Հայաստանի սահմանները որոշելու իրավասություն ոչ մեկը ո՛չ Նիկոլին է տվել, ո՛չ էլ նրա ուսապարկերի հավաքածուին. Արամ Օրբելյան
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ Արամ Օրբելյանը խոսել է ադրբեջանական ագրեսիային ի պատասխան՝ միջազգային իրավունքի գործիքակազմից օգտվելու հնարավորությունների մասին, անդրադարձել Ազգային ժողովի՝ այսօր ընդունած հայտարարությանը, ագրեսիայի եզրույթի ձևակերպմանը, այլ կարևոր թեմաների ևս:
Հարցազրույցի հիմնական թեզերը ներկայացնում ենք ստորև:
- Անվտանգության խորհրդի՝ գիշերն ընդունած հայտարարությունը ոչ մի բան է: Եթե գիշերը հավաքվել են, որոշել են «նամակ գրել Ռուսաց թագավորին» կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, դա ոչինչ է, որովհետև միջազգային իրավունքի գործիքակազմը ենթադրում է առաջին հերթին ինքնապաշտպանության գործիքակազմի կիրառում:
- Սահմանված չէ ռազմական ռեժիմ, չկա հայտարարված մոբիլիզացիա, չեմ տեսնում ՀՀ-ի կողմից Ադրբեջանին պատասխան տալու որևէ գործընթաց:
- ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ պետության ինքնապաշտպանության իրավունքն անքակտելի իրավունք է: Ինքնապաշտպանության իրավունքը միայն սահմանների պաշտպանությունը չէ, այն ավելի լայն կոնցեպտ է և ենթադրում է, որ եթե մենք այսօր ֆիզիկական հնարավորություն ունենայինք գրավել Բաքուն, մեզ այդ իրավունքը տրված է: Ինքնապաշտպանությունը ֆիզիկական զինված ուժերի օգտագործման գործընթաց է, որն ուղղված է բացառելու հետագայի բոլոր խախտումները:
- ՀՀ-ն իրավիճակին պետք է տա իրավական գնահատական. առկա է Հայաստանի նկատմամբ զինված հարձակում, կա ագրեսիայի փաստ: ՄԱԿ-ի ԱԽ-ին այդ մասին պետք է տեղյակ պահել:
- Եթե նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշում չընդունվի, ՄԱԿ-ին պետք է տեղեկացնել, որ մենք օգտվում ենք մեր ինքնապաշտպանության իրավունքից, մի բան, որ համոզված եմ, Ադրբեջանն արդեն արել է:
- Քանի դեռ չենք խոսել զինված հարձակման և ագրեսիայի մասին, քանի դեռ չենք օգտվել մեր ինքնապաշտպանության իրավունքից, մնացած գործողությունները երկրորդային են:
- Մենք պետք է պահանջենք, որ ՀԱՊԿ-ի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի զորքերը Կասպից ծովից ու Դերբենտի կողմից մտնեն Ադրբեջան, այլ ոչ թե գան Հայաստան ու Հայաստանով գնան, սահման պահեն:
- ՀԱՊԿ-ը միջազգային սահմանապահ ուժեր չեն. Արցախի Խաղաղապահ առաքելությունը լրիվ այլ գործառույթներ ունի, ՀԱՊԿ-ը՝ այլ:
- Եթե ՌԴ-ի դեմ ագրեսիա լինի Ադրբեջանի կողմից, ՀԱՊԿ-ը գալու է Հայաստանի՞ց մտնի Ադրբեջան:
- Ագրեսիա է մի պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության տարածքի նկատմամբ ռմբակոծումը. Սա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձևակերպումն է:
- Պետք է ՀԱՊԿ-ից շատ հստակ մի բան պահանջել՝ կատարել իր պայմանագրային պարտավորությունները, և չկատարելու դեպքում դուրս գալ ՀԱՊԿ-ից:
- ՀԱՊԿ անդամ-պետությունները պետք է շատ հստակ իմանան, որ եթե Հայաստանի հետ մտել են մի կազմակերպության մեջ, պարտավոր են կատարել այդ պայմանագրով նախատեսված գործողություններ: Ճիշտ նույն կերպ, եթե Ուկրաինան գործողություն սկսի ՌԴ տարածքում, Հայաստանը պետք է կատարի իր պայմանագրային պարտավորությունները:
- ԱԺ-ն ընդամենը պետք է իր հայտարարության սկզբում ասեր՝ տեղի է ունեցել ագրեսիա. լավ է, որ գոնե այս տեքստն են ընդունել:
- ՀՀ դիրքերը չեն ռմբակոծվել, այլ բնակավայրերը, Ջերմուկ քաղաքը, Սոթքը, Սյունիքի բնակավայրերն են ռմբակոծվել:
- Իշխող ուժը սարսափում է կամ ձև է անում, թե սարսափում է Ադրբեջանի հայտարարություններից:
- «ՀՀ ինքնիշխան տարածք» արտահայտությունն օգտագործելը հանցագործություն է, որովհետև ես կարծում եմ, որ Քարվաճառը, Քաշաթաղը նույնպես ՀՀ ինքնիշխան տարածքներ են, և Արցախն է ՀՀ ինքնիշխան տարածք: Ինքնիշխան տարածքն այս հարցի նկատմամբ ունի երկրորդական նշանակություն, որովհետև կան հրադադարի գծեր, իսկ դրանց հատումը նույնպես ագրեսիա է ու զինված հարձակում:
- Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նկրտումները:
- Պետք է բացառվի Հայաստանի տարածքից ՀՀ անվտանգության ապահովումը:
- ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը կրկնում է մեր Ազգային ժողովի հայտարարությունը՝ էլ ավելի փափուկ տարբերակով:
- Հայաստանի Զինված ուժերը հրաման ստացե՞լ են ռմբակոծել Քարվաճառի տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերը. ինչի՞ չեն ստացել:
- Պատերազմը կանգնեցնելու արդյունքում ունենալու ենք խայտառակ պարտություն:
- Հայաստանի սահմանները որոշելու իրավասություն ոչ մեկը ոչ Նիկոլին է տվել, ոչ էլ նրա ուսապարկերի հավաքածուին:
- Շատ հավանական է, որ պայմանավորված գործընթացներ են տեղի ունենում:
- Եթե ԱԺ պատգամավորն ասում է՝ սա սահմանային միջադեպ է, պետք է գիտակցել՝ սահմանային միջադեպերը միջազգային իրավունքում չեն համարվում ագրեսիա: Սա սահմանային միջադեպ չէ:
- Իշխանական պատգամավորի հայտարարությունը կարող է նշանակել ջայլամի քաղաքականությունից մինչև պետական դավաճանություն:
- Պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքեր կան:
- Պետք է մտածեինք այսօրվա մասին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էինք ձերբակալում հակասահմանադրական հոդվածով, ինչ-որ մեկի վրայի 10 հոգու արյունը ուրիշի միջոցով մաքրելու համար:
- Խաղաղությունը շատ կարևոր է, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել 49 զոհի գնով:
- Եթե կա խնդիր, այն պետք է հեռացնել արմատից:
- Իշխող կուսակցությունը պարտավոր է փոխել վարչապետին, որովհետև վարչապետի վախը չափել են:
Մանրամասները՝ տեսանյութում