Բաժիններ՝

«Զուր տեղը թող մութ սենյակում կատու չփնտրեն, դա մարդկանց լռեցնելու պրիմիտիվ հնարք է, չի աշխատի». երկու նախկին նախարարները պարզաբանում են

Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է՝ որպես Լանզարոտեի կոնվենցիա, բուռն քննարկումների առարկա է դարձել։

Հասարակության` հատկապես ավանդապահ ու ազգայնական հատվածը սուր քննադատության արժանացրեց կոնվենցիայի վավերացումը, մինչդեռ իշխող ուժը հակադարձում է, թե կոնվենցիան ստորագրվել է շատ ավելի վաղ` 2010թ., և այդ առիթով աղմուկ չի բարձրացել: Ավելին, նշում են, որ այսօր կոնվենցիայի վավերացումը քննադատող շատ գործիչներ, հատկապես՝ իրավաբաններ, նախկինում դեմ չեն եղել կոնվենցիայի ստորագրմանը:

Իհարկե, այստեղ մանիպուլյացիոն տարր կա, քանի որ, ամեն դեպքում, ստորագրելը և վավերացնելը տարբեր բաներ են, կոնվենցիան գործողության մեջ է մտնում վավերացման, այլ ոչ՝ ստորագրման պահից, իսկ եթե նախորդ իշխանությունները ստորագրելու պահից 8 տարի անց այն դեռ չէին վավերացրել, քիչ է հավանական, որ այն վավերացնելու մեծ ցանկություն են ունեցել:

Ինչևէ, այսօր լրատվամիջոցներից մեկն էլ էր գրել այն մասին, որ, օրինակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հիմա դեմ են Լանզարոտեի կոնվենցիային, մինչդեռ տարիներ առաջ, երբ նախարար էին, նպատակահարմար էին համարում դրա ստորագրումը:

168.am-ի խնդրանքին` մեկնաբանել հրապարակումը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն ասաց, որ այսօր այդ հարցին անդրադարձել է արդարադատության նախարարին ուղղված իր պատասխանում:

«Քաղաքական շահեր սպասարկելուց և ակնհայտ իրավական հարթությունից խնդիրը այլ հարթություն տեղափոխելու փոխարեն՝ կառաջարկեի` ուսումնասիրեին և հասկանային, թե ինչ է նշանակում՝ ստորագրելու համար կարծիքը։ Ավելին, այդ փուլում կոնվենցիան ինքնին վտանգ չէր բովանդակում, քանզի չկային դրա առնչությամբ ծայրահեղ ընկալումներ, հատկապես՝ երեխաների սեռական կրթության կտրվածքով։ Զուր տեղը թող մութ սենյակում կատու չփնտրեն, դա մարդկանց լռեցնելու պրիմիտիվ հնարք է, չի աշխատի։ Ավելի լավ է՝ օգտվեն մեր առաջարկություններից և շահեկան վիճակում հայտնվեն. իմ դիրքորոշման մեջ քաղաքական որևէ ենթատեքստ չկա։ Եվ հետո, եթե իմ կարծիքն այդչափ ծանրակշիռ է ընկալվում, խնդիր չէ, նույն համարժեքությամբ հարկ է ընկալել նաև ներկա կարծիքը՝ ներկա իրողությունների հաշվառմամբ։ Նկատի ունեմ նաև այն միջազգային մեթոդաբանական բացատրագրերը, որոնցով, իմ խորին համոզմամբ, արմատապես նենգափոխվել է կոնվենցիայի վեկտորը»,- ասաց Գևորգ Դանիելյանը:

Արդարադատության նախարարին ուղղված իր գրառման մեջ Գևորգ Դանիելյանը մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ, նախ, կխնդրեի նկատեք, որ առնվազն իրավական հիմնավորում չունի ձեր այն վերապահումը, ըստ որի՝ «…ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ենթադրում է վավերացում»։ Հուսամ, որ սա հանրության շրջանում սխալ տպավորություն թողնելու համար չէ։ Չմանրամասնեմ, բայց ստորագրելն ընդամենը պարտավորություն է՝ միջազգային պայմանագիրը՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով քննարկման նյութ դարձնելու տեսանկյունից, այն էլ՝ ոչ բոլոր փուլերով, ինչը պետության ինքնիշխանության գրավական է։ Չի կարող վավերացումն «ակնհայտ» դիտարկվել, քանզի առնվազն Սահմանադրական դատարանը կարող էր նաև դրանով ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը հակասող ճանաչել (ինչը տեղի ունեցավ, օրինակ՝ Հունգարիայում)»:

Ըստ նախկին նախարարի` վերջին հաշվով, անգամ նաև Սահմանադրական դատարանի որոշումն ակնհայտ չի դարձնում վավերացումը, քանզի դա Ազգային ժողովի բացառիկ լիազորությունն է, հակառակ պարագայում, օրինակ՝ Հայ-թուրքական արձանագրություններն ակնհայտ պետք է վավերացվեին։

«Ինչպես մեր երկրում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում կան ու կլինեն մեծաքանակ ստորագրված, բայց չվավերացված միջազգային պայմանագրեր։ Հենց այս կտրվածքով առանձնակի կարիք չկար շնորհակալություն հայտնելու՝ իբր ստորագրության «նպատակահարմարության» մասին կարծիք հայտնելու համար, քանզի հանգամանորեն պարզաբանեցի այդ կարծիքի իրավական արժեքը, իսկ ձեր շարադրանքի ենթատեքստը հասկանալի է յուրաքանչյուրին»,- գրել էր արդարադատության նախկին նախարարը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի ժխտում, որ ստորագրությունը պատկանում է իրեն։

«Էդ ո՞ր արածիցս եմ հրաժարվել, որ էս մեկից հետ կանգնեմ»,- ավելացրեց Պետրոսյանը։

Նա առաջարկեց ուշադիր լինել ստորագրված տեքստի բովանդակությանը:

«Նախ՝ ստորագրելիս մենք կարևորել ենք դրա նպատակը, այսինքն` մենք նպատակահարմար ենք գտել ստորագրել կոնվենցիան` ունենալով այն մտայնությանը, որ կոնվենցիայի դրույթները մեկնաբանվելու և միտված են լինելու երեխաների իրավունքների համակողմանի պաշտպանությանը: Ընդ որում, ստորագրությունը չի նշանակում՝ վավերացում կամ հաստատում: Այն վերաբերում է ընդամենը Կոնվենցիայի քննարկման նպատակահարմարությանը: Ուղղակի ամոթ է, որ ամենավերին մակարդակներում այս տարբերությունը չեն տեսնում։ Իրականում փոխվել է իրավիճակը, և բոլորովին այլ են մեր այժմյան մտավախությունների իրականացման օբյեկտիվ հնարավորությունները»,- ասաց Գևորգ Պետրոսյանը, ով, ի դեպ, 2010-ին, երբ ստորագրվել է կոնվենցիան, արդեն նախարար չէր:

Պատգամավորի կարծիքով` այն ժամանակ, ինչպես հայտնի կինոնկարի մեջ է ասվում, «հիշեք` ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ»:

«Հիմա` ովքե՞ր էին սեռաշեղվածները, այսպես ասած՝ հեղափոխությունից առաջ, իսկ հիմա՞ ովքեր են: Այն ժամանակ, երբ մենք ստորագրել ենք նպատակահարմարության մասին գրությունը, հիմք ենք ընդունել փաստաթղթի՝ վերնագրում շեշտադրված նպատակը՝ հույս ունենալով, որ ամբողջ փաստաթուղթը պետք է մեկնաբանվի՝ վերնագրի ենթատեքստից ելնելով, այլ ոչ թե՝ դրանից ծաղկաքաղ արվեն այլ դրույթներ, այդ թվում` տարրական դասարաններում սեռական դաստիարակությունը, կասկածելի հ/կ-ների կասկածելի ծրագրերը, ու հետագայում դրանք հիմք ընդունվեն՝ մեր ավանդական արժեհամակարգը կործանելու համար»,- նկատեց ԱԺ պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանն ուշադրություն է հրավիրում այն հարցին, թե հիմա ովքեր են, այսպես կոչված, հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածի սեռաշեղվածները:

«Դրանք իրենց արտոնյալ համարող, ոստիկանական բաժանմունքների ու քաղաքացիների նկատմամբ անպատիժ գրոհներ ձեռնարկող զանգված են, որոնք հեղափոխության դափնիները վերագրում են իրենց և իրենց իրավունք են վերապահում ազատորեն գործել` մանկահասակների շրջանում իրենց պիղծ գաղափարները տարածելով»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանի խոսքով` ինչ վերաբերում է արդարադատության ներկայիս նախարարի «պեղումներին» և նաև այն պատճառաբանությանը, որ իրենց այժմյան դիրքորոշման հիմքում դրվում է նաև իր ու Գևորգ Դանիելյանի կարծիքը, ապա իր մոտ հարց է առաջանում` բա որ այդպես սուսուփուս ընդունում են իրենց ասածը, ինչո՞ւ իրենց մյուս ասածներին այդպես սիրահոժար չեն համաձայնում:

«Այսինքն` մեր կարծիքները հարգելու և կյանքի կոչելու հարցում նույնպես իշխանությունները ղեկավարվում են ընտրանքային, խտրական մեթոդով՝ որպես սկզբունք ընդունելով իրենց ձախողումների մեջ մեղավորներ փնտրելու՝ արդեն հայտնի գործելաոճը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Վերջում պատգամավորը հիշեցրեց, որ 2009 թվականին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք պատերի տակ էին ման գալիս, ու այն էլ` միայն գիշերով:

«Այսօր իրենք իրենց համարում են արտոնյալներ և իրենց փչացած, այլասերված կամքը պարտադրում են ժողովրդին»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս