Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունը

Պատերազմից հետո 2 տարի Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հասարակությանը համոզում էին, որ 44-օրյա պատերազմը, պարտությունից բացի, չէր կարող այլ ելք ունենալ, քանի որ մեր դեմ միայն Ադրբեջանը չէր կռվում: Եվ այս հարցում անմիջապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ստացավ ռազմական ղեկավարության «աջակցությունը»՝ ըստ էության, ապահովագրելով իրեն: Գուցե իրեն բնորոշ խորամանկությամբ, գուցե:

2020-ի նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը կարողացել էր հասնել նրան, որ մասնավոր զրույցում այդ ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ասի՝ «վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները»:

«Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- շարունակել էր Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ Օնիկ Գասպարյանը:

Կարդացեք նաև

Մի քանի օր հետո՝ նոյեմբերի 17-ին տարածած իր ուղերձում Օնիկ Գասպարյանը, մասնավորապես, նշել էր.

«Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ: Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը»:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ԳՇ նախկին պետը պատերազմը դադարեցնելու առաջարկ արել էր դեռևս պատերազմի 4-րդ օրը:

Հնարավոր է՝ հաշվի առնելով նաև Հայաստանի նկատմամբ հարևանների, դաշնակից կամ գործընկեր երկրների արտաքին քաղաքական տրամադրվածությունը, դաշնակից երկրների հետ Փաշինյանի իշխանության հարաբերությունները, դիվանագիտական «մարտադաշտում» եղած իրողությունը, ինչը, ըստ էության, թաքցրեց ԱԽ-ը՝ 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստում Օնիկ Գասպարյանի ելույթի հատվածները ընտրողաբար հրապարակելով:

Չմոռանանք, որ պատերազմի առաջին օրերին Վրաստանը փակեց օդային և ցամաքային ուղիները Ռուսաստանից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռների համար:

Բնականաբար, իրենց օդային սահմանները փակել էին նաև Ադրբեջանը և Թուրքիան։ Ինչպես ավելի ուշ գրեցին մասնագետները, ՌԴ-ն որոշում կայացրեց անհրաժեշտ զինատեսակները ՀՀ հասցնել Կասպից ծովի արևելյան ափերի մոտով՝ մտնելով Իրան, այնտեղից պատերազմի սկզբում՝ ցամաքային ճանապարհով, իսկ հետագայում, կարծում ենք, նաև օդային ճանապարհով հասցվեց Հայաստան։

Ցամաքային ճանապարհով օրեր շարունակ ռազմական բեռների տեղափոխումը խիստ դժգոհություն առաջացրեց Իրանի հյուսիսում բնակվող թյուրքախոս իրանցիների շրջանում, որոնք անգամ Թավրիզում դուրս եկան բողոքի ցույցերի, իսկ որոշ ժամանակ անց անգամ հարձակվեցին այդ էշելոնների վրա՝ փորձելով խոչընդոտել դրանց շարժը։ Անգամ պահանջում էին փակել Իրան-Հայաստան ցամաքային սահմանը:

Այսինքն, դիվանագիտական դաշտում բավականին անելիքներ կային, իսկ պատերազմը վարում է պետությունը, այսինքն, բանակին դիվանագիտությունը պիտի օգներ, ինչը չեղավ: Եթե չասենք՝ հենց դիվանագիտության ձախողումը նաև հանգեցրեց պատերազմի, որի ելքի համար, փաստորեն, միայն զինվորականությունը պիտի պատասխան տա: Մեր տեղեկություններով, որքան էլ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է 4-րդ օրը կանգնեցնել, բայց նա աչքի տակ է ունեցել պատերազմի երկարաձգումը, եղել են որոշակի քայլեր: Սա բոլորովին այլ խոսակցության թեմա է:

Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի ելքի ամբողջ պատասխանատվությունը զինվորականության վրա բարդելուն:

Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես», այնուհետ սպառնացել, թե՝ ոչ ոքի չեն ներելու և հաշվի չի առնվելու ոչ մեդալ, ոչ ուսադիր:

Հետաքրքիր է, որ այդ մեդալներից և ուսադիրներից շատերը թիրախում հայտնված բարձրաստիճան զինվորականներին Նիկոլ Փաշինյանն անձամբ շնորհել է հենց 44-օրյա պատերազմի օրերին:

Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 20-ին Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան Ազգային հերոսի կոչման:

«Հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- ֆեյսբուքյան իր էջում այդ կապակցությամբ գրել էր Փաշինյանը:

2020-ի հոկտեմբերի 28-ին Արցախի հերոսի կոչման էր արժանացել պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանը, որն այսօր մեղադրվում է այն դրվագներով, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի սկզբին և կեսերին:

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին էլ Նիկոլ Փաշինյանը շնորհել էր գեներալ-գնդապետի զինվորական կոչում: Ավելին, Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում վստահել է գեներալ Օնիկ Գասպարյանին: Իսկ պատերազմի ընթացքում պարգևատրված զինվորականների շարքն այսքանով չի սահմանափակվում: Այս տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը մի օր կարող է որոշել՝ հուլիսյան մարտերից հետո իզուր է մոտ 7 տասնյակ մարդու «Մարտական խաչ» շքանշան տվել: Չի բացառվում:

Իսկ Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը մի շատ ուշագրավ հայտարարություն է արել՝ «պատերազմը կարող էր այլ ելք ունենալ»՝ սրբագրելով իր նախկին հայտարարությունները: Եվ սա Փաշինյանն ասում է պատերազմի հետ կապված քննվող գործերի և հրամանատարների նկատմամբ մեղադրանքների համատեքստում:

Փորձելով պատերազմի պարտությունը գցել զինվորականների գրպանը, Փաշինյանն ակամա ընդունում է՝ բանակը կարող էր անգամ իր ունեցած ռեսուրսով և իր դիմաց կռվող մի քանի երկրի պարագայում պատերազմն այլ հունով տանել:

Զինվորականության ներկայացրած փաստերի հետ ծանոթանալո՞ւց է Փաշինյանը եկել այս եզրահանգման, այս եզրահանգմանը տանող փաստե՞ր են ներկայացվել: Այստեղ, իհարկե, գեներալիտետն անելիք ունի, որ այս ուշագրավ հայտարարությունն իրենց դեմ չօգտագործվի:

Մյուս կողմից, ինչո՞ւ բանակի ռեսուրսը լիովին, ճիշտ չի կիրառվել, սրա պատասխանը նաև Նիկոլ Փաշինյանը պիտի տա՝ որպես գերագույն հրամանատար, ով պատերազմի օրերին մշտապես եղել է ՊՆ-ում, և ով պատերազմի առաջին օրն արդեն խոսում էր պարտությունից և դրան համակերպվելուց, ավելին, շտապել էր ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարել, երբ պատերազմը Հայաստանի դեմ չէր հայտարարված:

Տեսանյութեր

Լրահոս