Բաժիններ՝

SOS հնչեցնելու ժամանակն է. ուսուցիչների թիվը մեկը տարում նվազել է 900-ով

Հրապարակվեցին 2022թ.-ին բուհեր դիմածների տվյալները։ Նորից լրահոսից դուրս մնաց մանկավարժական բուհերի հետ կապված պատկերը։ Միայն տեղեկացանք, որ Շիրակի պետական համալսարան և Վանաձորի պետական համալսարան Մաթեմատիկա մասնագիտության գծով դիմորդներ չկան։ Սա, իհարկե, շատ վատ լուր է։ Այս բուհերում արդեն փակվել են Ֆիզիկայի և Քիմիայի ուսուցիչներ պատրաստող բաժինները։ Եվ հիմա հերթը հասնում է նաև Մաթեմատիկային, որի ուսուցիչների պակասն ուղղակի աղետալի կլինի Հայաստանի համար։

Լրահոսից դուրս մնացին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ընդունելության  տվյալները։ Այս բուհը շատ կարևոր է մեր կրթական համակարգում, քանի որ այն սպասարկում է ոչ միայն Երևանի դպրոցներին, որտեղ կենտրոնացած է մեր աշակերտների շուրջ 33 տոկոսը, այլև Երևանից հետո աշակերտների թվով 3 խոշոր մարզերի՝ Կոտայքի, Արարատի, Արմավիրի դպրոցներին, ինչպես նաև բուհեր չունեցող Արագածոտնի և Վայոց ձորի (այս մարզի միակ բուհն այլևս ընդունելություն չի անելու) մարզերի դպրոցներին։ Տեսեք՝ ինչ մտահոգիչ տվյալներ ունենք Մանկավարժական համալսարանում։

Բուհ դիմել են 754 հոգի, որոնցից 126-ը (17%-ը) ցանկանում են դառնալ հոգեբան, իսկ 11-ը (1,5%-ը) Մաթեմատիկայի ուսուցիչ։ Հոգեբանությունը մանկավարժական համալսարանի ամենապահանջված բաժինն է։ Բնագիտական, հումանիտար առարկաների, մայրենի և օտար լեզուների բաժինները միասին վերցրած ավելի քիչ դիմորդ ունեն, քան միայն Հոգեբանության բաժինը։ Տրամաբանական է, որ ուսուցիչների պակաս ունեցող երկրում հոգեբանների պահանջարկը պետք է աճի։

Ունենք դիմորդների թվի շեշտակի նվազում գրեթե բոլոր մասնագիտությունների գծով։ Օրինակ՝ Մաթեմատիկա մասնագիտությամբ անցած տարի մանկավարժական համալսարան դիմել էր 31 հոգի։ Այս տարի ունենք 11 դիմորդ։ Եթե հաշվի առնենք, որ Գյումրու և Վանաձորի համալսարաններում էլ ոչ մի դիմորդ չունենք այս մասնագիտությամբ, պարզ է դառնում, թե ինչ է մեզ սպասվում։ Հայաստանի դպրոցներում Մաթեմատիկայի ավելի քան 4000 դասավանդող ունենք։ Տարեկան Հայաստանին պետք է 100-120 Մաթեմատիկայի ուսուցիչ։ Բայց ունենք 11 դիմորդ, որոնց մի մասը, հնարավոր է, նաև չընդունվի։

Ավելին, Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծով մինչև 2030թ. կառավարությունը հավակնում է Մաթեմատիկայի ոլորտում Հայաստանը դարձնել աշխարհի լավագույն ցուցանիշներ ունեցող երկրներից մեկը։ Եթե մենք ուսուցիչներ չենք ունենալու, ապա ինչպե՞ս ենք բարձր ցուցանիշ ապահովելու։ Երևանի դպրոցներից մեկի տնօրենը օրերս մի հանդիպման ժամանակ նշեց, որ իր դպրոցի Մաթեմատիկայի 2 ուսուցիչները ստիպված են պարապել շաբաթական 30 ժամ ծանրաբեռնվածությամբ, քանի որ նոր ուսուցիչ չեն կարողանում գտնել։ 

Ֆիզիկա և Քիմիա առարկաների գծով աղետալի ցուցանիշները շարունակվում են։ Այս տարի ևս Ֆիզիկա մասնագիտությամբ դիմել է 2 դիմորդ, իսկ Քիմիա մասնագիտությամբ՝ 1 դիմորդ։ Այս միտումը շարունակվում է արդեն 3-4 տարի։ Եվ արդեն ունենք ուսուցիչների թվի նվազում։ Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2020-21 ուստարում Հայաստանի դպրոցներում դասավանդել է Ֆիզիկայի՝ 1073, Քիմիայի՝ 914 ուսուցիչ։ 2021-22թթ. ուստարում ուսուցիչների թիվը՝ համապատասխանաբար՝ 1035 և 838 է։ Ընդամենը մեկ տարում Ֆիզիկայի ուսուցիչների թիվը նվազել է 38-ով, իսկ Քիմիայի դեպքում՝ 76-ով։

Ինֆորմատիկան ոչնչով հետ չի մնում։ Այս մասնագիտությամբ Մանկավարժական համալսարան դիմել է ընդամենը 2 հոգի։ Եվ սա՝ այն դեպքում, երբ հաջորդ տարվանից Ինֆորմատիկա առարկան դպրոցներում դասավանդելու են ոչ թե՝ 6-րդ դասարանից, այլ՝ 2-րդ դասարանից սկսած։

Մտահոգիչ վիճակ է նաև Աշխարհագրության և Կենսաբանության մասով։ Այս տարի Աշխարհագրություն մասնագիտությամբ դիմել է ընդամենը 5 հոգի, իսկ Կենսաբանության գծով՝ 15 հոգի։ Նշեմ, որ անցած տարի Մանկավարժական համալսարանի Աշխարհագրության և Կենսաբանության ֆակուլտետներ դիմել էին, համապատասխանաբար, 9 և 18 դիմորդներ։ Աշխարհագրության վիճակը մտահոգիչ է նաև այն առումով, որ վերջին մեկ տարում Աշխարհագրության ուսուցիչների թիվը կտրուկ նվազել է՝ 1046-ից դառնալով 984։ 62 ուսուցչի կորուստ մեկ տարում։ 53-ով նվազել է Կենսաբանության ուսուցիչների թիվը։

Լեզուների վիճակը նույնպես վատ է։ Անգամ Հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ ունենք անկում։ Անցած տարի այս մասնագիտությամբ Մանկավարժական համալսարան դիմել էր 56 դիմորդ, այս տարի՝ 45։ Ֆրանսերեն լեզվով ընդհանրապես ընդունելություն չկա, Գերմաներենի բաժին դիմել է 3 հոգի (անցած տարվա 8-ի փոխարեն), իսկ Ռուսաց լեզվի և գրականության բաժին՝ 15 դիմորդ (անցած տարվա 17-ի փոխարեն)։ Քիչ թե շատ բարվոք է Անգլերենի վիճակը։ Այստեղ 37 դիմորդ կա։

Կարճ ասած, SOS հնչեցնելու ժամանակն է։ Բայց քար լռություն է։ Երկու ուղղությամբ ուսուցիչների հետ կապված խնդիր ունենք։ Նվազում է դասավանդող ուսուցիչների թիվը։ Մեկ տարում ուսուցիչների թիվը նվազել է շուրջ 900-ով։

Նվազում է Մանկավարժական համալսարանի դիմորդների թիվը։ Եթե այս երկու միտումները ևս 2-3 տարի շարունակվեն, մեր բոլոր հավակնոտ կրթական ծրագրերը հողին կհավասարվեն։ Ընդամենը մեկ տարում Քիմիայի ուսուցիչների թիվը 10 %-ով նվազել է, իսկ մենք խոսում ենք վատ ուսուցիչներին դպրոցից հեռացնելու մասին։ Հեռացնենք։ Ո՞ւմ ենք նրանց փոխարեն բերելու, որտեղի՞ց ենք բերելու։ Քիմիայի գծով ունենք 1 դիմորդ։ Անգամ ԵՊՀ դիմողներ չկան։ ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետն այս տարի ունի ընդամենը 7 դիմորդ։

Մեկ կարևոր հանգամանք ևս։ Մանկավարժական համալսարան դիմելը դեռևս չի նշանակում, որ բոլոր դիմորդները երազում են ուսուցիչ աշխատել։ Կան դիմորդներ, որոնք Մանկավարժական համալսարան են դիմում, քանի որ ուսման վարձը ցածր է, ընդունվելը՝ ավելի հեշտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս