ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ չի վարակվել կորոնավիրուսով, բայց դժվար թե այս իրավիճակը երկար պահպանվի․ Բադասյան
«Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ այս պահի դրությամբ չի վարակվել կորոնավիրուսով»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Միաժամանակ նա նշեց, թե դժվար թե այս իրավիճակը երկար պահպանվի, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերը բերելու են նրան, երբ կլինի նաև վարակված դատապարտյալ։
«Բայց սա չի նշանակում, որ կատաստրոֆա կլինի, որովհետև դատապարտյալների հիվանդանոցում արդեն վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը և արդյունավետ վերահսկողությունը հնարավոր կլինի ապահովել։ Քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք դեպքեր, հիմնականում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ հերթափոխի մասնակիցներն են վարակված։ 8 դեպք ունեինք, դրանից հետո մի քանի կասկածելի դեպք ենք ունեցել, որտեղ թեստավորումներ են կիրառվել։ Այս պահի դրությամբ թիվ չեմ հրապարակի, որովհետև թեստերը դեռ ընթացքի մեջ են։ Ծառայողների շրջանում մեկ դեպք կարծես ունեցել էինք Սևանում և Հրազդանում։
Ինչ վերաբերում է սոցիալական հեռավորության պահպանմանը, ապա երևի թե քրեակատարողական հիմնարկների վիճակը Հայաստանում լավագույններից մեկն է աշխարհում՝ այն առումով, որ ծանրաբեռնվածության ցուցանիշը 43 տոկոս է, այսինքն՝ բոլոր մյուս երկրներում, որտեղ հրատապ միջոցառումներ են իրականացրել՝ համաներմամբ ազատ արձակելու և այլ գործողությունների մասով, դրանք ընդամենը պայմանավորված են նրանով, որ բեռնվածությունը 100 տոկոսից ավելի է։ Մեզ մոտ երևի թե քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է՝ կորոնավիրուսի տարածման առումով, որի մասին վկայում են թվերը․ 0 դեպք ունենք»,- նշեց նախարարը։
Ռուստամ Բադասյանը հայտնեց նաև, որ մի շարք դեպքերում Արդարադատության նախարարությունը դիմել է Գլխավոր դատախազությանը, որ եթե ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների մասին է խոսքը, և անձն այդ մեղադրանքի շրջանակներում է կալանավորված, նմանատիպ դեպքերում միջնորդություններ են ներկայացվել, որպեսզի կալանք խափանման միջոցը փոխվի՝ որոշակի բեռնաթափում ապահովելու համար։