Սամվել Բաբայանը գաղտնազերծել է՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում ում հետ և ինչ հարցով է բանակցություններ ունեցել

2022 թվականի սեպտեմբերի 5-ին Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր.

«2020թ. նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթակա չեն

Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբարենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից»:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին էր Բաբայանը հայտնել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից հրաժարման և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունների դադարեցման որոշման մասին:

Կարդացեք նաև

«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինելչլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։

Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում եմ, որ՝

– հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,

– դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»,-  հայտարարել էր ՊԲ նախկին հրամանատարը:

Վերադառնանք Սամվել Բաբայանի՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին Արցախի նախագահի հանձնարարականով Երևան գործուղմանը։

Վերջերս՝ 2023թ. հոկտեմբերին, NewDay.am-ի հետ զրույցում Արցախի ԱԽ նախկին քարտուղարը գաղտնազերծել է, թե ինչ հանդիպում է ունեցել Երևանում:

«Ես եկել եմ Արցախից նոյեմբերի 6-ին՝ Ղարաբաղի նախագահի խնդրանքով: Բանակցություններ եմ վարել այստեղ ռուսական մի ընկերության հետ, որը նայոմնիկներով է զբաղվում: Ամսի 6-ին ինձ գործուղում են այստեղ բանակցությունների, ես գալիս եմ բանակցեմ, որ նայոմնիկ գնա ստեղից, ու դուք ամսի 9-ին ղազագիր եք ստորագրում: Հիմա ես ի՞նչ պիտի անեի, պիտի հրաժարական տայի, սրա մասին է խոսքը: Ես լքել եմ պաշտոնը, որովհետև որպես ԱԽ քարտուղար՝ ուղարկում են բանակցությունների, և իմ թիկունքում ստորագրում փաստաթուղթ: Եթե անվստահելի եմ, ես ԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական եմ տվել և իմ «Արցախի հերոսի» մեդալը հանձնել՝ որպես պրոտեստ»,- նշել է Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը և՛ 168.am-ին, և՛ այլ լրատվամիջոցների ասել էր, որ 2020-ի նոյեմբերի 7-ին Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ինքը և ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը մեկնել են Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Արդյոք տեղի՞ են ունեցել այդ քննարկումները և ի՞նչ արդյունք են տվել, մինչ այսօր հայտնի չէ:

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի նոյեմբերի 7-ին իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին:

«Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի: Եվ ստացել էի հավաստիացում, որ կպահվի: Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք: Այսինքն՝ պահեք Շուշին: Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչոր հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում ենք: Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է: Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ մեկերկու օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- մանրամասնել էր Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալլեյտենանտ Միքայել Արզումանյանն է, ըստ էության, միայն մեղադրվում Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար: Ի դեպ, մեղադրանքում Շուշիին վերաբերող դրվագը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, ավարտվում է նոյեմբերի 7-ով:

Տեսանյութեր

Լրահոս