Բաժիններ՝

Ինչ պետք է սպասել կրթության ոլորտից

Անկախության տարիներին Հայաստանի կրթական համակարգը մշտապես գտնվել է փոփոխությունների գործընթացում։ Այդ ընթացքում պարբերաբար բարձր սպասումներ են ձևավորվել կրթության հանդեպ։ Բայց մեր օրերում իրատեսական չէ կրթությունից արագ ու շոշափելի արդյունքներ ակնկալելը, քանի որ ամբողջ աշխարհում կրթության ոլորտում անորոշ իրավիճակ է, առկա են բարդ խնդիրներ, և պարզ չէ, թե երբ կգտնվեն արդյունավետ լուծումներ։

Իրականում մեր սպասելիքները կրթության ոլորտից ավելի իրատեսական պետք է լինեն։ Ես ուզում եմ, որ Հայաստանի կրթության ոլորտն ունենա զարգացման ճիշտ ուղղություն։ Ինչ-որ մի սերունդ պետք է իր վրա վերցնի դեպի հաջողություն տանող ճանապարհի մեկնարկային դժվարությունները։ Բացատրեմ տրանսպորտի օրինակով։ Եթե ձեր մեքենան ճիշտ ուղղությամբ է գնում, դուք հանգիստ եք, քանի որ գիտեք, որ, ի վերջո, հասնելու եք ձեր նպատակակետին։ Բայց եթե սխալ ուղղությամբ եք գնում, ապա չեք կարող հանգիստ լինել։

Թող ընթացքը լինի դանդաղ, բայց կարևորը՝ վստահ լինենք, որ ճիշտ ուղղությամբ ենք քայլեր անում։ Մենք միշտ կարևորել ենք բարեփոխումների արագությունը։ Բազմաթիվ ծրագրեր իրականացվել են կարճ ժամկետներում, ինչը հաճախ իրականացվել է որակի հաշվին։ Այս պահին շատ կարևոր է տարբեր քննարկումների միջոցով դուրս բերել Հայաստանի կրթության այն վեկտորը, որն ընդունելի կլինի մասնագետների և հանրության համար։

Մյուս կարևոր ակնկալիքն այն է, որ կրթության խնդիրները դիտարկվեն համակարգային պրիզմայով։ Հաճախ մենք տեսնում ենք կրթության մի ասպեկտը կամ կրթության գործընթացի մասնակիցների մի մասի խնդիրները։ Կրթության հանդեպ համակարգային մոտեցման բացակայության մասին է խոսում նաև այն, որ հաճախ տեսնում ենք միայն մեր քայլերը, բայց չենք տեսնում այդ քայլի հնարավոր հետևանքներն ու հակազդեցությունները։ Շատ կարևոր է, որպեսզի կրթության ոլորտում ոչ թե իրարից անջատ քայլեր ու ծրագրեր իրականացվեն, այլ լինեն փոխկապակցված ծրագրեր։

Կարդացեք նաև

Պակաս կարևոր չէ նաև կրթության ոլորտի որոշումների որակը։ Հայաստանի կրթության ոլորտում գործում է կառավարման բրգաձև համակարգ։ Բոլոր կարևոր որոշումները, որպես կանոն, կայացվում են նախարարի կողմից, ինչն ազդում է որոշումների որակի վրա։ Մեկ մարդը չի կարող մեկ օրում մի շարք առանցքային որոշումներ կայացնել։ Չկա վստահության մթնոլորտ, ինչը հնարավորության կտա որոշումների մի մասը պատվիրակելու այլ մարդկանց։ Բոլոր ժամանակներում նախարարների թիվ մեկ խնդիրը եղել է մտածելու ժամանակի պակասը։ Հայաստանում դժվար է պատկերացնել մի նախարար, ով օրվա մեջ կարողանում է 1-2 ժամ միայնակ նստել իր աշխատասենյակում և մտածել։

Չունենք նման մշակույթ։ Մեր նախարարները մշտապես հանդիպումների, այցերի, քննարկումների մեջ են։ Իսկ մտածելու ժամանակի պակասն էապես ազդում է որոշումների որակի վրա։

Հաջորդ ակնկալիքն այն է, որ նախարարության, մարզպետարանների կրթության վարչությունների աշխատակազմերը դառնան սովորողների թիմեր։ Կրթության ոլորտում շատ բան կփոխվի, եթե կրթության կառավարիչները ոչ թե պարզապես լինեն հրահանգներ տվողներ, այլև սովորողներ։ Համակարգի տարբեր օղակներում անհրաժեշտ է ստեղծել սովորող թիմեր։

Վերջերս աշխատանքի բերումով առնչվում եմ ՀՀ Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի հետ։ Այս կենտրոնը սովորողներից բաղկացած հետաքրքիր թիմ է։ Երբ մտնում ես կենտրոնի տնօրեն Արմենուհի Մկրտչյանի աշխատասենյակ, զգացվում է, որ գործ ունես սովորող պաշտոնյայի հետ։ Սեղանին գրքեր կան, որոնք պարզապես դեկորացիա չեն, այլ իսկապես ընթերցվում են։

Պատերին ուսուցողական պաստառներ կան, ինչը վկայում է այն մասին, որ այս կենտրոնում ոչ միայն քննարկումներ են ընթանում, այլև հետևություններ են արվում, դասեր են քաղվում։ Ղեկավարի սովորող լինելու հանգամանքն իր ազդեցությունն է ունենում ամբողջ կենտրոնի աշխատաոճի վրա։ Այս կենտրոնի աշխատակիցները մասնագիտական ու գեղարվեստական գրքեր են կարդում։ Նրանցից յուրաքանչյուրը գիտի մյուսների ուժեղ կողմերը և անհրաժեշտության դեպքում դիմում է գործընկերոջ օգնությանը։ Ստեղծվում է վստահության մթնոլորտ, որում յուրաքանչյուրը չի վախենում խոսել իր չիմացության համար։

Ժամանակակից աշխարհում, երբ ամեն ինչ փոխվում է, տեղեկատվությունը բազմապատկվում է, ամեն ամենագետի հավակնություն ունեցող մարդ դառնում է վտանգավոր։ Մեզ այսօր պետք են սովորող կառավարիչներ։ Մարդիկ, ովքեր հասկանում են, որ իրենք չեն կարող ամենագետ լինել և միանձնյա որոշումներ կայացնել։ Մարդիկ, ովքեր չեն ամաչում սովորել ուրիշներից, այդ թվում՝ իրենց ենթականերից։ Հենց այդպիսի հարաբերություններն են նպաստում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Գիտնականները մի հայտնի հետազոտություն են կատարել։ Մարդկանց տարբեր խմբերի տվել են որոշակի պարագաներ և առաջարկել կառուցել աշտարակ։ Եղել են դեպքեր, երբ մանկապարտեզի կամ դպրոցի երեխաների թիմն ավելի բարձր աշտարակ է կառուցել, քան համալսարանի գերազանց առաջադիմությամբ ուսանողներից բաղկացած թիմը։ Արդյունքները խորությամբ ուսումնասիրելուց հետո հետազոտողները եզրակացրել են, որ այն թիմերը, որտեղ անդամները փորձել են համագործակցել՝ առանց «ամենագետի» ամբիցիաներ դրսևորելու, ավելի լավ արդյունքի են հասել, քան այն թիմերը, որոնցում անդամների միջև մրցակցություն է եղել «ամենագետ» լինելու հարցում։

Այսպիսով, առանձնացնում եմ չորս կարևոր ակնկալիք։

Շարժվել ճիշտ ուղղությամբ, թեկուզ դանդաղ։

Կրթությանը նայել ոչ թե թունելային, այլ համայնապատկերային հայացքով։

Բարձրացնել որոշումների որակը։

Ստեղծել սովորող թիմեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս