Աննա Վարդապետյանը համարձակություն չունի գա ԱԺ, որովհետև թղթապանակ է դրվելու նրա առաջ. Գառնիկ Դանիելյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վաղը՝ նոյեմբերի 26-ին, չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով խորհրդարանում սպասվող լսումներին։ Ըստ Դատախազության պատասխանի՝ Վարդապետյանը քաղբանտարկյալների հարցով լսումներին չի մասնակցի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Հիշեցնենք, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեցող Վարդապետյանն անցյալ շաբաթ խորհրդարանում անցկացրեց՝ ժամեր շարունակ լսելով Հայաստանի հակառուս թևը ներկայացնողների մուննաթը՝ «Մարտի 1»-ի գործով նոր մարդկանց չկալանավորելու վերաբերյալ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանում պահվող քաղբանտարկյալների հարցով լսումներ անցկացնելու մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց՝ այս պահին Հայաստանում կա մոտ 60 քաղբանտարկյալ, և այդ թիվը գնալով ավելանում է, ուստի զարմանալի չէ, որ Գլխավոր դատախազը խորհրդարան չի ներկայանում, ինչի համար նրան պետք է Փաշինյանի թույլտվությունը։

«Նիկոլն է որոշում՝ Աննա Վարդապետյանը որտեղ լինի և ինչ անի։ Օրվա իշխանությունն ուզուրպացրել է դատական համակարգը. Նիկոլ Փաշինյանն է որոշում, թե իրավապահ համակարգը՝ Դատախազությունը, ինչ անի, ինչ՝ ոչ։ Հիշեք, մի քանի օր առաջ Փաշինյանը համագումարի էր կանչել ամբողջ պետական համակարգի ներկայացուցիչներին՝ էլ արտաքին հետախուզական ծառայություն, էլ Դատախազություն։
Հարց՝ կարո՞ղ էին այդ մարդիկ չմասնակցել, իհարկե ո՛չ։ Գլուխներ կթռչեին, եթե պետական համակարգից որևէ մեկը համարձակվեր չմասնակցել այդ համագումարին։

Ինչ վերաբերում է Աննա Վարդապետյանին, ապա նա վաղը չի գա խորհրդարան, որովհետև գիտի՝ իրեն անհարմար հարցեր են տալու։ Վարդապետյանը համարձակություն չունի գա ԱԺ և պատասխանի կեղծ ձայնագրությունների մասին հարցերին։ Նրա առաջ թղթապանակ է դրվելու։ Պատասխան տալու ժամանակը գալու է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

