Երբեք չեմ աշխատել նախագահներից որևէ մեկի հրամանով, ֆինանսական կախվածություն չեմ ունեցել և չունեմ ՀՀ որևէ նախագահից. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը պատրաստ է  խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ:

«Պատասխանատու հայտարարում եմ՝ Ադրբեջանի նախագահը թող առաջինը ստորագրի, երկրորդը միանգամից ես կստորագրեմ, այո, այդ տեսքով: Խաղաղության պայմանագիրը, որը բանակցվել է, Ադրբեջանի նախագահը թող ստորագրի, երկրորդը միանգամից ես եմ ստորագրում: Բայց եկեք հասկանանք՝ ինչ է մեզ տալիս այս համաձայնագիրը: Նախաստորագրված վիճակում կետ չի մնացել, որ չխախտվի, ընդ որում՝ ամենահիմնարար ձևով»,- շարունակեց նա՝ շեշտելով, որ իրենց օրակարգում ոչ թե Արցախի վերադարձի հարց է, այլ՝ արցախահայության՝ որպես հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության խնդիր:

Խոսելով ներքաղաքական հարցերի մասին, Արման Թաթոյանը նախ հիշեցրեց, որ երբ Մարդու իրավունքների պաշտպանն էր, ՁՊՎ-ում այցելել է Նիկոլ Փաշինյանին, և շեշտեց, որ միայն նրան չէ, որ այցելել է, այլև այսօրվա շատ բարձրաստիճան պաշտոնատար անձանց:

«Դա իմ աշխատանքն էր: Հիմա էլ որևէ մեկի իրավունքները որ խախտվի, դա իմ ուշադրության կենտրոնում գտնվող հարց է»,- ընդգծեց նա՝ վստահեցնելով, որ այն, ինչ արել է՝ որպես ՄԻՊ, այն, ինչ անում է հիմա, նույնն անելու է, եթե լինի վարչապետ:

Կարդացեք նաև

Այնուհետև անդրադառնալով իր անկախ լինել-չլինելու մասին խոսակցություններին, Թաթոյանը հայտարարեց, որ միշտ եղել է անկախ:

«Երբեք չեմ աշխատել նախագահներից որևէ մեկի հրամանով, երբեք չեմ եղել ՀՀ ղեկավարներից որևէ մեկի կուսակցության ներքո: Սա ինձ մշտապես պահել է անկախ:

Ես երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել և հիմա էլ չունեմ ՀՀ որևէ ղեկավարից»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս