Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Բաքու այցելած մի խումբ «քաղաքացիական» ներկայացուցիչներից մեկը երեկ իրեն թույլ է տվել ծայրահեղ վիրավորական բնորոշումներ՝ պնդելով, թե Հայաստանում, ով դեմ է հայ-ադրբեջանական կամ հայ–թուրքական կարգավորմանը «կամ օտարերկրյա գործակալ է, կամ սրիկա, կամ ապաքաղաքական ապուշ»։

Սա ոչ թե տեսակետ է, այլ՝ կոպիտ և դիտավորյալ մանիպուլյացիա։մՀայաստանում չկա որևէ ուժ, որը դեմ է խաղաղությանը։ Ընդդիմադիր շրջանակները մշտապես շեշտել են, որ չեն մերժում խաղաղության գաղափարը։ Նրանք ընդդիմանում են այն ընթացքին, որը ներկայիս իշխանությունը փորձում է առաջ տանել՝ միակողմանի զիջումների, անվտանգության լուրջ ռիսկերի և պետական շահերի թուլացման հաշվին։ Բաքու մեկնած այդ անձինք որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու Հայաստանի հասարակության անունից։

Նրանք․
● չունեն ժողովրդական մանդատ,

● չեն ներկայացնում որևէ հասարակական կամ քաղաքական շերտ,

● ըստ էության, արտահայտում են այն արտաքին կենտրոնների շահերը, որոնց միջոցներով ապահովվում է նրանց գործունեությունը։

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։

Այդ օրենքը չի ծառայում սահմանափակման նպատակին․ դրա իմաստը թափանցիկությունն է և հանրային վստահության վերականգնումը․

● ով է ֆինանսավորում այս կամ այն հանրային գործունեությունը,

● ինչ նպատակներով են իրականացվում ծրագրերը,

● արդյոք դրանք համահունչ են Հայաստանի պետական և հասարակական շահերին։

Եթե որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում այլոց մեղադրելու «օտար օրակարգերի սպասարկման» մեջ, ապա առաջին հերթին հենց նրանք պետք է բացահայտ և հրապարակային ներկայացնեն իրենց ֆինանսական աղբյուրներն ու հաշվետվությունները։

Հայաստանում խաղաղությանը դեմ որևէ ուժ չկա։

Դեմ են այն քայքայիչ քաղաքականությանը, որը խաղաղության քողածածկույթի տակ ձևավորում է նոր կախվածություններ, նոր վտանգներ և վնասում է պետական շահերին»։

Տեսանյութեր

Լրահոս