Պապիկյանը մոտիվացիոն է համարում, երբ ատեստավորման ժամանակ 4 գերազանցի և 1 բավարարի դեպքում վերցվում է ամենացածր գնահատականը
Նոյեմբերի 20-ին 168.am-ն «Ատեստացիայի գործընթացի շրջանակում ինչպե՞ս է կատարվում արդյունքների հաշվարկը. Սուրեն Պապիկյանը խուսափել է պատասխանել» վերտառությամբ հոդված է հրապարակել:
Զինված ուժերում ատեստավորման համակարգի վերաբերյալ գրավոր մի քանի հարցեր էինք ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, այդ թվում՝ «ինչպե՞ս է կատարվում հաշվարկը բոլոր փուլերի արդյունքում, քանի որ բազմաթիվ դժգոհություններ կան, որ եթե ատեստացիայի մասնակից զինծառայողը ստանում է գերազանց, դրական և բավարար գնահատականներ, ապա հաշվում են ամենացածրը, եթե բոլորը գերազանց և մեկ բավարար, արդյունքը նույնն է»:
Մեր այս հարցադրումը Պաշտպանության նախարարը շրջանցել էր, ինչից ենթադրել էինք, որ ներկայացված պատկերը համապատասխանում է իրականությանը:
Նոյեմբերի 25-ին՝ «Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի շրջանակում, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղաքացիներից մեկը դարձյալ այս հարցն է բարձրացրել՝ «ատեստավորման ներկայիս համակարգի համաձայն՝ զինծառայողի գնահատականի վերջնական արդյունք է համարվում նրա ստացած ամենացածր գնահատականը, բայց եթե դուրս հանվեր ընդհանուր գնահատականների միջինը, կունենայինք ավելի բարելավված արդյունք»:
ՀՀ քաղաքացին կոնկրետ օրինակ է բերել՝ երբ 3 գերազանց և 1 բավարար գնահատականների դեպքում, հիմք է ընդունվել ամենացածրը, և հետաքրքրվել՝ արդյո՞ք նախատեսվում է փոփոխություններ մտցնել և ունենալ ավելի արդար գնահատման համակարգ:
Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում որոշել է չխուսափել հարցից և ներկայացրել է՝ ինչու են նման գնահատման կարգ սահմանել:
«Շատ կարևոր է, որ մենք ատեստավորմանը վերաբերվենք ոչ միայն՝ որպես զինծառայողի ֆինանսական վիճակի բարելավման ծրագիր, այլև՝ զինված ուժերի զինծառայողների մակարդակի բարձրացման: Մեր գնահատման համակարգը միտված է դրան՝ ինքնապատրաստության և ինքնակրթության միջոցով զինծառայողի ֆիզիկական և գիտելիքների պաշարը մեծացնելուն: Ինչո՞ւ են թողել այդ որոշումը:
Սկզբնական շրջանում, այո, միտք եղել է, որ հանենք թվաբանական միջինը, բայց հետո որոշել ենք ընդունել այն տարբերակը, որն այսօր գործում է, և վերջնական գնահատական համարել ստացած ամենացածր գնահատականը: Սա մոտիվացիայի համար է, մենք ստեղծել ենք մոտիվացիոն համակարգ, որը նշանակում է՝ զինծառայողը պիտի էլ ավելի ջանք գործադրի, որ կարողանա բոլոր առարկաներից դրսևորել հնարավորինս առավել բարձր արդյունք՝ ֆիզիկական պատրաստությունից, կրակային պատրաստությունից, շարային պատրաստությունից, մասնագիտական գիտելիքների քննությունից:
Երբ մենք ամբողջությամբ մեր բանակի բոլոր զինծառայողներին ատեստավորման համակարգով անցկացրած կլինենք և կունենանք հնարավորինս ամենաբարձր արդյունքը, չեմ բացառում, որ այդ ժամանակ մենք կարող ենք հանգել այդ որոշմանը: Բայց քանի դեռ այս փուլում ատեստավորման գործընթացն ընթացքի մեջ է և ատեստավորվել է ԶՈւ զինծառայողների մոտավորապես 65 տոկոսը, ես հիմա նպատակահարմար չեմ համարում գնալ այդպիսի փոփոխության, մանավանդ, երբ մենք կարգում ունենք հնարավորություն, որ ատեստավորումից հետո զինծառայողը տարվա մեջ երկու անգամ կարող է իր գնահատականը բարելավելու համար դիմել և վերաատեստավորվել»:
Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարի տրամաբանությամբ, եթե զինծառայողը 3 գերազանց գնահատական է ստանում, օրինակ, մասնագիտական գիտելիքներից, կրակային պատրաստությունից և շարային պատրաստությունից, բայց ֆիզպատրաստությունից՝ բավարար, և հիմք են ընդունում բավարարը, դա մոտիվացնում է տվյալ զինծառայողին, որը, հնարավոր է՝ առողջական խնդիրներ ունի, և բարձրացնում են ԶՈՒ զինծառայողների մակարդակը, երբ մասնագետը հաճախ ոչ այնքան արդար իրավիճակի է բախվում:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից մեզ հայտնել էին, որ «ատեստավորումը չանցած զինծառայողների հիմնական մասն անբավարար են գնահատվել ֆիզիկական պատրաստությունից»:
Ավելին, նախարար Պապիկյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էր նաև, որ «ՀՀ զինված ուժերում ֆիզիկական պատրաստության բոլոր ստուգարքներն (ատեստավորում, ամփոփիչ, հսկողական, ավարտական քննություններ) անցկացվում են նույն կարգով՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2021 թվականի ապրիլի 14-ի N 322 հրամանով գործողության դրված «ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության հրահանգ»-ի պահանջների համաձայն»:
Այս ամենը հաշվի առնելով և այն, որ գործող իշխանությունները շատ են շեշտադրում ֆինանսական բարելավման մասին, արդյո՞ք չի ստացվում, որ ատեստավորման համակարգն ավելի շատ հենց ֆինանսական բարելավման գործիք պետք է ընկալվի:

