
Կրթությունը անչափ կարևոր ոլորտ է, որի վատ վիճակն, այժմ, առավել քան փաստ է. Նարե Ավետիսյան

Նարե Ավետիսյանը գրում է. «Կրթությունը անչափ կարևոր ոլորտ է, որի վատ վիճակն, այժմ, առավել քան փաստ է։ Կրթական ոլորտի վեր հառնելը ներկայիս ճահիճից պետք է անցնի մի քանի փուլերով, քանի որ այսօր ոլորտում առկա խնդիրները լուծելը մեկ քայլով և միանգամից պարզապես անհնար է։ Ոլորտում ներկայումս տեղ են գտել կրթության բովանդակության խեղաթյուրումը, անբարեխիղճ կառավարումը, հավասար ու որակյալ կրթության անհասանելիությունը, ռեսուրսների անարդյունավետ բաշխումը, որակյալ կադրերի բացակայությունը և արտահոսքը ոլորտից, ցածր աշխատավարձերը, կրթության ոլորտի աշխատակիցների ոչ հստակ կարգավիճակը, օրենսդրական դաշտի ոչ բավարար կարգավորումները և մի շարք այլ խնդիրներ: Այս հանգամանքների պատճառով սույն ոլորտը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում, որը հնարավորություն է տալիս այն դիտարկել հարմար թիրախ՝ տարատեսակ մոլորությունների, շահարկումների և քաղաքական միավորներ շահելու համար: Արդյունքում խախտվում է որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Այս խնդիրները լուծելու համար անելիքները շատ-շատ են։ Այս ամենին իհարկե գումարվում են ազգային մտածողության, հայկականության և դրանց կարևորության գիտակցման անհրաժեշտությունը։ Այս խնդիրներից գոնե կիսով չափ ձերբազատվելու համար անհրաժեշտ են քայլեր մասնավորապես
հանրակրթության ոլորտում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, նախակրթարաններում։ Պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որը հնարավորություն կընձեռի բոլորին տալ հավասար հասանելի կրթություն, ապահովել որակյալ, մատչելի կրթություն` համապատասխան տեխնոլոգիաների ներդրմամբ և , որ, ամենակարևորն է կրթություն, որն իր մեջ կներառի ազգային ոգի և հայկականություն»։