Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մարտական գործողությունների պլան է մերժել

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են պատժել Ադրբեջանի ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովին:

Մասնավորապես, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել է, որ իրավապահ մարմինները պետք է հրապարակավ և բացահայտ դատեն Սադիկովին:

«Մենք պարտավոր ենք արժանին մատուցել մեր զոհված անմեղ սպաներին և զինվորներին: Այս տեսանկյունից պետք է առավել պատասխանատու մոտենանք այս գործընթացներին»,- շեշտել է Մուստաֆան:

Այս համատեքստում ադրբեջանցի պատգամավորը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահական գրադարանում կայացած ցուցադրության ժամանակ խոսվել է այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է իրեն ներկայացված Շուշիի գրավման պլանը, և գրավումն իրականացվել է մեկ այլ պլանով:

Կարդացեք նաև

«Հնարավոր է, որ անգամ ապրիլյան մարտերում, եթե նրան հայտնի լինեին ռազմական որոշ պլաններ, նա դրանք մերժեր, և այդքան մեր սպաներ և զինվորներ անմեղ չէին զոհվի»,- ընդգծել է Ֆազիլ Մուստաֆան:

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահական գրադարանում «Հայրենական պատերազմի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Շուշիի գրավման օպերացիայի հետ կապված մի քանի «գաղտնազերծում» է արել:

«Մենք ամեն առավոտ զեկուցում էինք ռազմական օպերացիայի դետալները: Նախօրեին ես ներկայացրեցի մարտական գործողությունների պլանը, բայց Ադրբեջանի նախագահը մերժեց այն: Նա ասաց, որ չպետք է վնաս հասցնել շենքերին և պատմական հուշարձաններին, և քաղաքը պետք է վերցնել առանց ծանր մարտական տեխնիկայի կիրառման: Եվ նախագահի հանձնարարությամբ, Շուշին «ազատագրվել» է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով: Երեկոյան մոտավորապես ժամը 20:00-21.00-ի սահմաններում ես զեկուցել եմ երկրի ղեկավարին, որ քաղաքն «ազատագրված» է»,- պատմել է Ադրբեջանի  պաշտպանության նախարարը:

Իսկ հայկական Շուշին, ըստ Ադրբեջանի, գրավվել է նոյեմբերի 8-ին: Այսինքն, վերևում նշված Շուշիի գրավման պլանն Ալիևը չեղարկել է նոյեմբերի 7-ին:

Ըստ էության, առնվազն այդ ժամանակվանից, եթե ոչ՝ ավելի շուտ, կողմերը սկսել են աշխատել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի վրա: Այս վկայությունը հաշվի առնելով՝ չի բացառել Շուշիի հանձման փաստը: Ի վերջո, ինչո՞ւ է հենց Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մերժում ռազմական տեխնիկայի կիրառմամբ մարտական գործողությունների պլանը: Բնականաբար, ոչ այն պատճառով, որը նշվում է, հատկապես, երբ Ադրբեջանին հատուկ է պատմական հուշարձանների ոչնչացումը, որն արեցին պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում:

168.amգրել էր, որ իր հարցազրույցում ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, հայտնել էր՝ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»:

Այս համատեքստում վերադառնալով Ադրբեջանի ԳՇ նախկին պետ Սադիկովին, նշենք, որ 44-օրյա պատերազմից մի քանի օր էր անցել, երբ թուրքական աղբյուրներից մամուլում լուրեր շրջանառվեցին, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովին, և, որ նա փախուստի մեջ է:

Ըստ մամուլի հրապարակումների, Սադիկովը վեճ է ունեցել Ադրբեջան ժամանած թուրք զինվորականների հետ, անգամ մի խորհրդակցության ժամանակ կտրուկ հայտարարել է. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, միգուցե մեր կանանց նո՞ւյնպես տանք»:

Այսինքն, պատերազմի սկզբում նա հեռացվել է՝ Ադրբեջանի զինված ուժերի կառավարման օղակում թուրք զինվորականների մշտական ներկայության առնչությամբ ունեցած դժգոհության պատճառով:

Արդեն պատերազմից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց Նաջմեդին Սադիկովին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին տեղեկությունը:

Նշենք, որ այս և Սադիկովին պատժելու հարցում, ըստ էության, դերակատարում ունի  թուրք գեներալ Բախտիար Էրսայը, որը և 44-օրյա պատերազմի ժամանակ «ղեկավարել» է Ադրբեջանի ԳՇ-ն և վերջերս նշանակվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, նպատակը՝ Ադրբեջանի բանակն ամբողջապես դարձնել թուրքական մոդելի բանակ, քանի որ դեռ բավականին տարբերություններ կան՝ կառուցվածքայինից մինչև տակտիկական մոտեցումներ:

Այս մասին ավելի ուշ առավել մանրամասն կանդրադառնանք, ինչպես նաև Ադրբեջանի բանակի ներսում տիրող մթնոլորտին և հաճախակի դարձած զինծառայողների մահերին:

Մի բան պարզ է՝ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ փորձում է վերականգնել իր բանակի կորուստները, վերացնել 44-օրյա պատերազմի ժամանակ ի հայտ եկած թերությունները, իսկ այդպիսիք եղել են: Իսկ Հայաստանում խոսում են միայն աշխատավարձերի բարձրացման մասին, որը, թեև կարևոր է, բայց բանակի կարողությունների և ռազմական դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ շոշափելի արդյունքներ, ըստ էության, չկան, եթե հաշվի առնենք զենքի խնդրի մասին երկրի ղեկավարության հայտարարությունները:

Ի դեպ, վերադառնալով Շուշիին, հիշեցնենք, որ բերդաքաղաքի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրանք է առաջադրված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին:

Իսկ այս հարցը նաև քաղաքական, ռազմաքաղաքական նշանակություն ունի, այնպես որ, նաև այս հարցում պատասխաններ պիտի հնչեն:

Իսկ 2016թ. Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը պարտվել է, քանի որ չի կարողացել հասնել իր առջև դրված խնդրին, ինչի մասին վկայում է նաև ադրբեջանցի պատգամավորի՝ երկրի ԳՇ նախկին պետին պատժելու պահանջը:

Տեսանյութեր

Լրահոս