Եթե խորհրդարանում կորոնավիրուս կա, ինչո՞ւ են հնարավոր վարակակիրներին թույլ տալիս մտնել ՔԿՀ-ներ
Եվ այսպես, արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով: Եթե երկիրը գրեթե լիովին բաց է, ու շուտով կաշխատեն նաև առևտրի կենտրոններն ու հասարակական տրանսպորտը, մնում է ենթադրել, որ արտակարգ դրություն ասվածն իշխանություններին պետք է սոսկ հեռախոսազանգերը հսկողության տակ պահելու, մեդիան վերահսկելու, հանրահավաքներ թույլ չտալու և, ամենակարևորը՝ սահմանադրական հանրաքվեն հետաձգելու համար:
168.am-ն արդեն իսկ անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում համավարակի տարածման խնդրին, գրել էինք, որ, թեև աշխատակիցների շրջանում կան վարակվածներ, բայց ազատազրկված անձանց մեջ հաստատված վարակակիրներ չկան:
Այս մասին այսօր ասուլիսում ասաց նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ այս պահի դրությամբ չի վարակվել կորոնավիրուսով»,- ասաց նա` միաժամանակ նշելով, թե դժվար թե այս իրավիճակը երկար պահպանվի, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերը բերելու են նրան, երբ կլինի նաև վարակված դատապարտյալ։
Եվ իսկապես, դժվար է երկար ժամանակ պայքարել համավարակի տարածման դեմ քրեակատարողական հիմնարկներում, սակայն պետք է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ քրեակատարողական հիմնարկներում օբյեկտիվ պատճառներով շատ են թույլ իմունիտետով մարդիկ: Պետք է նկատի ունենալ, որ ՔԿՀ-ներում կան հացադուլավորներ, թոքերի խնդիր ունեցող անձինք, ու նրանց համար վարակը կարող է ճակատագրական լինել:
Այսօր հետաքրքիր մի նկատառում արեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Բացառությունների մասով խոսել պետք չէ, քանի որ նույն խորհրդարանում և կառավարությունում վարակի տարածումը տեղի է ունեցել: Ասեմ ավելին՝ այս փուլում այս հավաքն ավելի ռիսկային բան է, որը տեղի է ունենում Հայաստանում: Կառավարության և խորհրդարանի անդամները պետք է զգոն լինեն և ծառայեն՝ որպես օրինակ, որովհետև ՀՀ քաղաքացիները նաև մեզ են տեսնում և պետք է պարտադիր կրեն դիմակներ»,- ասաց նա:
Եվ հատկանշականն այս հայտարարության ֆոնին այն է, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություններ է տարածում այս կամ այն ՔԿՀ այցելելու մասին:
«Վաղ առավոտից այցելեցի ԱԱԾ վարչական շենքերից մեկում տեղակայված «Երևան Կենտրոն» մեկուսարան: Համավարակից հետո պարբերաբար այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ: «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցների, կալանավորների, դատապարտյալների առողջության և այլ հարցերի մասին շուտով հանդես կգամ ֆեյսբուքյան տեսակապով»,- մասնավորապես երեկ գրել էր Արման Բաբաջանյանը, ապա նաև տեսանյութ տեղադրել:
Հասկանալի է, իհարկե, որ ԱԺ պատգամավորն անարգել ՔԿՀ մտնելու իրավունք ունի և անգամ իրավունք ունի անարգել տեսակցել ազատազրկված անձանց, եթե նախաքննական մարմնի որոշմամբ` արգելանք չկա դրված նրանց տեսակցությունների վրա, բայց… Եթե խորհրդարանում արդեն իսկ վարակը կա, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ Արման Բաբաջանյանը կամ ՔԿՀ այցելող որևէ պատգամավոր ենթադրյալ վարակակիր չէ:
Չէ՞ որ, եթե ազատազրկված անձանց հարազատներին արգելվում է տեսակցություն ունենալ իրենց հարազատի հետ, և դա, թերևս, տրամաբանական կարող է համարվել` սահմանափակելու համար վարակի հնարավոր տարածման հավանականությունը, ապա ո՞րն է ոչ պարտադիր այցելությունների իմաստը:
Եվ, Աստված մի արասցե, եթե վարակը մտնի ՔԿՀ այդ ճանապարհով, ինչպե՞ս են պատասխանատու անձինք հիմնավորելու հարազատների` այսքան ժամանակվա տեսակցության արգելքը: