«Աշխատում է դիպուկահարը, երբ ջիհադիստ ահաբեկիչները հրաժարվում են գնալ Արցախի սահման». Վահագն Սարոյան

Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 176 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 541 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր: Իսկ ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ հայկական կողմի հաշվարկների, Ադրբեջանը 5489 զոհ է ունեցել։

Ըստ ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի՝ նման մասշատբների ոչնչացված զինտեխնիկան փաստում է այն մասին, որ Ադրբեջանը պլանավորել էր հսկայածավալ ռազմական տեխնիկա և մարդուժ օգտագործելով և հարձակողական գործողություններով գրավել Արցախն ու հարակից տարածքները։

«Սակայն արդեն 18-րդ օրն է՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի պլան-մաքսիմումը տապալվել է։ Ադրբեջանը, կետրոնացնելով մեծ ծավալի զինտեխնիկա, հրետանային միջոցներ և օդուժ, լուծել է մոտավոր հաշվարկներով մեկ մեծ ստորաբաժանման առաջ դրված մարտավարական խնդիր, թեև դրա համար ներդրել է 4 բանակային կորպուս։ Ստացվում է՝ Ադրբեջանն օգտագործելով նման խտությամբ և քանակի տեխնիկա՝ իր առջև դրված մարտավարական խնդիրը չի լուծել, իսկ հայկական կողմը, վարելով պաշտպանական մարտ, հաղթել է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սարոյանը։

Ռազմական փորձագետն ընդգծեց, որ ադրբեջանական բանակը վարում է հարձակողական պատերազմ, հետևաբար՝ հարձակվողն ինքն է, և ոչ թե՝ Արցախը, ինչպես փորձում էր ներկայացնել պատերազմի առաջին օրերին: Իսկ այն, որ Ադրբեջանը հարձակողական պատերազմ է մղում, փաստում է նաև անօդաչու թռչող սարքերի այս ծավալի կիրառումը։

«Ադրբեջանը ԱԹՍ-ներով վնասել է բնակելի տներ, այդ թռչող սարքերը հայտնվել են Ստեփանակերտում, դրանցով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը։ Սա նշանակում է, որ գործ ունենք Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործության հետ։ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով բոլոր միջազգային նորմերով արգելված զինատեսակները՝ դրանով իսկ խախտելով կարմիր գծերը։ «Սմերչ», «Պոլոնեզ», «Կասիրգա», «Լորա», «ԼԱՌ 160». այս բոլոր զինատեսակներն օգտագործվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ, իսկ սրանք այդ նպատակի համար արգելված են։ Օգտագործված զինատեսակների բեկորները՝ ապացույցները կան։ Սա նշանակում է, որ այս գործողությունները պետք է ձևակերպվեն՝ որպես ռազմական հանցագործություն, և խնդիրը պետք է տեղափոխել իրավական դաշտ և հետևողականորեն գնալ դրա հետևից։ Ինչ վերաբերում է ԱԹՍ-ների կիրառմանը, ապա փաստերը ցույց են տալիս, որ, թեև ԱԹՍ-ների կիրառմամբ մարտ վարելը պետք է դառնար այս պատերազմում Ադրբեջանի հիմնական առավելությունը, իսկ նրանք դրան հասնելու համար այդ անօդաչու սարքերով մարտեր վարելու փորձը ձեռք բերեին դեռևս 2016 թվականի ապրիլին, սակայն հայկական կողմը ԱԹՍ-ների դեմ պայքարի կոմպլեքս միջոցառումներ է իրականացնում։ ԱԹՍ-ների կիրառումն անգամ թուրքական F-16-երի աջակցությամբ նպատակին չի հասնում»,- ասաց Սարոյանը՝ ընդգծելով, որ, ըստ տարբեր փորձագիտական հաշվարկների, այսօր Ադրբեջանի բանակը մարտի դաշտում է թողել իր սպառազինության 30-40 տոկոսը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի՝ պատերազմի այս օրերին ստացվող համալրումներին Իսրայելից և Թուրքիայից, ապա ռազմական փորձագետը նշեց, որ բեռնատար և մարդատար ինքնաթիռների՝ դեպի Ադրբեջան մատակարարումը չի վրիպել հայկական կողմի ուշադրությունից, սակայն անգամ նոր մատակարարումներից հետո էլ Ադրբեջանը չի շարունակում մարտն այն մարտավարությամբ, ինչով պատերազմը սկսել էր։

«Հիմա օգտագործում է դիվերսիոն խմբեր՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել, ինչը նաև կանխում են հայկական բանակի հատուկ ուժերը, իսկ դրանից հետո էլ Ադրբեջանը դիմում է սադրանքների, օրինակ՝ այսօր ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ-ում մարտական հերթապահություն կատարող մարտական տեխնիկան, այսուհետ ՀՀ ԶՈՒ-ն իրեն իրավունք է վերապահել թիրախավորել Ադրբեջանում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ»,- ասաց նա։

Խոսելով ահաբեկիչների օգտագործմամբ պատերազմ վարելու Ադրբեջանի գործողությունների մասին՝ Սարոյանը նշեց, որ Ադրբեջանն այս պատերազմում օգտագործում է ջիհադիստ-ահաբեկիչներին, սակայն արդեն իսկ բազմաթիվ են հրապարակումներն ու ձայնագրություններն այն մասին, որ ահաբեկչական խմբավորումներն այս պատերազմում անարդյունավետ են գործում։

«Ահաբեկիչների շրջանում առաջացել է խուճապ։ Ջիհադիստ ահաբեկիչները երբ հրաժարվում են գնալ Արցախի սահման, նրանց հետևից աշխատում է դիպուկահարը»,- ասաց Սարոյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանն արցախաադրբեջանական սահման հասցնելով ահաբեկիչներին՝ ոչ միայն հեղինակազրկեց իր բանակը, այլ նաև լրջագույն խնդիրներ ստեղծեց Հյուսիսային Կովկասի համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս