«Նախագահն իր լիազորությունների մի մասը, այն չափով, որ ճիշտ է համարել, տվել է մեզ՝ հրամանով ու գաղտնի». Սամվել Բաբայան

Նախագահն իր լիազորությունների մի մասը, այն չափով, որ ճիշտ է համարել, տվել է մեզ՝ հրամանով ու գաղտնի: Այսօր ԱՀ ԱԺ-ում հայտարարել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով Անվտանգության խորհրդի կանոնադրությանը, կառուցվածքին, լիազորություններին վերաբերող հարցին, քանի որ այն Նախագահի հրամանով ձևավորված խորհրդատվական մարմին է:

«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են, ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»,- նշել է Սամվել Բաբայանը:

ԱԱԽ քարտուղարը նաև տեղեկացրել է, որ իրենք լիազորված են ամեն հարցով:

«Բոլոր ոլորտներն իրավունք ունենք ստուգել, նայենք` ինչ է կատարվում, և այլն: Այնպիսի ոլորտ չկա, որ մեզ արգելված լինի գործունեություն ծավալել կամ հասկանալ` ինչ է կատարվում այդ ոլորտում»,- եզրափակել է նա:

Տեսանյութեր

Լրահոս