44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մոտենում է ավարտին. ՊԲ նախկին հրամանատարները չեն հարցաքննվել
Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրանում է: Սակայն մամուլում վերջերս տեղեկություններ էին շրջանառվել, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչել Սամվել Բաբայանին, որի հետ Անդրանիկ Քոչարյանը կապի մեջ է եղել անգամ, երբ ՊԲ նախկին հրամանատարն Արցախում էր:
Ավելին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության երկրորդ օրը՝ օգոստոսի 2-ին, Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ Սամվել Բաբայանը հետևել է Տոնոյանի մասնակցությամբ առաջին նիստին և հրապարակային հարցաքննությանը, 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանը ցանկացել է նույնիսկ բաց կապով հարցեր ուղղել, սակայն դա հնարավոր չի եղել:
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ պատերազմից առաջ Արցախի Անվտանգության խորհրդով փորձել են պարզել՝ հակառակորդն ունի՞ այն, ինչ ինքը գիտի՞, թե՞ ավելին ունի։
«Փորձել ենք այդ հարցով զբաղվել, նամակ ենք հղել Պաշտպանության բանակին։ Պաշտպանության բանակն ասել է, որ պիտի դիմենք Հայաստանի պաշտպանության նախարարին։ Ես զանգել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին, նա խուսափողական պատասխան է տվել՝ «դա գաղտնիք է, բան: Մենք ուզում էինք ճշտել զենքի, զորամասերի մասին, հասկացրին, թե՝ այդ տվյալները չենք կարող ձեզ տրամադրել։ Երկրորդ՝ մենք չէինք կարող գնալ դիրքեր։ ԱԽ-ն խորհրդակցական մարմին է, բայց չունենալով հակառակորդի մասին տվյալները՝ պիտի ծրագիր մշակեինք։ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ ինքը պիտի գա Ղարաբաղ, երբ գա՝ կխոսենք այդ մասին։ Հետո պարզվել է, որ եկել է, ու ինչպես եկել, այնպես էլ գնացել է։ Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել»,- շարունակել էր նա:
Ի դեպ, հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվել էր նաև Սամվել Բաբայանը, որը շատ չանցած որոշում էր կայացրել չմասնակցել՝ ասելով, թե խաղի կանոններ են փոխվել: Ավելի ուշ նա մանրամասնել էր.
«Մինչև դա մենք պայմանավորվել էինք, ես ներկայացրել էի, որ նախարարությունում մի փոխնախարար լինի, որ ամբողջ փաստաթղթերը ներկայացնեն, որոնք մեզ՝ հանձնաժողովին, պետք են գալու: Սկզբում համաձայն են եղել, հետո, երբ եկել է ռեալ պրակտիկ փուլը, հրաժարվել են դրանից, թե մենք պիտի մեր ուզած ձևով անենք, ես էլ ասել եմ՝ էդ դեպքում չեմ մասնակցում: Այսքանը, հատուկ մեծ բան չի եղել: Այսինքն, արխիվային փաստաթղթեր՝ ինչ որոշումներ, հրամաններ են եղել, պիտի էդ թիմը լինի, որ ասեմ՝ քեզ վստահում եմ, դու պետք է վերցնես և կարողանաս էն թղթերը, որ պետք է, տաս: Եթե դուք ձեր ուզած մարդուն եք դնում և ձևակերպում՝ մեր մարդը, էդ դեպքում ես անելիք չունեմ էդտեղ: Սա է իրական պատճառը: Ես չեմ կարող, երբ վստահ չեմ, մտնեմ էդ հանձնաժողովի մեջ և իրականացնեմ ինչ-որ մարդկանց ցանկություններ»:
Եվ հիմա 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործեր կան հարուցված, և հնարավոր է, որ Սամվել Բաբայանի խոսքը Քննիչ հանձնաժողովում անհրաժեշտություն է, եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Մյուս կողմից, խնդիրն այն է, որ, ինչպես վերևում նշեցինք, հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է, բայց մինչ այսօր այդպես էլ չի հարցաքննվել, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ինչի մասին ամիսներ շարունակ խոսվում էր:
Նշենք, որ 2023 թվականի մայիսի 3-ին երկրորդ անգամ էր 6 ամսով երկարաձգվել 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։
Ըստ այդմ՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին է լրանում:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է երկու անգամ՝ հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել մինչև վեցական ամսով:
Ջալալ Հարությունյանին, փաստորեն, չեն հրավիրելո՞ւ հանձնաժողով, իսկ գուցե չե՞ն ուզում:
Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել էր որևէ տարբերակով հանձնաժողովում լսել նաև անազատության մեջ գտնվող ՊԲ մյուս նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ինչը չարվեց:
Ավելին, վերջին մոտ 2 ամսում հրավիրյալների առումով հանձնաժողովը պասիվություն է դրսևորել, թե ինչի պատճառով՝ չենք կարող ասել:
Հավելենք, որ Քննիչ հանձնաժողով 2 անգամ կանչվել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը, այստեղ լսել են նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին: Իհարկե, եղել են նաև հանձնաժողով գնալուն դեմ արտահայտվողներ, մասնավորապես, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
«Բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ երբ լինի անկողմնակալ, արդար քննող հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, ապա մենք պատրաստ ենք բոլոր մանրամասներով, բացատրություններով ներկայացնել: Մենք հիմա քննչական վարչությունում շատ հարցերի պարզաբանումներ տալիս ենք, որովհետև ինչ-որ գործի հետ կապված նյութը, որը պետք է ընթացք ստանա, դրան պետք է ծանոթ լինեն փաստաբանները: Եվ այդ առումով որոշակի օբյեկտիվություն կարող է լինել: Իսկ այն հանձնախումբը, որը ղեկավարում են ոչնչի չտիրապետողները, դրանց հետ խոսելու բան չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում էր կայացրել չմասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստերին և հրավիրյալների հարցաքննություններին: