Բաժիններ՝

Պորտուգալացի արձակագիր Ժոզե Լուիշ Պեյշոտուի «Եղերեգ հորս» գիրքը թարգմանվել է հայերեն

Պորտուգալացի արձակագիր Ժոզե Լուիշ Պեյշոտուն Հայաստանում ընթերցողների դատին հանձնեց «Եղերեգ հորս» գիրքը, որը հայերեն լույս է ընծայել «ՀԳՄ հրատարակչությունը»:

Գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Թարգմանչաց տոնին, հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանն ասաց՝ սրտառուչ մենախոսության հայերեն թարգմանությունը կատարվել է հեղինակի ցանկությամբ:

«Գիրքը հեղինակի համար թանկ է, որովհետև եղերգություն է՝ նվիրված հորը: Անչափ սրտառուչ, ընթերցողին անմիջապես կլանող ստեղծագործություն է: Ընթերցողի և հեղինակի մտերմությունը կայանում է միանգամից, որովհետև նա սրտի բոլոր լարերով զգում է թախծոտ ստեղծագործությունը»,-նշեց Մկրտչյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ պորտուգալական գրականությունը յուրահատուկ է: «Մենք երբեմն եվրոպացիների, հատկապես գերմանացիների, ֆրանսիացիների շվեդների մասին խոսելիս կարծել ենք, որ նրանք սառը հայացք ունեն աշխարհի նկատմամբ, որ նրանց սիրտը մեր ժողովուրդների չափ տաք չէ, սակայն պարզվեց, որ դա թյուր կարծիք է, քարացած պատկերացում, այնինչ կարևորը իրական հանդիպումներն են, իրական ընթերցումները»,-ասաց Միլիտոնյանը:

Միության նախագահի համոզմամբ՝ Ժոզե Լուիշ Պեյշոտուի պատմվածքն ասես հայ հեղինակ գրած լինի: «Գրքում ջերմ, տաք սրտով հետաքրքիր ապրումներ են, հեղինակի և նրա հոր հետ հարաբերություններն են, նրանց և բնության կապն է, հարազատության ելևէջներն են: Ըստ իս՝ սա սրտի գրականություն է»,-եզրափակեց Միլիտոնյանը:

Ժոզե Լուիշ Պեյշոտուն վստահ է՝ գրողները երբեմն ստեղծում են տեղական գրականություն, բայց թարգմանիչներն այն ավելի են տարածում: «Հայաստանում ես նույնպես հասկացա, որ ամենակարևորը հիշողությունն է: Հայաստանը լուրջ և վաղեմի անցյալով երկիր է, և ես խոսքեր չեմ գտնի հայկական գեղեցիկ տառերը, հայոց լեզուն նկարագրելու համար»,-ասաց գրողը:

Նրա խոսքով՝ հիշել ծնողներին, նշանակում է հիշել անցյալն ու հասկանալ ներկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս