Նրանց հայտարարությունները գրոշի արժեք չունեն՝ պատերազմի հետևանքների, խոցված սահմանների, Արցախի հայաթափման ֆոնին. Ատոմ Մարգարյան
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 9.7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ. ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներն են:
Ըստ այդմ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն 9 ամսում ավելացել է 1.7 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-սեպտեմբերին 2022թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 23.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 13.4 տոկոսով: 2023թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.3 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2.8 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 47.2 տոկոսով:
Քանի որ պարբերաբար Նիկոլ Փաշինյանն ու տնտեսական բլոկի ներկայացուցիչները ոգևորվում են նման ցուցանիշներից և փողփողում ՀՀ տնտեսական աճերի, մեծ հեռանկարների մասին դրոշակը, 168.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս 9.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը ոգևորության առիթ է՝ հաշվի առնելով, որ այդ ակտիվությունը եղել է ոչ թե արդյունաբերության և գյուղատնտեսության հաշվին, այլ ծառայությունների, առևտրի, շինարարության:
Այս ցուցանիշները, ըստ Ատոմ Մարգարյանի, փաստում են՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ունի առևտրավաշխառուական կառուցվածք, և մեր երկիրը հիմնված է սպառողական ակտիվության վրա:
Մեր տնտեսական ակտիվության հիմքը, լայն իմաստով, պարտքն է
«Մեր տնտեսական ակտիվության հիմքը, լայն իմաստով, պարտքն է, և պետական պարտքի աննախադեպ աճ ունենք, համենայն դեպս, վերջին 5 տարիների դոմինանտ հատկանիշը տնտեսական կյանքի՝ պարտքի ավելացումն է: Պետական և արտաքին, և ներքին պարտքի աննախադեպ աճ է տեղի ունեցել, թեև հարաբերական առումով միշտ ասվում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերությունը կառավարելիության տիրույթում է, բայց դա վտանգավոր ռիսկային չէր լինի զարգացած երկրների պարագայում,- շեշտեց տնտեսագետը՝ նկատելով նաև, որ պարտք է ներգրավվել պարտք տալու համար,- Մեր արտաքին արժութային ռեզերվների մի մասը դրված է այլ երկրների և հատկապես՝ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի մեջ»:
Ատոմ Մարգարյանն արձանագրեց՝ ռեալ սեկտորում չկա այնպիսի տնտեսական ներդրումային ակտիվություն՝ հատկապես արդյունաբերության ոլորտում, որ կարող էր ձևավորել բարձր եկամտաբեր աշխատատեղեր: Այս թվերը, ըստ նրա, ընդամենը մակրոտնտեսական իրադրային ցուցիչներ են, որոնք միջին, երկար ժամկետում ոչինչ չեն տալիս:
Վերարտահանումների գծով մենք չեմպիոն ենք
«Այո, մենք ունենք արտաքին առևտրաշրջանառության գրեթե 50 տոկոսին մոտ ներմուծման, արտահանման ցուցանիշներ, բայց ինչի՞ հաշվին. հիմնական վերարտահանումների հաշվին: Վերարտահանումների գծով մենք չեմպիոն ենք:
Իսկ լուրջ քաղաքականության մասին, որը կարող էր Հայաստանը դիրքավորել ավելացված արժեքի՝ բարդ արտադրություն ենթադրող բրենդների գծով, ցավոք, այդ թվերը չեն խոսում»,- շեշտեց նա:
Ի դեպ, գործադիրն այսօր հաստատել է Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը՝ արդյունաբերության ոլորտում պետական աջակցության գործիքակազմի ներդրման նպատակով:
Ըստ հիմնավորման՝ Հայաստանը տնտեսական բարդության ինդեքսում (ECI) զբաղեցնում է 91-րդ դիրքը, որն ավելի ցածր է, քան համադրելի եկամուտներ ունեցող երկրներինը: Տնտեսական բարդության ինդեքսը թույլ է տալիս գնահատել երկրների տնտեսական աճի պոտենցիալը հաջորդող ժամանակաշրջաններում։ Նախորդ տասնամյակի համեմատ Հայաստանի տնտեսությունը դարձել է պակաս բարդ՝ վատթարացնելով վարկանիշում իր դիրքը 43 հորիզոնականով։
Տնտեսագետն այս համատեքստում անդրադառնալով Տնտեսական բարդության ինդեքսում Հայաստանի դիրքային ցուցիչներին՝ հավելեց. «Հիմնականում դա պղինձն է. քառորդ մասը ոչ թե պղնձի արտադրությունն է, այլ պղնձի հանքաքարի արդյունահանումն է, հարստացումն է և կիսամշակված խտանյութի արտահանումն է: Սա ուղղակի խայտառակություն է. վերջին 30 տարվա ընթացքում մենք փորել ենք ընդերքը ու վաճառել ենք, և դրա տակ քաղաքականություն չի եղել, որ դա դառնա մաքուր պղինձ, էլեկտրատեխնիկական, ռազմական, բարձր տեխնոլոգիական արտադրանք»:
Սա է մեր տնտեսական համակարգի կառուցվածքը՝ պրիմիտիվ, պարզունակ, աֆրիկյան երկրներին բնորոշ
Մասնագետը նկատեց՝ ՀՆԱ-ի կառուցվածքում ևս պղնձամոլիբդենային կոմպլեքսն է առաջատար՝ մոտ 24.5 տոկոս է, ճամփորդություններն ու տուրիզմը՝ 15.5 տոկոս, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը հասնում է 12 տոկոսի, և մնացածը՝ շատ ավելի համեստ մասնաբաժիններով:
«Սա է մեր տնտեսական համակարգի կառուցվածքը՝ պրիմիտիվ, պարզունակ, աֆրիկյան երկրներին բնորոշ, որտեղ հանքարդյունաբերությունը դոմինանտ է: Սա մի երկրի դեպքում, որը խորհրդային ժամանակաշրջանում ուներ միջին և բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որի առնվազն կեսը ռազմարդյունաբերական ուղղվածություն ուներ,- ասաց Ատոմ Մարգարյանը, ապա անդրադառնալով պաշտոնյաների՝ տնտեսական աճերի, ակտիվության, հեռանկարների մասին հայտարարություններին՝ նշեց,- Նրանց հաշվետվություններն ու հայտարարությունները գրոշի արժեք չունեն՝ պատերազմի այս սարսափելի հետևանքների, մեր խոցված սահմանների ֆոնին, անվտանգության՝ պլինտուսի մակարդակի վրա գտնվելու ֆոնին և Արցախի հայաթափման ֆոնին: Լավ կլինի՝ ընդհանրապես լռեն այդ մարդիկ»:
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ տնտեսական այս ցուցանիշները, թվերը տասնամյակներ շարունակ ամփոփում են տնտեսության ողբերգական պատկերը, այդ թվերի հետևում տասնամյակներ ոլորտի պաշտոնյաներն ու գործարարներն են:
«Շատերն ունեն սեփական կուսակցություններ, որոնք քաղաքական պրոցեսների մեջ ունեցել են որոշիչ դերակատարություն. ո՞ւր են հիմա, ինչո՞ւ ձայնուծպտուն չեն հանում, ՀՆԱ-ն ձևավորող մեր հերոսներն ինչո՞ւ չեն խոսում. հասկանալի է, չէ՞, որովհետև տասնամյակներ շարունակ միլիարդներ են դիզել՝ հարկեր չվճարելով, թալանելով բնակչությանը և պետական բյուջեն, թաքցնելով հարկերը»,- նկատեց Ատոմ Մարգարյանը:
Տնտեսագետը, սակայն, չի վստահում նաև այսօր վարվող վիճակագրությանը. համոզված է՝ ներկայացվող թվերի զգալի մասն իրականության հետ կապ չունի, քանի որ տնտեսությունը շարունակում է մնալ կառուցվածքայնորեն խեղված վիճակում, ստվերային և իշխանության հետ սերտաճած վիճակում:
«Այն օրակարգերը, որով այս, այսպես կոչված, թավշյա բլեֆի իշխանությունը եկավ ու խոստացավ բոլոր նեգատիվ ստատուս-քվոները վերացնել, մենք չենք տեսնում»,- ամփոփեց նա: