանտաժից, ահաբեկումից՝ ես իրենց մի դեպքում կարդարացնեի, եթե իրենք Վեհափառից գաղտնի հավաքվեին, գնային, հանդիպեին, իրենց կալանավոր եղբայրներին ազատեին, գային, ասեին՝ անակնկալ ենք արել: Բայց… իրենք այդ հարցով չէին գնացել։
- Ինձ համար պետությունը եկեղեցու նման սուրբ կառույց է․ երբեք պետությունը եկեղեցուն չենք հակադրել։
- Քննչականն ու ԱԱԾ-ն, որ իր կամակատարներին առավոտ ծեգին ուղարկել էին մեր և այլ քահանաների տուն, իրենք էլ լավ չեն աշխատում։ Տասնյակ կետերով իմ իրավունքները խախտել են։ Տուն են մտել, չթողեցին անգամ գիշերազգեստս փոխեմ, նորմալ հագուստ հագնեմ, երբ ընդամենը վկայի կարգավիճակ ունեի։ Փոքրիկ աղջիկս վախեցած էր, մեծ տղաս բարկացավ, երբ իմ ու կնոջս խոսակցության մեջ քննիչը մտավ բավականին կոպիտ ձևով։ Տղայիս հազիվ զսպեցի, որ կոնֆլիկտի մեջ չմտնի։ Տանը զենք-զինամթերք էին փնտրում՝ իմանալով, որ ես 44-օրյա պատերազմի մասնակից եմ։ 5 տարի անցել է՝ զինգրքույկս զինկոմիսարիատում է, դեռ պատերազմի մասնակցի կնիքն անգամ դիտավորյալ չեն ավելացրել, բայց գիտեին, որ պատերազմի ժամանակ նռնակները ես եմ բաժանել…

- Պարոն Փաշինյանին կխնդրեի՝ գնա, ստուգի Էրեբունու քննչականի սանհանգույցի վիճակը։ Սարսափելի վիճակ էր։
- Իրականում Արշակ սրբազանի տեսանյութը սարքած է, ակնհայտ կեղծ է։ Քննչականում ինձ հարցաքննել են, ես գիտեմ՝ ինչ մոտեցում է, երբ քիչ էր մնում՝ ասեին՝ Մկրտիչ սրբազանիդ մասին մի բան ասա, գլխին սարքենք…
- Եթե Գևորգ սրբազանի վերաբերյալ ձայնագրությունները սարքած են, ապա ի՞նչն է իրեն վախեցնում, ի՞նչն է ստիպել դեմ դուրս գալ Եկեղեցուն։ Առանց լուրջ կոմպրոմատների՝ որևէ մեկը չի կարող միանալ հակաեկեղեցական շարժմանը։ Եթե կոմպրոմատներ էլ չէ, ապա խոստումներ են տրվել նրանց։
- Ոչ մեկս անմեղ չենք։ Զարմանում ես ոմանց չարության, նախանձի, ատելության, ինչպես նաև սիրո պակասի համար։ 4 տարվա մեջ իմ թեմի առաջնորդը՝ Մկրտիչ սրբազանը, 40 անգամ օգնություն է ինձ առաջարկել, մերժել եմ, ասել եմ՝ ինքս կանեմ։ Այդպես բոլորին է օգնել։ Նույնը՝ Միքայել սրբազանը․ չկար իր թեմում մի քահանա, ում ընտանեկան, սոցիալական վիճակից նա տեղյակ չլիներ։ Բագրատ սրբազանը սահմանային բնակավայրերում ապրող քահանաներին մշտապես խրախուսել է, օգնել է։
- Աբրահամ սրբազանը գիշերները չի քնում… Կտխրենք, որ չքնի։
- Եկեղեցուն իսկապես ծառայող մարդու ճակատին ատրճանակ դնես, ասես՝ Փաշազադեի ասածով շարժվի, Մայր եկեղեցուդ դեմ դուրս արի, Վեհափառիդ ուրացիր, մեկ է, չի անի։
- Բացի Աստծուց, ես մեկ էլ երեցկնոջիցս եմ վախենում։ Երեցկնոջս ասել եմ՝ ֆոտոշոփ կա, վիդեոների կեղծում, աչքովդ էլ տեսնես, չհավատաս, տեսողական պատրանք ա… Պատրաստ ենք ցանկացած կոմպրոմատի, ոչ մի բանից չենք վախենում։ Վստահ ենք՝ Վեհափառ Հայրապետը երբեք հրաժարական չի տա։ Մինչև վերջ մեր համայնքներով, ընկերներով կմնանք նրա կողքին։ Աստված մի արասցե, եթե Վեհափառը կալանավորվի կամ նահատակվի, երբեք դրածոյի չենք ենթարկվելու։

- 2007թ․ պետություն-եկեղեցի համաձայնագիրը կա, եկեղեցին անկախ է, և ոչ մի պետական անձ իրավասու չէ միջամտել եկեղեցու գործերին։
- Սուրբ Սարգիս եկեղեցում Վեհափառի անունը ժողովուրդը տվեց։ Դա ավելի կարևոր էր։
- Ստեփան Ասատրյանն ավելի շատ մարդ հավաքեց, քան 8 եպիսկոպոսները կարողացան հավաքել Սուրբ Սարգիս եկեղեցում։ Իրական հավատացյալներն ավելի շատ էին։
- Զարմանում եմ, որ կույր աչքը չի տեսնում Գարեգին 2-րդ Վեհափառ Հայրապետի 26 տարվա վաստակը։
- Մենք, իհարկե, ճանաչում էինք Հովհաննավանք գնացած թափառախմբին, բայց միևնույն է, ավելի շատ էին, քան Սուրբ Սարգիս եկեղեցում։
- Առաքել սրբազանը Վազգենյան դպրանոցի տեսուչն է եղել, երբ ես ուսանող եմ եղել, նա ինձ դասավանդել է։ Նա շատ գրագետ է ու կանոնական առումով՝ ավելի հասուն։ Նա գիտակցել է, որ եթե Վեհափառ Հայրապետի անունը զեղչվի պատարագի ժամանակ, այդ պատարագը պետք է եղծվի, ու թույլ չի տվել, որ դա տեղի ունենա։
- Ով որ պատարագի ժամանակ Վեհափառ Հայրապետի անունը չի տալիս, դառնում է հերձվածող, իսկ պատարագը՝ անվավեր։
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Հայր Պողոսն ասել է՝ եթե Վազգեն սրբազանն ուզում է Նիկոլ Փաշինյանի համար պատարագ անել, ես դեմ չեմ, բայց Վեհափառ Հայրապետի անունը զեղչել չի կարող։ Այդպես չեղարկվեց Գրիգոր Լուսավորիչ գնալը։

Հիշեցնենք, մի քանի օր առաջ հայտարարվել էր, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հրավերով պատարագ կմատուցի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Այնուհետև այն չեղարկվեց և կեղծ պատարագն արեցին Սուրբ Սարգիս եկեղեցում, այսինքն՝ «Բենթլի Սամո» մականունով Նավասարդ Կճոյանը համաձայնել էր՝ պատարագ կազմակերպել՝ զեղչելով Վեհափառի անունը:
Հավելենք, որ և Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, և Անուշավան արքեպիսկոպոս Ժամկոչյանը, և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նոյեմբերի 27-ին ներկա են եղել Փաշինյանի հետ եպիսկոպոսների հանդիպմանը։
- Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը ոստիկանության վերահսկողության տակ է։ Իր վիճակը նախանձելի չէ։ Ես աղոթում եմ նաև իր համար, ծանր վիճակում է հայտնվել… Չգիտեմ՝ ինչ ունեն իր դեմ, բայց ինքն անազատ վիճակում է։ Մինչև այդ պատարագներն անգամ ինքն ազատ չէր… Մի անգամ արցունքն աչքերին ասաց՝ էլ չեմ կարող հետ գալ։ Հիմա իրեն պարտադրում են գնալ ինքնիրավչության։ Ստեփան Ասատրյանը շատ կուզեր փախչել, ազատվել, բայց ոչ մի հնարավորություն չունի։ Հայտնվել է ապօրինի գերության մեջ։ Ստեփան Ասատրյանն անգամ գյուղացիների կողմից հիմա աջակցություն չունի… Իսկ Օհանավանի բնակիչները զրկված են իրական քահանայի հետ հաղորդակցվելու իրավունքից։
- Մկրտիչ սրբազանը զսպաշապիկ էր մեզ համար․ եթե նա ազատության մեջ լիներ, թույլ չէր տա՝ գայի, այսպես խոսեի։
- Ցավում եմ, որ Անուշավան սրբազանն Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում պիտի վերականգնվի՝ Մայր Եկեղեցուն դավաճանելու արդյունքում։
- Ես կիսում եմ Միքայել սրբազանի այն խոսքը, երբ ասում է՝ Օծյալ կաթողիկոսի կենդանության օրոք կաթողիկոս դառնալ ցանկանալն անբարոյականություն է։ Եվ ամոթ այն մարդուն, ով գեներալ է ուզում դառնալ՝ եղբորը թիկունքից խփելով։
- Վեհափառ Հայրապետը ցմահ օծված քահանա է և կարող է միանձնյա որոշումներ կատարել, բայց դրանով հանդերձ՝ նա ու մեր եկեղեցին ավելի դեմոկրատ են, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
- Ստեփան Ասատրյանն ավելի շատ աջակիցներ ունի, քան այդ տիրադավերն ու Նիկոլ Փաշինյանը՝ միասին վերցրած։
- Նիկոլ Փաշինյանը ոտաբոբիկ, ժպիտը դեմքին, որբ երեխայի կեցվածքով թուրքական մզկիթում վազում էր իմամների հետ… Այս կեցվածքը, Էրդողանի գիրքը կրծքին սեղմած կեցվածքը համահունչ չեն այն կեցվածքին, թե ինչ դեմքով նա այստեղ մտնում է Եկեղեցի կամ ինչպես վարվում է հայ եկեղեցու ու եկեղեցականների հետ։
- Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում Հայ Առաքելական եկեղեցու Ամենայն Հայոց կաթողիկոս լինելը հեշտ բան չէ, շատ ծանր պարտականություն է, և թող Աստված օգնական լինի մեր Վեհափառ Հայրապետին։ Հուսամ՝ Արամ Վեհափառն այնքան խելամտություն կունենա, որ կմերժի կաթողիկոս դառնալու առաջարկը, եթե այդպիսին լինի։ Մեր ժողովրդին էլ կհորդորեմ այդ կուտը չուտեն, նայեն՝ ով է խայծը գցում։ Թող Աստված սեր ու համերաշխություն տա մեր ժողովրդին։

