«Ի՞նչ է Փաշինյանն արդեն 3-րդ անգամ խոսել Պուտինի հետ, ի՞նչ է կատարվում կուլիսներում». Վահրամ Տեր-Մաթևոսյան

Սեպտեմբերի 27-ից Արցախի, ապա նաև՝ Հայաստանի դեմ Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին տրված միջազգային արձագանքները կարևոր են նրանով, որ այդ հանրությունը հասկանա և ամրագրի՝ Թուրքիան այս պատերազմում ուղղակիրորեն ներգրավված է՝ որպես կողմ, և հենց Թուրքիայի տարածքով են Ադրբեջան հասել ահաբեկիչները, որոնք այս օրերին կռվում են Արցախի դեմ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

«Թուրքիան, որն աշխարհին ասում էր, որ ինքն ահաբեկչության զոհ դարձած երկիր է, այսօր դարձել է ահաբեկչություն արտահանող, ահաբեկչության թրաֆիքինգով զբաղվող երկիր։ Թուրքիայի հերթական պահվածքը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ սա այն Թուրքիան է, որը մարտահրավեր է նետում աշխահին՝ անգամ այս պանդեմիայի պայմաններում։ Այս պետությունն իր հավակնությունները ներկայացնում է ձախողված պետություններում՝ Սոմալի, Լիբիա և այլն, և հիմա, տեղի տալով Ադրբեջանի հորդորներին, մարտ է նետել և իր սպայական կազմը, որը գործողությունների է դիմում օդում, և ահաբեկիչներն Արցախի հետ սահմանին են»,- ասաց թուրքագետը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը, բնական է, որ պետք է արձագանքեր հայտարարությունների մակարդակով, և ոչ թե՝ գործուն քայլերի միջոցով, որովհետև գերտերություններից յուրաքանչյուրն այս տարածաշրջանում իր շահի հարցն է լուծում, ուստի պետք է սովորենք չզարմանալ նմանատիպ երկդիմի, ոչ հասցեական հայտարարություններից, որոնք ուղղված են հակամարտության կողմերին։

«Բայց մեզ, որպես մասնագետների, հետաքրքրում է, թե ի՞նչ է կատարվում կուլիսներոււմ, ի՞նչ է վարչապետը արդեն 3-րդ անգամ խոսել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Հիմա կարևորը դա է, բայց այս հարցում կան անորոշություններ»,- ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում վտանգում է ոչ միայն՝ Արցախի, այլ նաև՝ տարածաշրջանի անվտանգությունը, և այդ խնդրով ավելի շատ մտահոգված պետք է լինեն նաև Իրանը և Ռուսաստանը։

«Այստեղ հիմնական թիրախը կարող է լինել Ռուսաստանը, որը մինչև հիմա զգում է 1990-ական թվականներին ահաբեկիչների ծավալած քայքայիչ գործողությունների հետևանքները։ Ահաբեկիչներն այս տարածք են եկել երկարատև խնդիներ լուծելու համար։ Հիմա ռուս-թուրքական պատերազմը տեղափոխվել է Հարավային Կովկաս, Ռուսաստանի քթի տակից ահաբեկիչներ են բերվել, Պուտինը շատ զգայուն է ահաբեկիչների հարցում, և նրա համար ահաբեկիչների հարցը շատ մտահոգիչ է։ Ամենամեծ մտահոգությունը Պուտինը պետք է ունենա. ահաբեկիչները շատ արագ ներթափանցելու հատկություն ունեն, նրանք Հյուսիսային Կովկասում իրենց ցանցն ունեն»,- ասաց Տեր-Մաթևոսյանը։

Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, որով կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, քանի որ ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է:

Ըստ նրա՝ շատ հաճախ մոռանում ենք միջազգային փորձը, որով այն պետությունները, որոնց գլխին կախված է գոյության սպառնալիք, իրավունք ունեն որոշակի ստատուս ունենալու, որը կապահովի իրենց անվտանգությունը։

«Կոսովոյում հենց դա տեղի ունեցավ։ Հիմա Արցախի արտաքին քաղաքականության մեջ այս էլեմենտը պետք է դրվի։ Պետք է աշխարհին ուղերձ հղենք, որ Արցախի գոյությունը թուրք-ադրբեջանական պայքարում վտանգված է։ Միջազգային հանրության երկակի ստանդարտները չպետք է այս հարցում կիրառվեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանն ու Արցախը մինչև անկախության ճանաչման մասին խոսելը պետք է րոպե առաջ իրար հետ կնքեն ռազմաքաղաքական դաշինք։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս