«Տարածաշրջանը Ռուսաստանի համար դարձնել Սիրիա-2. սա է Թուրքիայի նպատակը». Կարեն Վերանյան
Այսօր Մոսկվայում կայացավ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, կայացել է նաև Լավրովի հանդիպումն Ադրբեջանի համապատասխան պաշտոնյայի հետ, և ըստ ռուսական TASS լրատվական գործակալության՝ Բայրամովը Մոսկվա է մեկնել ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը նկատեց, որ, առհասարակ, պատերազմի ընթացքում հնարավոր չէ խոսել բանակցությունների մասին, ուստի հիմա կողմերն իրենց հանդիպումներով խորհրդակցություններ են անցկացնում և փորձում հող նախապատրաստել բանակցությունների համար։
«Բանակցություններ ասվածն այս փուլում անիմաստ է, հիմա ընթանում են քաղաքական խորհրդակցություններ, որոնցից հետո նոր կարող են լինել լիարժեք, բովանդակալից բանակցություններ»,- ասաց Վերանյանը։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո-ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հանդիպմանը, ապա Վերանյանը նկատեց, որ այս հանդիպումն այն ամենի շարունակությունն է, ինչն իրականացրել է և՛ Վաշինգտոնը, և՛ Պոմպեոն, մասնավորապես՝ հայտարարությունների մակարդակով։
«Իհարկե, հնչում են գնահատականներ, որ ԱՄՆ-ը մի կողմ քաշված՝ դիրքորոշում ունի, սակայն այդպես չէ։ Պոմպեոն իր հայտարարությամբ արդեն փաստել է, որ արտաքին ուժեր են ներգրավվել Արցախի հակամարտության գոտի՝ հստակ ցույց տալով, որ դա Թուրքիան է։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հստակ ասել է, որ հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանել իրենց, դրանով էլ փաստել է, որ հայկական կողմը պաշտպանվողն է, իսկ Ադրբեջանը՝ հարձակվողը»,- ասաց Վերանյանը՝ նշելով, որ գուցե ԱՄՆ-ը Թուրքիային փորձի այլ մեթոդներով զսպել, սակայն ակնհայտ է, որ դրանք լինելու են հատվածային, որովհետև միջազգային հանությունը չունի զսպող անվտանգային մեխանիզմներ, և սա լուրջ, գլոբալ խնդիր է։
Ըստ փորձագետի՝ դիվանագիտական դաշտում ընթանում է շղթայական գործընթաց, որտեղ առավելապես ակտիվ են ռուսական կողմի ջանքերը։
«Ռուսաստանի միջնոդական ջանքերին և արված հայտարարություններին Ադրբեջանն ու Թուրքիան ընդառաջ չեն գնում։ Թուրքիան է ստիպում Ալիևին խախտել բոլոր պայմանավորվածությունները, Թուրքիան այդպես փորձում է իր ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Իրանի և Ռուսաստանի։ Թուրքիայի նպատակն է՝ տարածաշրջանում անկայունություն բերելով՝ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար դարձնել Սիրիա»,- ասաց Վերանյանը՝ շեշտելով, որ դա տեսնելով էլ՝ Ռուսաստանը և՛ դիվանագիտական, և՛ հետախուզական մակարդակներում կենտրոնացրել է ուժերը՝ ոչ միայն զսպելու Թուրքիային, այլ նաև՝ Ադրբեջանին։
«Ռուսաստանը փորձում է պահել ուժերի միջև հավասարակշռությունը, բայց այն, ինչ Էրդողանը փորձում է իրականացնել ի հաշիվ Ռուսաստանի, այդ ուժային հավասարակշռությունը խախտում է։ Թուրքիան փորձում է վերաձևել տարածաշրջանն Ադրբեջանի ձեռքով, իսկ Ռուսաստանի համար սա անթույլատրելի է, որովհետև ամենաբարձր մակարդակով կա հետևյալ ընկալումը՝ եթե Ռուսաստանը կորցրեց Հայաստանը, այստեղ կամրապնդվի Թուրքիայի ազդեցությունը, իսկ այդ դեպքում Հարավային Կովկասից առհասարակ Ռուսաստանը դուրս կմղվի»։
Հացազրույցի մանրամասները՝ տեսանյութում