Բաժիններ՝

Ուսուցիչ չունենալն ազդելու է բոլորիս վրա

Օրերս զրուցում էի գիտության հանրապետական փառատոնում հաղթող ճանաչված դպրոցներից մեկի 2 աշակերտների հետ։ Հարցրեցի՝ ո՞ր բուհում են շարունակելու իրենց ուսումը։ Երկուսն էլ նշեցին, որ ցանկանում են ուսումը շարունակել Բժշկական համալսարանում։ Ուսուցիչ դառնալու ցանկություն ընդհանրապես չունեն։ Սա եզակի օրինակ չէ։ Բայց եթե այսպես շարունակվի, Հայաստանի ապագա բժիշկների, իրավաբանների, ծրագրավորողների երեխաները չեն ունենալու որակյալ ուսուցիչներ։ Վերջին տարիներին չեմ հանդիպել լավ սովորող մի աշակերտի, որը ցանկանա ուսուցիչ դառնալ։ Ի դեպ, մեր զրույցին ներկա դպրոցի տնօրենն ասաց, որ վերջերս Հայաստանի բուհերից մեկում օլիմպիադա է անցկացվել, որի ժամանակ ներկա շուրջ 100 աշակերտներին հարցրել են, թե ո՞վ է ուզում ուսուցիչ դառնալ։ Ոչ մի ձեռք չի բարձրացել։

Սա լրջագույն խնդիր է, որը կարող է 10 տարի հետո աղետալի հետևանքներ ունենալ։ Չենք կարող ունենալ լավ բժիշկներ, իրավաբաններ և ծրագրավորողներ, եթե չունենանք լավ ուսուցիչներ։ Այսօր դպրոցներում դեռևս կան ուսուցիչներ, որոնք դպրոցում լավ են սովորել, համալսարանը գերազանցությամբ են ավարտել։ Բայց մի քանի տարի հետո այդպիսի ուսուցիչների թիվը լինելու է շատ քիչ։

Վերջին շրջանում Հայաստանի բուհերն ակտիվորեն աշխատում են դպրոցների հետ՝ դիմորդներ ներգրավելու ուղղությամբ։ Բուհերն օլիմպիադաներ են կազմակերպում, այցելում են դպրոցներ, աշակերտներն այցելում են բուհեր։ Նման բաները հեշտ է անել։ Ընդհանրապես, մեր կրթության ոլորտում հեշտ բաներ շատ են արվում. հանդիպումներ, պարգևատրումներ, միջոցառումներ, այցեր։ Շատ կենտրոնացած ենք երևացող բաների վրա։ Շատ կարևորում ենք մեր արածի լուսաբանումը։

Բայց դժվար գործեր անողները շատ քիչ են։ Այստեղ մարդկանց թիվը քիչ է, լուսաբանում չկա, խրախուսում չկա։ Դժվար գործերը երկարաժամկետ են, դրանց արդյունքները տարիներ անց են երևում։ Շատ քիչ են այն ղեկավարները, որոնք կարևորում են այն աշխատանքը, որի արդյունքը երևալու է տասնամյակներ անց։

Բացի այդ, մեր քայլերը, նախաձեռնությունները չեն կարող խնդիրներ լուծել, քանի որ դրանք քայլեր են հետևանքների դեմ, այլ ոչ թե՝ պատճառների։ Օրինակ՝ որքան էլ մեր մանկավարժական բուհերի ներկայացուցիչներն այցելեն դպրոցներ, կազմակերպեն օլիմպիադաներ, միևնույն է, դիմորդների առյուծի բաժինը դիմելու է համալսարանների բժշկական, իրավաբանական և ծրագրավորման ֆակուլտետներ։ Դիմորդները մանկավարժական բուհեր չեն դիմում ոչ թե այն պատճառով, որ իրազեկված չեն կամ մանկավարժության դասախոսի հետ չեն հանդիպել, այլ այն պատճառով, որ չափից շատ են իրազեկված, թե որքան են վաստակում մանկավարժները, ինչպիսի հանրային վերաբերմունք կա նրանց նկատմամբ։

Հետևաբար՝ դպրոցներ այցելելով, մենք ոչ թե խնդիր ենք լուծում, այլ խնդրի լուծման պատրանք ենք ստեղծում, մեզ մխիթարում ենք այն գաղափարով, որ մի բան արեցինք, որը կարող ենք գրել մեր հաշվետվության մեջ։ Մենք հաճախ ուռճացնում ենք առանձին օրինակների դերը։ Օրինակ՝ երբ այցի արդյունքում մեկ հոգի ցանկություն է հայտնում դիմել մեր ֆակուլտետ, ապա մենք կարող ենք դա ներկայացնել՝ որպես հաջողության պատմություն։ Տարիներ շարունակ առանձին մարդկանց հաջողության պատմություններով կերակրելով՝ մենք քողարկել ենք համակարգային խնդիրները։ Ու հիմա շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալու։

Ճանապարհներից մեկն այն է, որ պետք է ուսուցչի հեղինակությունը բարձրացնել։ Բայց եթե արդեն ունենք ուսուցիչներ, որոնք կոպիտ ուղղագրական սխալներ են անում, իրենց առարկայի մասին հասարակ բաներ չգիտեն, աշակերտների հետ լավ չեն վարվում, ինչպե՞ս թաքցնենք այս ուսուցիչներին։ Այդ ուսուցիչներին աշխատանքից ազատելը հեշտ չէ, քանի որ փոխարինողներ չկան։ Կարող ենք ստեղծել ուսուցչի մասին իդեալական պատկերացումներ, բայց իրականությունն այնքան աղաղակող ու լայնամասշտաբ է, որ ծածկել չենք կարող։ Այն փուլում ենք, որ այլևս թաքցնելու, մարդկանց մոլորեցնելու տարբերակներ չունենք։

Կարծում եմ՝ այս փուլում պետք է եռախոսություն սկսել նախարարություն-ուսուցիչներ-ծնողներ ձևաչափով։ Այդ եռախոսության մեկնակետը պիտի լինի այն, որ տարիներ շարունակ ուսուցիչներին ցածր վճարելու, նրանց անտեսելու արդյունքում այսօր ունենք ուսուցիչների մասնագիտական որակների, մոտիվացիայի կտրուկ անկում։ Եվ սա ուսուցիչների մեղքը չէ։ Այնուհետև, պետք է ասել, որ ունենք երկու ճանապարհ։ Առաջին՝ կարող ենք չնկատել կամ արհամարհել  այս խնդիրները՝ մեր երեխաներին մասնավոր դպրոցներ, մասնավոր պարապմունքների ուղարկելով։ Պարզապես, այս ձևով մեր հաջորդ սերունդների ուսին շատ ավելի մեծ բեռ կդնենք։ Երկրորդ, պետք է փոխենք այս իրավիճակը՝ ուսուցիչների ֆինանսական վիճակի բարելավումը զուգորդելով պահանջների խստացմամբ։

Ներկայումս Հայաստանի քաղաքացիները պարտադիր ամսական վճարումներ են կատարում զինվորների ապահովագրության հիմնադրամին, առաջիկայում հնարավոր է՝ մեր հարկային բեռը բարձրանա, որպեսզի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը ներդրվի։ Օրինակ՝ պատրա՞ստ ենք ամսական որոշակի հարկ վճարել ուսուցիչների աշխատավարձի շարունակական բարձրացում ապահովելու համար՝ աջակցելով ուսուցիչներին ավելի բարձր արդյունքներ ապահովելու հարցում։ Եթե պատրաստ չենք, ուրեմն կմնանք կառավարության հույսին, որը պիտի փորձի հարկերի հավաքագրման ցուցանիշը բարելավելով, տնտեսությունը զարգացնելով՝ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը։ Բայց փորձը ցույց է տալիս, որ կյանքի թանկացման տեմպերը շատ ավելի բարձր են, քան կառավարության կողմից աշխատավարձը բարձրացնելու տեմպերը։ Եթե պատրաստ ենք, ուրեմն հասկանում ենք, որ կարող ենք այսօր մեզ լրացուցիչ նեղություն տալ, բայց մեր երեխաներին հնարավորություն տալ ունենալ ավելի լավ ուսուցիչներ։ Ի դեպ, այդ հարկը մենք այսօր էլ ենք տալիս՝ երեխաներին լրացուցիչ պարապմունքների ուղարկելու միջոցով։

Հասկանալի է, որ շատերի համար ցանկալի չէ լավ ապագայի համար լրացուցիչ հարկ վճարելը։ Բայց դա ավելի լավ տարբերակ է, քան անցյալի համար վճարելը։ Առաջինը ներդրում է, երկրորդը՝ հատուցում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս