ՀՀ Սնանկության դատարանի նախագահը Երևանում չի աշխատում, կամ՝ ինչո՞ւ Գագիկ Հովհաննիսյանն ունի երկու նստավայր
Մինչ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը զբաղված է անիմաստ թանկարժեք, բայց ցածրորակ կինոներ նկարելով, ներհամակարգային ինտրիգներ հյուսելով ու կարճաժամկետ հաղթանակներ է տոնում, դատական համակարգի դեգրադացիան խորանում է սրընթաց: Այն, ինչ կատարվում է Երևանի և մարզային դատարաններում, ամեն ինչ կարող ես անվանել, բայց ոչ արդարադատության իրականացում:
Հերթական ահազանգը 168.am-ը ստացավ Շիրակի մարզից, թեպետ թվում էր, թե անձը, ով հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում, առնվազն աշխատանքի բերումով արդեն իսկ չպետք է կապ ունենար Շիրակի մարզի հետ:
Խոսքը Սնանկության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի մասին է: Վերջինս, մինչ այս դատարանի դատավոր, ապա նախագահ նշանակվելը՝ շուրջ 9 տարի եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Նախ 2014թ. է նշանակվել մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ապա դատարանի անվանափոխությունից հետո՝ արդեն 2018թ. հուլիսի 4-ին, կրկին վերանշանակվել է, այս անգամ արդեն նոր անվամբ դատարանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում:
Պարզվում է՝ ծնունդով գյումրեցի Գագիկ Հովհաննիսյանի կապվածությունը նախկին աշխատավայրի հետ այնքան ուժգին է, որ 168.am-ին հասած տեղեկություններով՝ վերջինս՝ որպես արդեն ՀՀ Սնանկության դատարանի նախագահ, շաբաթվա 5 աշխատանքային օրերից առնվազն 4-ը գտնվում է Գյումրիում… Նախկին աշխատավայրում: Այսինքն՝ Երևանի իր աշխատասենյակում Գագիկ Հովհաննիսյանը շաբաթական առավելագույնը մեկ անգամ է գտնվում: Մնացած ժամանակ Գյումրիում է: Ավելին, մեր տեղեկություններով, վերջինս չզբաղեցնելով որևէ պաշտոն Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ այդ դատարանում ունի աշխատասենյակ: Այսինքն՝ թերևս իր նախկին աշխատասենյակից դուրս էլ չի եկել: Այս աշխատասենյակում Գագիկ Հովհաննիսյանը լինում է այնքան, որքան ուզում է, նույնիսկ՝ աշխատանքային ժամն ավարտվելուց հետո: Կրկնում ենք՝ խոսքը ՀՀ Սնանկության դատարանի նախագահի մասին է, ում Երևանում գտնվելը, ի դեպ, օրենքի պահանջ է:
«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում, իսկ Սնանկության դատարանը մասնագիտացված դատարան է:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է Գագիկ Հովհաննիսյանը Երևանում իր անմիջական աշխատանքային պարտականություններով զբաղվելու փոխարեն՝ աշխատանքային շաբաթվա հիմնական մասն անցկացնում Գյումրիի իր նախկին աշխատավայրում: Շիրակի մարզում թեթև մասնագիտական հարցախույզը հետաքրքիր պատկեր բացահայտեց: Պարզվում է՝ Գագիկ Հովհաննիսյանն այս իշխանությունների կողմից ուղղորդվող դատական գործընթացների կուրատորն է Շիրակի մարզում: Քանի որ Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում կան ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող բազմաթիվ անձինք, որոնց դեմ տարատեսակ քրեական ու քաղաքացիական վարույթներ կան հարուցված, մեր տեղեկություններով՝ հենց Գագիկ Հովհաննիսյանին է հանձնարարված դրանց վերահսկողությունը, քանի որ ՔՊ-ական իշխանությունն այնքան էլ չի վստահում մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ծնունդով արթիկցի Հայկ Աղաքարյանին:
Մեր տեղեկություններով՝ վերջինս ազդեցություն չունի իր ղեկավարած դատարանի՝ փորձառու դատավորների վրա, ու նրանք իրենց անելիքները հենց Գագիկ Հովհաննիսյանի հետ են ճշտում:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Սնանկության դատարանի նախագահի համար Շիրակի մարզի դատավորների նկատմամբ ազդեցություն ունենալն առանձնապես խնդիր չէ, քանի որ մարզի հնաբնակ դատավորներից շատերին է ճանաչում, նրանք խնդիր չեն, իսկ նորերն էլ հեշտությամբ նրա ազդեցության գոտում հայտնվում են համատեղ ընդմիջումների ժամանակ: Գագիկ Հովհաննիսյանը սիրում էր նրանց նախկինում հրավիրել Գյումրիի Նիկոլայ Ռիժկովի փողոցում գտնվող, իրեն պատկանող «Նուռ» ռեստորան, սակայն, քանի որ հիմա այդ ռեստորանը փակ է, ընդմիջումները տեղափոխվել են այլ ռեստորաններ: Հենց այդպես էլ նա մտերմություն է հաստատում այն դատավորների հետ, ում նախկինում չի ճանաչել:
Ի դեպ, ռեստորանը Գագիկ Հովհաննիսյանին պատկանող «Նուռ» անվամբ միակ ժամանցի կենտրոնը չէ: Վերջինս Գյումրիում նաև նույնանուն հյուրատուն ունի, որը գտնվում է զինկոմիսարիատի մոտ:
Գյումրեցիները նշում են նաև, որ ՀՀ Սնանկության դատարանի նախագահը բավականին մտերիմ է Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի հետ, ով մի կարճ ընթացք նաև ԲԴԽ անդամ է եղել: Գյումրիում նրանց հաճախ կարելի է միասին տեսել:
Թե ինչպես ստացվեց, որ նախկինների օրոք դատարանի նախագահի պաշտոնում պաշտոնավարած Գագիկ Հովհաննիսյանը կրկին մարզի դատարանի նախագահ նշանակվեց նաև 2018թ. իշխանազավթումից հետո, այլ պատմություն է: Նշենք միայն, որ վերջինս բավականին մտերիմ հարաբերություններ ունի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հետ. նրա բաջանաղի՝ նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանի մոտ ընկերն է: