Բաժիններ՝

Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ․ ՓԾ

Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ինտենսիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։

Նոյեմբերի 26-ի ժամը 12:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է, միևնույն ժամանակ աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ 

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ 

Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից հազարից ավել փրկարարական ծառայողներ, որոնք շարունակաբար համագործակցում են Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության և Պաշտպանության նախարարության հետ: 

Այս պահի դրությամբ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․ 

•  Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, 

•  Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, 

•  Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում, 

•  Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, 

•  Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացված է:

Նշված հատվածում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվ կերպով  շարունակվում են: 

Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ։

«Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։ 

Իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ կամավորական խմբերի ներգրավման անհրաժեշտության դեպքում ՀՀ ՆԳՆ հանդես կգա համապատասխան պաշտոնական հայտարարությամբ։Կոչ ենք անում քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ»,– նշված է ՓԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։ Խստորն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում պետք է զանգահարել 911։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս