Տեսա՞ք, որ հենց Սերժը գնաց, երկրի հերն անիծվեց. ես իշխանություն չեմ ուզում, հայրենիք ու պետություն եմ ուզում. Էդուարդ Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը նպատակ ուներ մեր սատարումը հայտնել Արցախի հերոսական ժողովրդին և արժևորել Արցախի անկախության հռչակման օրվա խորհուրդը։ Հետևաբար՝ այդ հանրահավաքից կարող էին վախեր ունենալ բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող, Հայաստանում ապրող քաղաքական գործիչները։ Որովհետև սեպտեմբերի 2-ի հանրահավաքի դեմ խոսել՝ նշանակում էր խոսել Արցախի, նրա անկախության, ինքնորոշման իրավունքի, Եռաբլուրի, 30-ամյա մեր հերոսական պատմության դեմ։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը պերմանենտ հանրահավաքներ սկսելու համար չէր․ դրա մասին նախապես հայտարարվել էր։
  • Կապիտուլյանտական ռեժիմի գեբելսյան քարոզչամեքենան իր ողջ ռեսուրսը դրել է՝ ասելու համար, որ կարևորը ոչ թե Արցախն է, այլ ասֆալտը։ Մենք պետք է ընտրենք Արցախի և ասֆալտի միջև։ Ասֆալտը թուրքական ֆուռերի համար դառնալու է պանթուրքիստական ճանապարհ, եթե մենք հրաժարվենք Արցախից։ Մյուս պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը։ Դրա համար նորից շրջանառում են նախկին, թալան, կոռուպցիա եզրույթները։ Իրենցից մեծ թալանչի չկա։ Նիկոլն է տվել Շուշին, Հադրութը, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը…
  • Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետել ոչ թե ՀՀԿ-ին, ՀԱԿ–ին կամ մեկ այլ ուժի, այլ ՀՀ Երրորդ Հանրապետությանը, որովհետև այն ծնունդ է 88-ի Ղարաբաղյան շարժման։
  • Այն, ինչ Նիկոլն առաջարկում է, խաղաղություն չէ, այլ ստրուկի կարգավիճակ՝ Էրդողանի և Ալիևի ոտքերի տակ։
  • Նիկոլ պաշտողնե՛ր, ձեր Նիկոլն է ասել 44-օրյա պատերազմի ժամանակ, որ թուրքը եկել է՝ Հայոց ցեղասպանության գործընթացն ավարտին հասցնելու համար։ Հիմա ձեր նույն Նիկոլը ձեզ ուզում է դարձնել թուրքի ստրուկ։
  • Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանն ուզում են դարձնել պոլի շոր, որ ոնց ուզեն, ոտքերը մաքրեն։ 30 տարի շարունակ Հայաստանը եղել է գործոն, էսօր, Նիկո՛լ, դու եկել ասում ես՝ մի շնչեք, մի արտաշնչեք, կարող է՝ թուրքերը ջղայնանան…

  • Այս իշխանությունը ոչ պրոռուսական է, ոչ պրոարևմտյան, այն իր բնույթով պրոթուրքական է։
  • Երբ տարբեր քաղաքական շրջանակներից «ջրի պիստալետներով» կրակում են տիտղոսային ընդդիմության վրա, դա ինձ համար հասկանալի չէ։ Քննադատելու իրավունք ունի ժողովուրդը, բայց երբ խոսում են իրենց հետևում 2 հոգի չունեցող, բայց 200.000 հոգի ցույց տվող քաղաքական ինչ-ինչ ուժերը, ծիծաղելի է։
  • Նաև մեր, իմ կուսակցության՝ ՀՀԿ-ի պայքարի արդյունքն էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջել է պատմական մինիմումի։
  • Նիկոլի հեռացումն անխուսափելի է, և, այո, քաղաքական շրջանակներում շատ լուրջ քննարկումներ են ընթանում հանրահավաքային ալիք սկսելու համար։ Ռուբիկոնն անցնելու պահը շատ մոտ է, որովհետև հապաղումը կարող է կործանարար լինել մեր պետության համար։
  • Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը հավասարազոր է Արցախն Ադրբեջանին, Հայաստանն էլ Թուրքիային հանձնելուն։ Դրա համար Սերժ Սարգսյանը «մենք ենք ուզում» ասելով՝ նկատի ուներ, որ Փաշինյանի հեռացումն ուզում է հայ ժողովուրդը։
  • Շատ բնական է, որ ադրբեջանական մամուլը պետք է սատարի Նիկոլ Փաշինյանին ու անվանարկի Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունել է, որ 2018-ին օժանդակել է Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացին։ Ֆիքսենք՝ առաջին դեպքը չէ, որ Ալիև-Էրդողան-ՔՊ-ականները նույն հայտարարություններն են անում։
  • Ակնհայտ է, որ վախկոտ գործիչները գնում են ռեպրեսիաների ճանապարհով։ Պատմության մեջ ամենադաժան գործիչները վախկոտ գործիչներն են։ Ես չեմ բացառում, որ ազգային նոր ալիքի բռնկմանը զուգահեռ՝ մեր նկատմամբ նոր պրոցեսներ կսկսվեն։ Արմեն Աշոտյանին անհիմն կալանավորեցին. պայքարը չավարտվեց, չէ՞։ Նույն կերպ Արմենը կալանավայրից պայքարում է։ Հիմա՝ նույնը մենք։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանին կալանավորելով՝ կարծում են՝ նրան կարող են վախեցնե՞լ։ ՀՀԿ-ն անգամ ռուսական КГБ-ից չի վախեցել։ Սերժ Սարգսյանն իր ողջ կենսագրությունը նվիրել է «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» գաղափարին։
  • Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել 2020թ․-ին և ասել Նիկոլ Փաշինյանի մեջքին կանգնած են բոլոր այն ուժերը, ովքեր կանգնած են Հոկտեմբերի 27-ի թիկունքում։
  • Մենք գետինը չե՞նք մտնում, որ արցախցի մայրը թուրքից Աղդամով հաց չի վերցնում, որ իր երեխան ուտի, իսկ մենք այստեղ կռիվ ենք տալիս ասֆալտի և փորի համար։
  • Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Մելքոնյան, Սասուն Միքայելյան, Վազգենի անունը տվող մյուսներ, որ Վազգենի գերեզմանին գնում եք, ի՞նչ եք մտածում, որ Վազգենը ձեզ ներելո՞ւ է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Մեր իշխանությունն ունեցել է բազում մեղքեր, և դրանցից են նաև նշված անունները, որ եղել են մեր շարքերում։ Ու Աստված դժվար թե մեզ ների դրա համար
  • Հոկտեմբերի 27-ից առաջ ամենաշատը Նիկոլ Փաշինյանն էր Վազգեն Սարգսյանի, բանակի դեմ գրում:
  • Հայաստանում այլևս ոչ առաջնորդի խնդիր կա, ոչ առաջնորդության։ Ես էլ էի ժամանակին կարծում, որ առաջնորդի շուրջ պետք է համախմբվել։ Պետք է համախմբվել գաղափարի շուրջ։ Մեր առաջնորդն Արցախն է։ Սա անուն-ազգանունի պայքար չէ։

Կարդացեք նաև

  • Մի բան ակնհայտ է, որ Առաջին, Երկրորդ, Երրորդ նախագահները, վարչապետներից շատերը, մեր եկեղեցին ունեն կոնսենսուս մի հարցի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և համախմբումը պետք է լինի դրա շուրջ։
  • Մենք կհասնենք հաջողության, եթե յուրաքանչյուր քաղաքական, ազգային, պետական ուժ և անձեր առաջնային կհամարեն ոչ թե իրենց իշխանության գալը կամ վերադառնալը, այլ Նիկոլի հեռացումը։ Ես անձամբ՝ որպես Էդուարդ Շարմազանով, կարևորում եմ Նիկոլ Փաշինյանի և նրա հանցավոր խմբակի հեռացումը։ Մեր խնդիրն է՝ պահել այն, ինչ կա։ Շատ ավելի վատ է լինելու։
  • Ես իշխանություն չեմ ուզում, հայրենիք ու պետություն եմ ուզում։
  • Նիկոլ Փաշինյանի հեռացումը դեպի լույս գնացող առաջին դուռն է, որ պետք է բացվի։
  • Նիկոլի գնալը կանգնեցնելու է նոր կորուստները։ Ոչ ոք չի ասում, որ նոր իշխանությունն անմիջապես հետ է բերելու Հադրութն ու Շուշին, բայց կկանխի նոր տարածքային կորուստները։
  • Նիկոլ Փաշինյանն ուզում է Հայաստանը դնել պանթուրքիզմի նոր վեկտորի վրա, ինչը համապատասխանում է բրիտանական շահին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը բոլորին քննադատում է, բացի իրենից ու Էրդողանից։
  • Գլուխները պատով են տալիս բոլորը, ովքեր ինձ ու իմ քաղաքական ուժին կմեղադրեն Նիկոլի օրակարգը սպասարկելու մեջ։ Մեր կուսակցությունը ԳՄ հայտարարություն է արել, որտեղ հանրամատչելի բացատրել է՝ ինչու ՀՀԿ-ն չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ Մեր պայքարը Հայաստանը թրքացումից փրկելն է, ի՞նչ կապ ունեն այստեղ քաղաքապետի ընտրությունները։ Որևէ մեկը մտածում է, որ ընտրություններով Նիկոլենց կհեռացնե՞ն։ Եթե անգամ որևէ հրաշքով ընդդիմությունը որևէ կերպ հաղթի, դա չի ազդելու ՀՀ արտաքին քաղաքականության վրա։
  • Ընտրություններով Նիկոլը չի հեռանալու։ Նիկոլը հեռանալու է այն ժամանակ, երբ 100.000 մարդ դուրս կգա փողոց։
  • Փողոցային պայքար սկսելու համար պարտադիր է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշա՞վ։ Չպետք է մտնել մի խաղի մեջ, որը կազմակերպում է իշխանությունը։
  • Եթե մենք կամ ՀՅԴ-ն զգայինք, որ ընտրությամբ Նիկոլին փոխելու հնարավորություն կա, կգնայինք, կմասնակցեինք, ինչի՞ էինք դառնում ուրիշների «տասովչիկը»։
  • «Սերժն է բերել Նիկոլին» թեզը կարող է լինել՝ ինչպես Նիկոլի, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների ու տարբեր ընդդիմադիր ուժերի թեզը։ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը և Աղվան Վարդանյանը միակն են եղել, ովքեր 2018թ մայիսի 1-ին չեն քվեարկել Նիկոլի օգտին։ Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն ո՞ւմ է ուղարկել միտինգի՝ մեզ մերժելու։ Եթե Սերժ Սարգսյանն ուզենար իշխանությունից հեռանալ, 2018թ ապրիլի 9-ին պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր, առոք-փառոք կգնար թոշակի ու կասեր՝ ինչ ուզում եք, արեք։ Սերժ Սարգսյանը գնաց երրորդ ժամկետի, որ Շուշին այս օրին չլիներ։ Սերժ Սարգսյանը պատասխանատվություն էր վերցրել իր վրա։
  • Նիկոլին 2018թ. ուղղակի կամ անուղղակի բերել են նրանք, ովքեր դեմ էին Սերժ Սարգսյանի վարչապետացմանը։ 2018թ․ մեզ մեղադրում էին, որ Նիկոլ չենք ընտրում, հիմա մեզ ասում են՝ Նիկոլին դո՞ւք եք բերել։ Էն ժամանակ ինձ մեղադրում էիք, որ ասում էի՝ Սերժ Սարգսյանը անփոխարինելի գործիչ է։ Տեսա՞ք, որ հենց Սերժը գնաց, երկրի հերն անիծվեց։ Ես չեմ ասում՝ մենք մեղքեր չենք ունեցել։ Այս 5 տարին մեզ համար նաև քավարանի շրջան էր։

  • Բոլորին կոչ եմ անում՝ ձեր ցավը տանեմ, սառեցնենք էս անցյալի օրակարգը, եթե փակել հնարավոր չէ, բայց համախմբվենք ու երկիրը փրկենք էս չարիքից։
  • Ի՞նչ պիտի առաջարկի Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին։ Ադրբեջանից ու Թուրքիայից առաջարկներն իրեն ուղարկում են, ինքը ստորագրում է ու հետ է ուղարկում։
  • Նիկոլ Փաշինյանը էսօր ամեն ինչ բերել-հասցրել է նրան, որ հայ ազգը երանի է տալիս Նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Նրա ուզածը Արցախի հարցը փակելն ու տարածաշրջանից Ռուսաստանին Արևմուտքի օժանդակությամբ հանելն է, ու Հայաստանը կդրվի թուրքական գերիշխանության տակ։
  • Իտալացի լրագրողի հետ Նիկոլի հարցազրույցը նման էր գերազանցիկի ու ծույլիկի շփման։ Ամոթալի էր ինտելեկտուալ պատրաստվածության այն մակարդակը, որը բավականին պատրաստված ու ինֆորմացված իտալացի լրագրողի մոտ դրսևորում էր Նիկոլ Փաշինյանը։
  • Նիկոլ, ռուսները քեզ զենք վաճառեն, որ ի՞նչ անես, նվիրես թուրքերի՞ն։ Բաքվի շքերթի ժամանակ ցույց տվեցին՝ 5 միլիարդ դոլարի զենք էիր նվիրել Ադրբեջանին։
  • Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր պարտավորություններից թռել ու Պրահայում Արևմուտքի քավորությամբ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
  • Նիկոլ Փաշինյանին քաղաքական առումով բանի տեղ չի դնում ոչ ոք՝ ոչ Արևմուտքում ու Ռուսաստանում, ոչ էլ, առավել ևս, Թուրքիայում ու Ադրբեջանում օգտագործում ու դեն են շպրտում։
  • Մեր ռուս գործընկերները մեզ հետ զրույցներում հստակ ասում են՝ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս գալու մտադրություն չունի։ Բայց մեր փոխարեն ոչ ոք մեր բեռը չի տանելու։ Մենք պետք է տանենք մեր բեռը, որ մեզ օգնեն։ 30 տարի մեզ դրա համար են օգնել, տեսել են, որ մենք չենք վախենում անկախ պետականության ու Արցախի հայկականության բեռը տանելուց։
  • Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքականությունից հասկանում է այնքան, ինչքան էշը տուռնիկից։ Դրա համար էլ մենք էս օրին ենք։ Մարդ ինչքան պիտի տգետ լինի, որ ասի՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ։ Թուրքիան էլ Ամերիկայի հարևանը չէ։ Էդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգներն այստեղ, Սյունիքում ի՞նչ են անում: Ամերիկյան ռազմաբազաները Թուրքիայում ի՞նչ են անում, Նիկոլ։
  • Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո իր պաշտոնին մնացել է բացառապես ռուսական աշխարհաքաղաքական աջակցության շնորհիվ, երբ Վլադիմիր Պուտինն ասաց՝ «Никол не предатель», իսկ «Դիմադրության» շարժման ժամանակ էլ Հայաստան եկան Լավրովն ու Վոլոդինը:
  • Հիմա Նիկոլը գտնվում է երկու բանակցային փաթեթների մեջ ու մեկին պետք է գցի։ Արևմուտքին գցի՝ Արևմուտքն է պատժելու, Ռուսաստանին գցի՝ Ռուսաստանը։ Չեմ բացառում, որ նոր էսկալացիա կսկսվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս