Զուտ հայկական «խաղաղասիրություն»
Իհարկե, շատ է ասվել և գրվել այս մասին, բայց այնուամենայնիվ, որոշեցի ևս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային։
Այո, խաղաղությունը լավ բան է և այդ խաղաղության մասին երազանքն ուղեկցել է մարդկությանը պատմության ողջ դարերում։ Խաղաղության մասին երազել են հատկապես մեծ մտածողները,հումանիստ փիլիսոփաները, ուտոպիստները։ Խաղաղության ջերմ կողմնակից է եղել նաև մեծն Հովհաննես Թումանյանը։ Հիշենք նրա հայտնի քառյակը․
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Սակայն, որքան էլ առանձին անհատներ երազեն, գործեն հանուն խաղաղության, միևնույնն է պատերազմներն ինչպես եղել են, այնպես էլ շարունակվելու են։ Շատերն ինձ կհակաճառեն, չէ՞ որ , ամեն դեպքում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այլևս այդպիսի ավերիչ պատերազմներ չեն եղել և ինչ-որ բան աշխարհում փոխվել է։Նախ, փոխվե՞լ է, թե՞ փոխվել էր։ Այո, իսկապես փոխվել էր․․․և այդ փոփոխության պատճառը, որքան էլ զարմանալի թվա, միայն ու միայն միջուկային զենքի առկայությունն է։ Համոզված եմ, եթե չլիներ միջուկային զենք, ապա կլինեին երրորդ, չորրորդ և մնացյալ համաշխարհային պատերազմները։ Այսինքն,երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, համեմատաբար «խաղաղ» տասնամյակների գոյությունը կախված է հենց ամենամահաբեր՝ միջուկային զենքի առկայության հետ։Իսկ այդ նույն տասնամյակների ընթացքում, տեղի են ունեցել տասնյակ լոկալ պատերազմներ, տալով միլիոնավոր զոհեր։Իսկ այսօր, աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, եթե այն արդեն չի սկսվել։ Հետաքրքրական է, որ որպես կանոն, խաղաղությունից խոսում են հիմնականում միջուկային գերտերությունների ղեկավարները։ Հիշենք ԽՍՀՄ տարիներին ամենատարածված խաղաղասիրական երգերից․
Թող լինի միշտ արևը,
Թող լինի միշտ երկինքը,
Թող լինի միշտ մայրիկը,
Եվ թող միշտ լինեմ ես…
Այո՛, գերտերությունները, ուժի դիրքերից քարոզում են խաղաղություն, այսինքն՝ ինձ հնազանդվիր և խաղաղ գոյատևիր։ Իսկ ինչպես պաշտպանեն իրենց խաղաղությունը, ոչ այնքան հզոր երկրները, որոնք չեն ցանկանում հնազանդվել հզորներին։ Դրա օրինակները նույնպես առկա են։Դարեր ի վեր լինելով կայսրությունների պատերազմական թատերաբեմում, Շվեյցարիան ի վերջո հասավ խաղաղության, այդ թվում զերծ մնալով առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից։ Պատերազմներից խուսափելու և խաղաղ ապրելու համար, Շվեյցարիան ստեղծեց ամուր ինքնապաշտպանական համակարգ։ Շատերի համար այսօր էլ զարմանալի է, թե համեմատաբար խաղաղ Եվրոպայում, ինչու՞ է որևէ ռազմական ալյանսի չանդամակցող, չեզոք Շվեյցարիան շարունակում պահպանել պարտադիր զինվորական ծառայությունն ու կատարելագործում իր սպառազինությունը։ Կարծում եմ, Շվեյցարիան միանգամայն ճիշտ է վարվում։ Երեկ Եվրոպան խաղաղ էր, իսկ այսօ՞ր։
«Շվեյցարիան չունի բանակ, Շվեյցարիան հենց ինքը բանակ է»։ Զինվորական ծառայությունը պարտադիր է Շվեյցարիայի բոլոր քաղաքացիների համար։ Կանայք նույնպես կարող են կամավոր հիմունքներով ծառայել բանակում։ Ամեն տարի 20000 մարդ է կրթվում զինվորական դպրոցներում, դասընթացների տևողությունը կազմում է 12- 21 շաբաթ։ Այն անձինք որոնք խուսափում են ծառայությունից կամ ունեն համապատասխան բժշկական թուղթ, որը ապացույցն է որ պիտանի չեն ծառայությանը, ապա ամեն տարի պետք է վճարեն պետությանը զինվորական հարկեր։ Այո՛, Շվեյցարիան խաղաղություն չի մուրում, այլ իր բանակով ապահովում է իր երկրի, ժողովրդի խաղաղությունը։ Ահա թե որտեղ է խաղաղության բանալին։
Կարելի է նաև այլ երկրների օրինակներ բերել՝ Իսրայել, Ֆինլանդիա, Վիետնամ ․․․
Համենայն դեպս, ինչպես վերը նշեցի, բացի գերհզոր պետություններից, այլ երկրներ խաղաղություն չեն քարոզում և իրենց թշնամիներից, կամ պոտենցիալ հակառակորդներից խաղաղություն չեն մուրում, այլ իրենց ողջ ջանքերը ներդնում են երկրի պաշտպանությանը, որով էլ ապահովում են իրենց երկրի խաղաղությունը։
Կարելի է արձանագրել, որ ազգերը լինում են երեք տիպի․ նվաճող (նաև կոտորող), ինքնապաշտպանվող , նվաճվող և կոտորվող։ Հայ ժողովրդի մեջ դարերի ընթացքում «խաղաղության» քողի տակ, հիմնականում քարոզվել է հպատակություն, որն էլ բերել է օտարի կողմից նվաճման և հայ ժողովրդի կոտորածի։ Այո՛, առանձին անհատների շնորհիվ, ինչպիսիք էին Դավիթ Բեկը, Արամ Մանուկյանը, Դրոն, Գարեգին Նժդեհը, կազմակերպվեց և իրականացվեց ինքնապաշտպանություն, որոնց շնորհիվ աշխարհի քարտեզում մնաց Հայաստանը։ Նույն ինքնապաշտպանոթյան վառ օրինակ էր արցախյան շարժումը։ Սակայն, զարմանալիորեն, հենց անկախության տարիներին, ամենաբարձր մակարդակով սկսվեց «խաղաղության», այն է՝ հանձնվելու, նվաճվելու և կոտորվելու քարոզչությունը։Եվ 2018թ․ այդ «խաղաղության» քարոզիչները զավթեցին իշխանությունը և երկիրը հասցրեցին աղետի։
Մարդ ուղղակի ամոթից չգիտի ինչ ասել։Խաղաղության կեղծ կարգախոսով գալով իշխանության, վարչապետ կոչեցյալը, հետևողականորեն հրահրեց պատերազմ, հանձնեց հայրենիքը մաս առ մաս։ Թշնամի երկրի ղեկավարը ամեն օր սպառնում հոխորտում է, սադրանքներ հրահրում․․․իսկ վարչապետ կոչեցյալը ծնկաչոք խաղաղություն աղերսում։Երեկ, մի շարք ողորմելի «խաղաղասերներ», ի պաշտպանություն բռնապետիկ-վարչապետի, հերթական աղերսալի հայտարարություն էին տարածել, որի բովանդակությունն էր՝ «խաղաղություն ամեն գնով»։Դրան , այսօր հետևեց Ադրբեջանի կողմից հերթական պահանջները՝ խաղաղությու՞ն եք ուզում, հանձնեք Հայաստանի 7 գյուղերը նույնպես։Պատկերացնում եմ , որ ոչ միայն թշնամական, այլև մյուս երկրներն ինչպիսի քամարհանքով են մեզ վերաբերվում։ Ա՛յ, ողորմելի «խաղաղաղասերներ», իսկապես տարբեր դասընթացներին ձեր սերտած «խաղաղությանը» հավատու՞մ եք, թե՞ հանուն փողի և անձնական բարեկեցության պատրաստ եք «խաղաղության» անվան տակ հայրենիքը վաճառել։ Առաջին դեպքում, դուք անմեղսունակ , երկրորդ դեպքում դավաճան սրիկաներ եք։
Ի դեպ, իրական խաղաղասեր, մեծ մտածողներն, իրենց էությամբ բարի, մեծահոգի անհատներ են, ովքեր երբևէ չեն ձգտել իշխանության։ Իսկ ինչպիսի՞ն է «խաղաղություն» բարբաջող , վարչապետ կոչեցյալն իր «խաղաղասեր» համախոհներով՝ դավադիր, չար, անհանդուրժող, դաժան, շահամոլ։
Հոդվածն ավարտեմ նույն մեծն Հովհաննես Թումանյանով։
Այո, լինելով մեծ հումանիստ և իսկական խաղաղասեր, միաժամանակ Թումանյանը կյանքի փորձով հասկացել է, որ խեղճ ու կրակ դիրքերից, երբեք խաղաղություն չես ստանա։ Այս է վկայում նրա կողմից մշակված «Սասունցի Դավիթ» պոեմը․
Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…
Դարձե՛ք եկած ճանապարհով,
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,
Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին,—
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կայծակին։
Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման…
Ավետիք Իշխանյան