«Էսկալացիան հայ-ադրբեջանական կոնֆլիկտով չի սահմանափակվի, կլինի ավելի լայն, հետևանքներն էլ՝ շատ ավելի բարդ». Ալեն Ղևոնդյան

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի  և Ռուսաստանի արտգործնախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի  հանդիպումը։ Մոտ երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո նախարարները հանդես եկան ճեպազրույցով՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Հետաքրքրական է, որ և՛ Սերգեյ Լավրովը, և՛ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեցին, որ ընթանում են բանակցային գործընթացի պարամետրերի ճշգրտման աշխատանքներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը,  անդրադառնալով այդ հանդիպմանը և, մասնավորապես, «պարամետրերի ճշգրտում» ձևակերպմանը, նկատեց, որ պարամետրերը դրանք տեխնիկական  բովանդակային այն կետերն են, որոնք ցույց են տալիս, թե հրադադարն ի՞նչ աշխարհագրությամբ և  ի՞նչ ժամկետներում է իրականացվելու, կամ ինչպե՞ս են տեղի ունենալու գերիների և դիերի փոխանակման գործընթացները։

«Այս գործընթացին զուգահեռ, սակայն, Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանությունը չի նվազում, ավելին՝ շրջանառվեց Հադրութի թեման, որն իրականության հետ աղերս չունի և, կարծում եմ, դրանով է պայմանավորված այն, որ հիմա թեժ մարտեր են ընթանում Հադրութում։ Մյուս կողմից՝ այնպիսի կոնֆլիկտ, ինչպիսին  սա է, ունի բազմաթիվ կողմեր, հետևաբար՝ հրադադարի ապահովման բոլոր էլեմենտները կողմերն իրար վրա վաճառելու են, բանակցային օրակարգը բաժանել են մասերի կամ  բաժինների և սկսեն քաղաքական առևտուրը։ Հիմա Ալիևը խնդիր ունի դեմքը պահելու և փորձում է Հադրութի բաղադրիչը պահել, մյուս կողմից՝ կրակը չի դադարեցնում, որովհետև ցանկանում է մեզանից ինչ-որ հնարավոր է՝ պոկել»,- ասաց Ղևոնդյանը։

Հարցին՝ երբ Ադրբեջանը չի պահպանում կրակի դադարի մասին ձեռք բերած պայմանավորվածությունը, այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր գնալ սուբստանտիվ՝ բովանդակային բանակցությունների, ինչի մասին շեշտվել է  և Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, և՛ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արգործնախարարների համատեղ ընդունված հայտարարության մեջ, Ալեն Ղևոնդյանը պատասխանեց.

«Խնդիրն է այն, որ հարց է առաջանում, թե նման իրավիճակով որքանով է նպատակահարմար նստել և խոսել բանակցային օրակարգի մասին։ Ունենք խառը մի իրավիճակ։ Այս ամեն ինչի մեջ ջուր պղտորող ֆիգուրն էլ հանդիսանում Թուրքիան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված կրակի դադարեցման պայմանի միակողմանի խախտումը նաև թուրքական կողմի թելադրանքով է կատարվում։

«Իհարկե, այն, որ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունն  Ադրբեջանը չի պահում, հիմք տվեց որոշ փորձագետների ասել, թե ՌԴ-ն չի տիրապետում իրավիճակին, սակայն դա այդպես չէ։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը պարզապես չի ցանկանում ուժի դիրքերից խոսել կողմերից և ոչ մեկի հետ, որովհետև ուժի դիրքերից հաստատված հրադադարը կայուն  լինել չի կարող։ Բացի այդ, երբ Ռուսաստանը խոսեր ուժի դիրքերից, այդ դեպքում պետք է մտներ պատասխանատվության տակ, դրա համար Ռուսաստանը հիմա հասկացնում է կողմերին, որ պրոցեսին պետք է տալ կամային լուծում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ռազմավարական սխալ արեց, Ալիևն իր համար խնդիր  ստեղծեց, երբ որոշեց, որ իր հարցերը պետք է լուծեն թուրքերը, իսկ դա հայտ է՝ ուղղված Ռուսաստանին»,- ասաց Ղևոնդյանը։

Խոսելով արցախաադբեջանական սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ից սկսված և դեռևս ընթացող պատերազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության մասին՝ Ղևոնդյանը նշեց, որ Թուրքիան՝ որպես անկայունություն հրահրող և արտահանող երկիր, վարձկաններին Ադրբեջան հասցնելով  ևս նպատակ էր դրել ստեղծել հերթական անկայունության օջախը։

«Թուրքիան հասկանում է, որ Ալիևն այլևս ֆիգուր չէ, իրեն պետք է նոր Ադրբեջան, որտեղ ինքը շատ ավելի խորը ներգրավվածություն կունենա և նոր փոխհարաբերություններ կունենա նաև Ռուսաստանի  և Իրանի հետ։ Հիմա դրան հասնելու համար վարում է սպառնալիքի և շանտաժի քաղաքականությունը»,- ասաց Ղևոնդյանը՝ նշելով, որ չի բացառվում, որ Ռուսաստանի դերակատարումն առավել ակտիվանա, երբ վերջինն իր սահմաններին նաև որոշակի վտանգ զգա։

«Իրավիճակի սրումը շատ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, էսկալացիան միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտով չի սահմանափակվի, այն շատ ավելի լայն կլինի, հետևանքներն էլ կլինեն շատ ավելի բարդ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս խոշոր գերտերությանը՝ Իրանին, ապա, ըստ Ղևոնդյանի, իրանական կողմի անվտանգության շահը ոչ միայն այդ երկրի սահմաններից ներս է, այլ դրանից դուրս, և Իրանին այնպիսի Ադրբեջան է պետք, որտեղ տիրող իրավիճակը լինի կառավարելի, սակայն հիմա իրավիճակն այդպիսին չէ։

«Իրանի քայլերը կարող են լինել շատ ավելի սուր, թեև հիմա շատ խելամիտ և զգուշավոր քաղաքականություն է վարում, բայց այն կարող է կտրուկ փոխվել»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս