Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ
Թուրքական մամուլը հայտնում է, որ Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը և Ռուսաստանի դեսպանության հավատարմատար Ալեքսեյ Իվանովը հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ սևծովյան միջազգային ջրերում առևտրային նավերի դեմ իրականացված հարձակումների կապակցությամբ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրների դիվանագետներին ներկայացվել է Թուրքիայի մտահոգությունը հիշյալ միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջյու Քեչելիի հիշեցմամբ՝ նոյեմբերի 29-ին «KAIROS» և «VIRAT» նավերի վրա կատարված հարձակումները տեղի են ունեցել Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ ստեղծելով լուրջ ռիսկեր նավարկության, անձնակազմի, բեռների և շրջակա միջավայրի անվտանգության համար։
Քեչելին շեշտել է, որ Անկարան անհանգստացած է նման զարգացումներից և բոլոր կողմերի հետ շարունակում է կապի մեջ մնալ՝ կանխելու հետագա հնարավոր սրացումները Սև ծովում, ինչպես նաև պաշտպանելու Թուրքիայի տնտեսական շահերը տարածաշրջանում։
