Այ թալանի դեմ պայքարողնե՛ր, փողերն ո՞ւր են. Հրանտ Բագրատյան
Խորհրդարանում մեկնարկել են քաղբանտարկյալների հարցով լսումները, որը նախաձեռնել են ընդդիմադիր երկու խմբակցությունները։ Ելույթներով հանդես են գալիս քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։
«Իմ խորին համոզմամբ՝ լավ կլինի մի հատ պետիցիա ստորագրենք և գոնե երկու հարց լուծենք,- լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նկատելով,- Մեկ է՝ իշխանությունը շարունակել է բռնությունները, բայց դա չի նշանակում, որ ամեն անգամ պապը փլավ կուտի․ գոնե մենք պետք է մի պետիցիայով պարտավորություններ ստանձնենք որպես քաղաքական ուժեր՝ այդ անարդար դատերի ժամանակ մարդ տրամադրելու, հավաքներ կազմակերպելու և, վերջապես, փաստաբանական ծառայությունների համար որոշակի ֆոնդ ստեղծելու»։
Ըստ քաղաքական գործչի՝ փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ կա որակյալ փաստաբանական միջամտություն, որոշակի հաջողություններ հնարավոր են։
«Ես կարծում եմ, որ մենք պարտական ենք քաղբանտարկյալներին այն առումով, որ այսօր իշխանությունը դրանով զբաղված է և քիչ ժամանակ ունի հերթական դավաճանական քայլերն անելու համար»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։
Նա այս համատեքստում նշեց նաև, որ «անկլավների վերադարձի» մասին վերջերս լսել է Ազգային ժողովի երեք երիտասարդների՝ Ռուբեն Ռուբինյանի, Սարգիս Խանդանյանի, Արման Եղոյանի ելույթները։
«Մարդն ասում է՝ անկլավ կա, պիտի վերադարձնենք, հետո ասում է՝ սահմանազատում անելիս ամբողջը կորոշենք։ Արա՛, որ դուք պիտի սահմանազատում անեք, դուք ի՞նչ գիտեք՝ անկլավ կա՞։ Ո՞նց կարելի է երկրի հետ այդպես խաղալ․ օրինակ, ասում է՝ Քյարքին պիտի տանք՝ սահմանազատում չարած։ Ասում ես՝ 1988 թվի հունվարի 12-ի ստորագրած թուղթ կա, որ «Քյարքի» անկլավ գոյություն չունի, չի՛ եղել թուղթ, որով Հայաստանի Հանրապետությունն այդ 14 քկմ-ն տվել է Ադրբեջանին․ այդտեղ թուրքերը եկել են, ապրելուց են եղել ընդամենը և նույնը՝ Սոֆլուն և Բարխուդարլին։ Սրան պետք է հակահարված տալ, սրանք արդեն պատրաստվում են դրանք տալ և արդեն մտածում են, ասում են՝ միգուցե Արծվաշենն էլ ստանանք։ Նույն 1988 թվի թղթով Արծվաշենը, իրոք, մերն է, բայց Սոֆլու, Բարխուդարլու, Քյարքի՝ իբրև թե ադրբեջանական բնակավայրեր գոյություն չունե՛ն:
Բա երբ գնում ես սահմանազատում ես անում, ի՞նչ գիտես՝ այդ անկլավը կա՞, թե՞ չէ: Դա պետք է կասեցվի։ Բզկտում են հանրապետությունն օրեցօր»,- պարզաբանեց քաղաքական գործիչը։
Նա ցավով արձանագրեց, որ օրեցօր ավելի ծանր բաներ են անում իշխանությունները։
«Հաստատվել է բյուջեն․ 3 տրիլիոն 628 միլիարդ՝ ծախս, 3 տրիլիոն 91 միլիարդ՝ եկամուտ: Աճում է 8.5 տոկոսով՝ 5 տոկոսը տնտեսական աճն է, 3.5-ը՝ գնաճը։ ՀՆԱ/ բյուջե հարաբերությունը 24 տոկոս է, ինչը վերջին 8 տարում բարելավվել է 1.2 տոկոս։ Հետագա 10 տարիներին այդ թիվը բավարարվելու է 01 տոկոսով, բա հասարակությունը չասի՞՝ բա, ա՛յ ընկեր, բա դու թալանի դեմ պայքարում էիր, բա ո՞ւր են այդ փողերը, քանի՞ դոլար է մտել բյուջե, բա ի՞նչ էիր ասում։ Նախկինների օրոք ամեն տարի ավելանում էր 05-07 տոկոսով՝ հինգ-վեց անգամ ավելի լավ»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
