Ամո՛թ ձեզ, եթե թատրոնի ասպարեզից եք, հուշել եք այս նախագիծը, ծպտված մասնակցել քննարկմանը. Կամերային թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ կոլեգաներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Արմենպրեսի» հետ զրույցում վստահեցրել է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով:
Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանների կարծիքով՝ այս նախագծի արդյունքում թատրոնը լուծարվելու է, ինչն իրենց համար անընդունելի է, և այդ մասին նրանք այսօր բարձրաձայնել են ԿԳՄՍ նախարարի ու տեղակալների հետ հանդիպման ժամանակ:
Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք շարունակում են համաձայն չլինել նախարարության առաջարկի հետ:
«ԿԳՄՍՆ-ն նախագիծը համարում է տրամաբանական և նորմալ, իրատեսական: Միավորումը մեզ համար համարում է շատ առողջարար: Նախագիծը կներկայացնեն, ու համոզված եմ՝ կառավարությունը կհաստատի: Մենք, սակայն, պահանջ ենք ներկայացրել, որ չմիավորեն թատրոնները, նշել ենք, որ քաղաքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որոնք կարող են համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին: Եվ հետո, ցանկալի չէ և պետք չէ ոլորտների խնդիրները խառնել իրար. մեկի խնդիրը մյուսի հաշվին լուծելը, ըստ իս, կոռեկտ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ հավելելով, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը եթե տրվի Սիմֆոնիկ նվագախմբին, կառուցվածքային փոփոխության կարիք կլինի, ներդրումներ են պետք լինելու, որովհետև չի համապատասխանում փորձատեղի լինելուն՝ նվագախմբի համար:
«ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն էլ իրենց փաստարկները ներկայացրեցին, նշվեց, որ կան շատ կոլեկտիվներ, որոնք ունեն շենքի պրոբլեմ, և ասացին, որ թատերական ոլորտի մասնագետների հետ քննարկումից հետո, որի մասին մենք, ի դեպ, տեղյակ չենք եղել, եկել են այն համոզմանը, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ ունեն եզրեր: Քննարկումը, ըստ էության որոշումը կայացնելուց առաջ է տեղի ունեցել, թե այդ ովքե՞ր են եղել մեր ոլորտի ներկայացուցիչները, ես չգիտեմ: Եթե համարձակություն ունեն, թող ասեն՝ մենք ենք առաջարկել նման որոշում, թող կանգնեն` հիմնավորեն: Մենք պարտվեցինք, գնացե՛ք, չարախնդացեք»,- ասաց Սամսոն Ստեփանյանը:
168.am-ի հարցին՝ այսինքն, քննարկումների էջը փակվա՞ծ է, Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը պատասխանեց. «Կարծում եմ, այո, որովհետև բոլորս մնացինք մեր դիրքերում»:
Նա ընդգծեց, որ շարունակելու են պայքարել, որովհետև երկու տարբեր թատրոններ են, տարբեր մտածողությամբ, տարբեր ուղղություններով, ձևաչափով, մարդկային ռեսուրսներով:
«Ոչնչացնում ենք մի ամբողջ թատրոն՝ սիմֆոնիկ նվագախմբին փորձատեղի ապահովելու համար: Ես չեմ կարող՝ որպես մարդ, ռեժիսոր, թույլ տալ բարձիթողի թողնել մարդկանց, որոնց հետ աշխատում եմ: Սա բարոյական քայլ չի կարող լինել: Նույնն էլ խորհուրդ եմ տալիս մեր ասպարեզի մարդկանց, որոնք հուշել են այս նախագիծը, ծպտված մասնակցել են քննարկմանը: Ամո՛թ ձեզ, եթե թատրոնի ասպարեզից եք, ծպտված եք ու այդքան համարձակություն չունեք կանգնել ու ասել, որ մասնակցել եք այս որոշման կայացմանը»,- եզրափակեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը: