Արցախում ծնված ԱԽՔ Արմեն Գրիգորյանը և Հայաստանը գնում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ճանապարհով. Մետաքսե Հակոբյան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ իր հերթական հարցազրույցներից մեկում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին և նշել.

«Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այստեղ կոնտեքստը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղն է։ Տարածքային խնդիր չի եղել Լեռնային Ղարաբաղը, այն եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցն ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել»:

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ն սկսել է ձևավորվել 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև ստորագրված Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրով, Հայաստանը, Ադրբեջանը և նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններ միացել են համաձայնագրին 91 թվականի դեկտեմբերի 21-ին։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, խոսելով Հայաստանի անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյայի այս ձևակերպման մասին, ընդգծեց՝ սա ապացույցն է նրա, որ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում։

«Ու այսպես խոսում է մի մարդ, որը ծնվել է Արցախում. ծնունդով արցախցի է… Երբ ՀՀ իշխանություններին կոչ էինք անում ճանաչել Արցախի անկախությունը պատերազմի օրերին, ու իրենք լուռ էին մնում, մեզ համար հենց այդ ժամանակ բացահայտվեց, որ այս իշխանության մոտ Արցախի հարցում ամեն ինչ ավարտված է։ Դա մեզ համար պարզ էր դեռ հոկտեմբերի 1-2-ին։ Հիմա այս մարդիկ, ինչպես Ադրբեջանն է ասում՝ արցախցինե՛ր, ձեզ թույլ ենք տալիս մեր տարածքում ապրեք, այդպես էլ իրենք են նույնն ասում։ Ստացվում է՝ ըստ նրանց, մենք երբեք չենք ունեցել Արցախ, ընդամենն ապրել ենք Արցախում։ Այս մարդիկ մեզ ուզում են ասել, որ մենք 30 տարի սխալ ենք ապրել, նրանք Արցախը մեզանից խլել են, խլել են մեր 30 տարվա կյանքը, հիմա խլում են արդեն մեր ձգտումը, որ Արցախը պետք է ճանաչվի անկախ, հետո համայն հայության համաձայնությամբ միանա Մայր Հայաստանին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հարցին՝ ԱԽ քարտուղարի նման պատասխանն արդյո՞ք չի նշանակում Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել և ճանաչել նախկին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց.

«Այո՛, ըստ իրենց, այդպես է, իրենք պատրաստվում են հիմա փաստաթղթի ստորագրման։ Ուշագրավ է, որ նոյեմբերի 8-ին է Էրդողանը Ալիևի հետ լինելու Շուշիում, թեև իրենց դրոշի օրը նոյեմբերի 9-ին է, բայց քանի որ 8-ին են լինելու, պարզ է, որ նոյեմբերի 9-ին էլ ի մի կբերեն սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները և կճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի իշխանությունը փակելու է Արցախի հարցը այնպես, ինչպես այն պետությունները, որոնք, չճանաչելով Արցախի Հանրապետությունը, փաստել են, որ այն Ադրբեջանի կազմում է։ Հայաստանը գնում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու այդ նույն ճանապարհով։ Արցախցին, սակայն, ադրբեջանցու հետ լավ չի՛ ապրել ու չի՛ ապրելու. միշտ էլ գիշերով ադրբեջանցին մորթել է հայի երեխային»,- ասաց Հակոբյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը խոսեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Հայաստան կատարած այցի մասին և ընդգծեց՝ իրականությունն այն է, որ Արայիկ Հարությունյանն ինչպես մինչև պատերազմն ու պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո զբաղված է տնտեսության զարգացմամբ, բայց ոչ թե Արցախի, այլ սեփական. առևտրականի պես զբաղված է իր ու իր մտերիմների բիզնեսներով։

«Արցախի Հանրապետության նախագահը հիմա էլ զբաղված է շինարարությամբ, որը պատերազմից հետո ամենամեծ եկամուտ ապահովող բնագավառներից մեկն է։ Շինարարությունը կատարվում անօթևաններին տնով ապահովելու քողի տակ. ինչո՞ւ քողի, որովհետև մենք տեսանք շենքերի անհասկանալի և ոչ անհրաժեշտ ինչ-որ երեսապատումներ, էնպիսի ասֆալտապատումներ, որոնց մի մասը տրամաբանված չեն, տեսանք լուսավորման աշխատանքներ, որոնք բնակավայրերից շատ հեռու են, և շատ զարգացած պետություններ անգամ նման բան իրենց թույլ չեն տալիս։ Այսպիսի աշխատանքներ են արվում, որովհետև Արայիկ Հարությունյանի ընտանեկան ու հարազատական շրջապատն է այդ աշխատանքներով զբաղվում»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս