Մեկը չկա՞՝ ասի՝ տիկի՛ն կամ պարոն դեսպան, այստեղ քաղբանտարկյալներ կան. իրենք շարունակելու են խուլ ու համր ձևանալ. Արմեն Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ Հայաստանում պատշաճ ջանքեր չեն գործադրվել, որպեսզի ստիպեն միջազգային համապատասխան կառույցներին մարդու իրավունքների, ժողովրդավարության ոտնահարման և քաղբանտարկյալներին առնչվող հարցերի դեպքում չփակել աչքերը, չձևանալ կույր, խուլ և համր։
«Ես փորձեցի որպես մարդ անձնական նախաձեռնություն իրականացնել՝ ինձ շղթայելով նաև Եվրամիության դեսպանատան մոտ,- ԵՄ գրասենյակի առջև իր միայնակ ակցիան հիշեցրեց Արմեն Աշոտյանը՝ նկատելով նաև, որ իր կուսակիցների հետ այդ թեման պարբերաբար բարձրացնում են,- Պետք է բոլոր դեսպաններին, որոնք Հայաստանում ներկայացնում են երկրները, որոնց համար ժողովրդավարական արժեքները մինչև 2018 թվականը շատ կարևոր էին, իսկ հիմա՝ իրենց արժեքները գցում են գեոպոլիտիկ վառարանի մեջ, որ Նիկոլը տաք մնա, չմրսի, այդ բոլոր կառույցներին պետք է հանել կոմֆորտ զոնայից»։
Ըստ նրա՝ դա միայն ընդդիմության ու քաղբանտարկյալների հարազատների հարցը չէ, այլ բոլոր մտահոգ քաղաքացիների։
Արմեն Աշոտյանը ցավով արձանագրեց, որ ՀՀ-ում գործող միջազգային կառույցները ոչ համարժեք են արձագանքում երկրում կատարվողին․ «Բացում ենք Հայաստանում Եվրամիության միսիայի գրասենյակի պաշտոնական կայքը, նայում ենք լուրերը․ պարզվում է՝ օրեր առաջ իրենք նշել են Գենդերային հիմքով բռնությունների օրը։ Լիդյա Մանթաշյանը գենդերային հիմքով չի՞ նստած։
Լավ, մեկը հարյուրավոր մարդկանց մեջ չկա՞, գնա ասի՝ տիկի՛ն դեսպան, պարոն դեսպան մեր երկրում քաղբանտարկյալներ կան։ Իրենք իրենց շարունակելու են դնել․․․ երեք կապիկները հիշո՞ւմ եք՝ ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք խոսում, ոչինչ չենք լսում․ իրենք շարունակելու են դա անել, իրենց պետք է հանել կոմֆորտ զոնայից, իրենք պետք է դադարեն այստեղ իրենց առաքելությունը դիտարկել՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի վակցինացիայի, կամ, այսպես ասած, իշխանությունը երկարաձգելու գործիք»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
