«Ռուսաստանը կտրորի, անհամաչափ ուժով կցավեցնի Թուրքիային, որն իրեն փորձում է պատերազմի մեջ ներքաշել Հայաստանում». Խոսրով Հարությունյան

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ. արդեն 20 օր է՝ հրթիռակոծության տակ են ոչ միայն՝ արցախաադրբեջանական առաջնագիծը, այլ նաև Արցախի քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանի վարած այս պատերազմի ռազմական որոշումները կայացվում են ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում, և Թուրքիան քանի դեռ այս պատերազմը սկսելու իր հիմնական նպատակին չի հասել, երբեք չի համաձայնի հրադադարի, անգամ՝ ամենամարդասիրականին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի դարավոր նկրտումն է պատճառը, որ այդպես էլ կյանքի չկոչվեց հոկտեմբերի 10-ին ձեռք բերված՝ կրակի դադարեցման համաձայնագիրը։

«Ավելին՝ Թուրքիան ավելացրեց իր ռազմական աջակցությունն Ադրբեջանին և նաև հայտարարեց, որ իր երկինքը փակում է ՀՀ մարդասիրական բեռներ տեղափոխելու համար, իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այլևս անթաքույց ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում ցանկանում է դառնալ խաղացող, իսկ Ռուսաստանը հասկացնում է Թուրքիային, որ պետք է երբևէ մտադրություն չունենա Մինսկի խմբի համանախագահություն ընդգրկվելու համար»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան բացահայտ ցույց է տալիս նաև, որ իր նպատակը հայերի մասով շարունակում է նույնը մնալ, այն է՝ իրականացնել հայերի ցեղասպանություն։

«Մոջահեդներին բերելով այստեղ՝ Թուրքիան ոչ միայն օգնում է Ադրբեջանին ազատվել հայերից, այլ նաև խնայում է ադրբեջանական բանակի զինվորներին։ Բաքվի այս մոջահեդները մնալու են Հարավային Կովկասում, և Թուրքիան հենց նրանց միջոցով է ներկա լինելու այստեղ ցանկացած զարգացման»,- ասաց նախկին վարչապետը։

Նրա փոխանցմամբ՝ ունենալով այսքան աջակցություն՝ Ադրբեջանը պատերազմի այս 20 օրերի ընթացքում ցույց է տվել, որ ոչ միայն տապալել է բլից-կրիգը, այլ նաև ձախողվում է այս մաշող ու հյուծիչ պատերազմում։

«Ցավ ապրելով այն կորուստների համար, որոնք կրում ենք, ակնհայտ է մեկ կարևոր արձանագրում. այսօր զոհասեղանին դրված է մեր լինել-չլինելու հարցը։ Մենք պատմական այս հանգրվանում զիջելու բան չունենք. զիջելը դա մի բան է՝ Հայաստանը։ Անգամ միջազգային հանրությանն է արդեն ակնհայտ, որ այս պատերազմում խոսքը չի գնում տարածքների մասին, սա լինել-չլինելու հարց է, և հայերը պաշտպանելով իրենց՝ այսօր պաշտպանում են նաև Ռուսաստանի Հարավային ուղղությունը, և սա ռուսական կողմը շատ լավ հասկանում է»,- ասաց Հարությունյանը։

«Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը հենց Հայաստանում ներքաշվի Թուրքիայի դեմ պատերազմի մեջ։ Դա կասեցնելու համար էր, որ Ռուսաստանը նախ՝ հումանիտար հրադադարի համաձայնություն ձեռք բերեց, որից հետո սկսեց աշխատել Շոյգուն՝ ադրբեջանաթուրքական կողմերին հասկացնելով, որ բաներ կան, որոնք իրենք չեն հանդուրժելու։ Ռուսաստանը հասկանում է, որ Թուրքիան իրեն ձեռնոց է նետել և ճիշտ է անում, որ դա չի վերցնում, փոխարենը՝ խփում է Թուրքիայի թաթիկներին Սիրիայում և ռմբակոծում է ահաբեկիչների բազաները, իսկ այսօր էլ լուր ստացվեց, որ ՌԴ տիեզերական ուժերը վերացրել են ահաբեկիչների բազաները։ Մյուս կողմից՝ պետք է ֆիքսենք, որ Ռուսաստանն այս օրերին համոզվեց, որ հայերը, արցախցիները կռվող են։ Քաղաքականության մեջ ընկերություն են անում ուժեղի հետ, որևէ մեկը թույլի հետ ընկերություն չի անի, իսկ հիմա Արցախն ապացուցում է, որ մենք ուժեղ ենք, և մեզ հետ պետք է ընկերություն անել։ Այսօր հայկական բանակը դառնում է տարածաշրջանում կարևորագույն գործոն, որի հետ հաշվի չնստել չի կարելի»,- ասաց նա։

Խոսելով Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին՝ նախկին վարչապետը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի համար կանաչ լույս կարելի է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որում պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից, և, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր է այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան։

«Պոմպեոն ասաց, որ Արցախը պաշտպանվում է, հետևաբար՝ արձանագրեց, որ հարձակվել է Ադրբեջանը։ Հույս հայտնեց, որ այս ագրեսիան կարող է դիմագրավել, սա դիվանագիտական լեզվով նշանակում է հետևյալը՝ Ռուսաստան, սա քո ազդեցության գոտին է, ազատ գործիր։ ԱՄՆ-ը կանաչ լույս վառեց ռազմական աջակցություն ցույց տալու համար, և ազդանշան էր նաև Ադրբեջանին և Թուրքիային՝ որ մտածեն՝ արդյո՞ք իմաստ ունի ռազմական գործողությունները շարունակելը։ Այնպես որ, հիմա գնում է դիվանագիտական շատ լուրջ խաղ»,- ասաց Հարությունյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող թույլ տալ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական հաջողություն՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եթե Ռուսաստանը դա թույլ տա, եթե Թուրքիան կարողանա Ռուսաստանի քթի տակ հաջողության հասնել, ապա Թուրքիային կմիանան ընդդեմ Ռուսաստանի գործող այլ պետություններ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս