Սամվել Բաբայանի ճշմարտությունները Նիկոլ Փաշինյանին վնաս չեն. բոլոր համընկնումները պատահակա՞ն են
Նոյեմբերի 29-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով էր գնացել պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, ով այդ պաշտոնից հրաժարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ստորագրված էր եռակողմ հայտարարությունը: Սամվել Բաբայանի «հարցաքննությունը» կայացել է դռնփակ, բայց դրանից հետո ՊԲ նախկին հրամանատարի՝ լրագրողների հետ ճեպազրույցից կարելի է ենթադրել դրա բովանդակությունը: Այնպես է ստացվում, որ Սամվել Բաբայանի ճշմարտությունները հիմնականում Նիկոլ Փաշինյանի օգտին են ստացվում, ըստ էության, այդպես էր նաև այս անգամ, ըստ էության: Լրագրողների հետ ճեպազրույցում արած Արցախի ԱԽ նախկին քարտուղարի հայտարարություններից առանձնացրել ենք ամենակարևորները, որոնք նաև տողատակեր ունեն:
Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և Սամվել Բաբայանի ճշմարտությունը. երբ պատերազմը դարձավ Շուշիի համար
Նոյեմբերի 27-ին Սամվել Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ «44-օրյա պատերազմը կանգնեցնելու մի լավ հնարավորություն չի եղել», որ պատերազմի ժամանակ ուժեղը թելադրում է իր կամքը, իսկ Ադրբեջանն ամեն անգամ իր պահանջները դրել է՝ մինչև Շուշին չտան իրեն, պատերազմը չի կանգնեցնելու։
44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, սակայն, դիմում է կիսաճշմարտության:
Առաջին, 168.am-ը, մասնավորապես, նոյեմբերի 13-ին հրապարակած՝ «Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և նախազգուշացումները՝ ՀՀ քաղաքական ղեկավարությանը» վերտառությամբ հոդվածում հարկ էր համարել ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ի ուղերձի հատկապես հետևյալ հատվածի վրա, որում ասվում է.
«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:
Այնուհետև գեներալ Օնիկ Գասպարյանն իր ուղերձ-հայտարարության մեջ շարունակել է.
«Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները`փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»:
Չնայած պատերազմի առաջին օրն ունեցած մեր մարդկային, ռազմատեխնիկական և տարածքային որոշակի կորուստներին, Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ըստ էության, առաջին հերթին հաշվի է առնվել աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և մեր դիվանագիտական կարողությունները, նաև՝ թուրք-ադրբեջանական տանդեմից նորանոր պահանջների առաջադրումը: Այսինքն, ԳՇ նախկին պետը զգուշացրել է՝ ամեն մեկ օրն աշխատելու է ի վնաս բանակցային գործընթացի, և, ըստ էության, նվազեցնելու է պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կամ բարձրացնելու է դրա գինը, ինչը և տեղի է ունեցել:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովում 2023թ. հունիսին 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պատերազմը դադարեցնելու 5-րդ փորձն էր, և, որ հոկտեմբերի 7-ին, 9-ին, 13-ին և 19-ին հրադադար հաստատելու բանակցություններն արդյունք չեն տվել, քանի որ Ալիևը պարբերաբար նորանոր պահանջներ է ներկայացրել հայկական կողմին: Դրա մասին մենք վերևում հիշատակված հոդվածում մանրամասն անդրադարձել ենք:
Երկրորդ, Սամվել Բաբայանը հաստատում է Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմից հետո, 2022 թվականի ապրիլին ԱԺ-ում արած հայտարարությունը, թե առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել: Այսինքն, 2020 թվականի պատերազմը Շուշիի համար էր: Եվ սա այն դեպքում, երբ ռազմական գործողությունների ընթացքում 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրել էր՝ «Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի»:
Երրորդ, 2020-ի հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանի ղեկավարը կրակի դադարեցման պահանջ էր ներկայացրել Փաշինյանին:
«Առաջին՝ թող ասի (Փաշինյանը.- Մ.Պ.), որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ամրագրված է բազային սկզբունքներում: Թող ասի, որ Ղարաբաղը դա Հայաստան չէ: Երկրորդ՝ թող գրաֆիկ ներկայացնի մեզ, թե երբ են հայկական զինված ուժերը դուրս գալու «օկուպացված տարածքներից» (չակերտները.- Մ.Պ.): Այդ ժամանակ մենք կվերականգնենք հրադադարի ռեժիմը»,- իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, որ դաժան մարտեր են ընթանում, և դա դժվար է անել:
«Եթե հանկարծ մենք դադարեցնենք գործողությունները, իսկ իրենք չդադարեցնե՞ն… Ամեն դեպքում այս ուղղությամբ պետք է աշխատել: Թե չէ սպասեք, ժամանակ տվեք: Ինչի՞ համար ժամանակ տանք: Տանք ժամանակ, որ վերականգնեք ուժե՞րը: Տանք ժամանակ, որ մարդ հավաքեք և հարձակվեք մեզ վրա՞: Նրանք մեզ միամիտի տեղ են դրել: Տանք ժամանակ, որ բանակցությունների գնա՞նք: Ես ասացի ինչ պետք է, և վերջ»,- շարունակել էր Ալիևը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Շուշին հանձնելու պայման նախկինում բանակցային սեղանին չի եղել, և, որ քաղաքի կարգավիճակի հարցը ի հայտ է եկել 2020 թվականի պատերազմի ընթացքում: Իսկ հարցը ադրբեջանցի փախստականների վերադարձին էր վերաբերում Շուշի, բայց քաղաքը մնալու էր հայկական վերահսկողության տակ: Նման պայմանով պատերազմը կանգնեցնելը Նիկոլ Փաշինյանը մերժել էր:
Չորրորդ, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Nikkei ճապոնական պարբերականին տված հարցազրույցում Ալիևը խոսել էր Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու հնարավորության մասին, թեպետ արդեն արցախյան որոշ տարածքներ անցել էին իրենց վերահսկողության տակ: Նա, մասնավորապես, նշել էր.
«Նրանք (հայկական կողմը.- Մ.Պ.) պետք է լուրջ պարտավորություն ստանձնեն՝ ազատելու այդ շրջանները, որովհետև դա ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ երկու երկրների միջև համաձայնեցված հիմնարար սկզբունքների մաս է: Հիմնարար սկզբունքներում ասվում է, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, մեր փախստականները և ներքին տեղահանվածները պետք է վերադառնան բոլոր «օկուպացված տարածքներ», այդ թվում՝ Շուշի»,- ճապոնական պարբերականին ասել էր Ալիևը:
Հինգերորդ, իր մի հարցազրույցում ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, հայտարարել էր, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»:
Ի դեպ, 2022 թվականին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահական գրադարանում «Հայրենական պատերազմի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Շուշիի գրավման օպերացիայի հետ կապված մի քանի «գաղտնազերծում» է արել:
«Մենք ամեն առավոտ զեկուցում էինք ռազմական օպերացիայի դետալները: Նախօրեին ես ներկայացրեցի մարտական գործողությունների պլանը, բայց Ադրբեջանի նախագահը մերժեց այն: Նա ասաց, որ չպետք է վնաս հասցնել շենքերին և պատմական հուշարձաններին, և քաղաքը պետք է վերցնել առանց ծանր մարտական տեխնիկայի կիրառման: Եվ նախագահի հանձնարարությամբ, Շուշին «ազատագրվել» է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով: Երեկոյան մոտավորապես ժամը 20:00-21.00-ի սահմաններում ես զեկուցել եմ երկրի ղեկավարին, որ քաղաքն «ազատագրված» է»,- պատմել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
Իսկ հայկական Շուշիի «ազատագրման» օրն Ադրբեջանը նշում է նոյեմբերի 8-ին:
Նիկոլ Փաշինյանի մեղադրական եզրակացությունը՝ ըստ Սամվել Բաբայանի
Նոյեմբերի 29-ին Քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո Սամվել Բաբայանը լրագրողներին ասել է՝ Փաշինյանի դավաճանությունն այն է, որ սխալ մարդկանց է պաշտոնների նշանակել և հավատացել է նրանց:
«Անձամբ իր մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է: Երկրորդը խնդիրն այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է: Դուք ինչո՞ւ եք համարում, որ ոչ ճիշտ քաղաքական, ռազմական ղեկավար նշանակելը դա քաղաքական դավաճանություն չէ»,- շեշտել է Բաբայանը:
Այստեղ էլ Սամվել Բաբայանը կրկնում է Փաշինյանին և սլաքը դարձյալ ուղղում ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ուղղությամբ, որին ցանկացել է անգամ բաց կապով հարցեր տալ օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում հարցաքննության ժամանակ։ Ավելին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ պատերազմից առաջ Արցախի Անվտանգության խորհրդով փորձել են պարզել՝ հակառակորդն ունի այն, ինչ ինքը գիտի՞, թե՞ ավելին ունի։
«Ես զանգել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին, նա խուսափողական պատասխան է տվել՝ «դա գաղտնիք է, բան: Մենք ուզում էինք ճշտել զենքի, զորամասերի մասին, հասկացրին, թե՝ այդ տվյալները չենք կարող ձեզ տրամադրել։ Երկրորդ՝ մենք չէինք կարող գնալ դիրքեր։ ԱԽ-ն խորհրդակցական մարմին է, բայց չունենալով հակառակորդի մասին տվյալները՝ պիտի ծրագիր մշակեինք։ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ ինքը պիտի գա Ղարաբաղ, երբ գա՝ կխոսենք այդ մասին։ Հետո պարզվել է, որ եկել է, ու ինչպես եկել, այնպես էլ գնացել է։ Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել»,- շարունակել էր նա:
Արդեն 2 տարի է՝ Նիկոլ Փաշինյանի, թերևս, քաղաքական շահերից ելնելով, հրթիռների գործով Դավիթ Տոնոյանն անազատության մեջ է: 168.am-ի հետ հարցազրույցում նա հայտնել էր՝ «Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ»:
Իսկ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ասել էր.
«Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ պետ, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում էդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել»:
Ավելին, 2023 թվականի հունիսի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սխալվել են՝ վստահելով բանակին, որի համար իբր ոչինչ չեն խնայել:
«Մենք վստահել ենք մեր բանակին, վստահել ենք: Ընդ որում, իմացել ենք քաղաքական կապվածությունների մասին, ինչ-որ բաների առաջ աչք փակելով՝ վստահել ենք: 2018-ից մինչև այսօր չկա մի դեպք, որ մեր բանակում ինչ-որ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունը ասի՝ փող չկա: Բացառված է, չի կարող նման բան լինել: Գուցե դա՞ է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին»,- նշել էր նա:
Եվ ոչինչ, որ իրականում հենց Նիկոլ Փաշինյանը չի արդարացրել բանակի վստահությունը, ինչի մասին մի առիթով գրել ենք:
Նիկոլ Փաշինյանի պնդումների կրկնությունը Սամվել Բաբայանի կողմից այսքանով չի ավարտվում: ՊԲ նախկին հրամանատարը մի կողմից նշել է, որ մինչև պատերազմն է հասկացել, որ Ադրբեջանը հաղթում է, որի մասին, ըստ նրա, 2018-ին նամակով զգուշացրել է Փաշինյանին: Մյուս կողմից՝ Սամվել Բաբայանը պնդում է. «Եթե ճիշտ ռազմական ղեկավարություն նշանակեին՝ կհաղթեին»:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո 2 տարի Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հասարակությանը համոզում էին, որ 44-օրյա պատերազմը, պարտությունից բացի, չէր կարող այլ ելք ունենալ, քանի որ մեր դեմ միայն Ադրբեջանը չէր կռվում: Եվ այս հարցում անմիջապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ստացավ ռազմական ղեկավարության «աջակցությունը»՝ ըստ էության, ապահովագրելով իրեն: Գուցե իրեն բնորոշ խորամանկությամբ: Սակայն 2022 թվականի սեպտեմբերին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանկարծ հայտարարել էր՝ «պատերազմը կարող էր այլ ելք ունենալ»՝ սրբագրելով իր նախկին հայտարարությունները։
Այնուհետև Փաշինյանը շարունակել էր՝ «հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»:
Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ պատերազմի պարտության համար «մեղավոր» ռազմական ղեկավարությանն ինքն է նշանակել, պատերազմի ընթացքում բարձր կոչումներ շնորհել, որ պատերազմից առաջ Արցախի ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում իր իմացությամբ և ցանկությամբ են կադրային փոփոխություններ կատարվել, ինչը 168.am-ը մանրամասն ներկայացրել էր։
Հարցն այն է, որ Սամվել Բաբայանը, ըստ էության, Փաշինյանի՝ փորձառու զինվորականներին հեռացնելուց չի խոսել, գուցե բացի իրենից, ոչ ոք փորձառու չէ՞, իրեն էլ ռազմական բարձր պաշտոն չեն տվել:
Ի դեպ, Սամվել Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ «եթե «կամանդույուշիյ արմիին» չի ղեկավարում ռազմաճակատը, իր հետ մեկտեղ՝ ղեկավարում են ևս այլ անձինք, պետք է քննություն գնա, ճշտվի»:
Այսինքն, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին խանգարե՞լ են, իսկ ո՞վ է թույլ տվել, որ հրամանատարական կետում գտնվեն պատահական մարդիկ, այդ թվում՝ Աննա Հակոբյանը: Ո՞ւմ նկատի ունի Սամվել Բաբայանը՝ Մովսես Հակոբյանի՞ն, ում ավելի ուշ ևս հեռացրել են հրամանատարական կետից: Ո՞ւմ դեմ է լինելու այդ քննությունը, արդյո՞ք Փաշինյանը դրա համար ունի իր պատասխանատվության չափը:
Մյուս կողմից, Սամվել Բաբայանը լրագրողների հետ երեկվա ճեպազրույցում վստահեցրել է, որ մնացել է իր 2020 թվականի նոյեմբերի 10-ի դիրքորոշմանը՝ «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը»:
«Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ րոպեին էլ ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այսինքն՝ Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»,- նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանը:
Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ Սամվել Բաբայանը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, ըստ էության, համարում է կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ, որի տրամաբանության մեջ էր Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ցեղասպանական գործողությունը, թեպետ Բաբայանը դրանից հետո մեկ անգամ չէ, որ հնարավոր է համարել Ադրբեջանի կազմում ԼՂԻՄ-ի գոյությունը: Մյուս կողմից, ՊԲ նախկին հրամանատարը Նիկոլ Փաշինյանի վրայից վերցնում է 44-օրյա պատերազմի պարտության, դրա հետևանքների, Արցախի կորստի միանձնյա պատասխանատվությունը՝ ակնարկելով, որ Արցախի իշխանությունների լիակատար համաձայնությունն է եղել: Այո, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ներդաշնակ է գործել այս հարցում Նիկոլ Փաշինյանի հետ, մյուս կողմից, հարց է՝ ինչո՞ւ Արցախի ստորագրությունը չկա 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության տակ, երբ այն Արցախում պատերազմի դադարեցման փաստաթուղթ էր:
Հավելենք, որ ամիսներ առաջ Սամվել Բաբայանը մի գաղտնազերծում էր արել։
2023թ. հոկտեմբերին, NewDay.am-ի հետ զրույցում Արցախի ԱԽ նախկին քարտուղարը գաղտնազերծել էր, թե ինչ հանդիպում է ունեցել Երևանում:
«Ես եկել եմ Արցախից նոյեմբերի 6-ին՝ Ղարաբաղի նախագահի խնդրանքով: Բանակցություններ եմ վարել այստեղ ռուսական մի ընկերության հետ, որը նայոմնիկներով է զբաղվում: Ամսի 6-ին ինձ գործուղում են այստեղ բանակցությունների, ես գալիս եմ բանակցեմ, որ նայոմնիկ գնա ստեղից, ու դուք ամսի 9-ին ղազագիր եք ստորագրում: Հիմա ես ի՞նչ պիտի անեի, պիտի հրաժարական տայի, սրա մասին է խոսքը: Ես լքել եմ պաշտոնը, որովհետև որպես ԱԽ քարտուղար՝ ուղարկում են բանակցությունների, և իմ թիկունքում ստորագրում փաստաթուղթ: Եթե անվստահելի եմ, ես ԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական եմ տվել և իմ «Արցախի հերոսի» մեդալը հանձնել՝ որպես պրոտեստ»,- նշել էր Սամվել Բաբայանը:
Ի դեպ, պատերազմից 20 օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 9-ին, ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր.
«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են՝ ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»:
Թե ի՞նչ փոխանցված լիազորությունների մասին էր խոսում Բաբայանը, այդպես էլ գաղտնի է: Բայց ավելի ուշ Սամվել Բաբայանը սրբագրել էր իր իսկ ասածը՝ հայտարարելով, որ ինքը, ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում, պատերազմի օրերին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել ԱՀ նախագահին, օրինակ, «всего лишь քարտեզի վրա ցույց է տվել, որ էդ տարածքը կարելի է ազատագրել»:
Արդեն այս տարի հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանն ասել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է իրեն ժամանակին հնարավորություն է տվել բանակցել Բաքվի հետ:
«Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ԱՀ նախագահն արտաքին քաղաքականության միակ վարողն է, որն ինձ տվել է այդ հնարավորությունը, որ ես բանակցեմ: Եվ դրա մասին պառլամենտում իմ ելույթի ժամանակ, երբ նստած էին ձեր ասած մարդիկ, ես մատնանշել եմ՝ Արայիկ Հարությունյանն ինձ տվել է այդ հնարավորությունը բանակցելու, բոլորը քար լռությամբ լսել են ու ձայն չեն հանել, շրջվել են դեպի Արայիկ Հարությունյանը, նա էլ գլխով ասել է՝ այո»,- շարունակել էր Բաբայանը:
Երեկ էլ լրագրողներին Սամվել Բաբայանն ասել է՝ ոչ թե բանակցություններ են եղել, այլ սկզբունքների և առաջարկների միջնորդավորված փոխանակում:
«Ես շպիոն չեմ, որ Ադրբեջանի անվտանգության հետ շփվեմ, ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել։ Իմ ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է այնտեղ»,- շեշտել է Բաբայանը:
Հետաքրքիր է՝ ո՞ւմ է Արցախի ԱԽ նախկին քարտուղարը «շպիոն» համարում, ո՞վ է «պերեգավորների» մեջ եղել Ադրբեջանի ԱԱԾ-ի հետ: Գուցե մի օր ավելի անվանական պատասխաններ լինեն: Իսկ առջևում Սամվել Բաբայանի առաքելությունը, թերևս, լինի ՀՀ-ում նոր ընտրություններին իրավիճակը տանելը, որտեղ, հնարավոր է, նաև Արցախը ձայն ունենա: