Ի՞նչը կարող է քնկոտության պատճառ դառնալ. բժշկի խորհուրդները
– Ի՞նչը կարող է քնկոտության պատճառ դառնալ։
Պատասխանում է էնդոկրինոլոգ Աննա Աղավելյանը:
– Քնկոտության պատճառ կարող է լինել հիպոֆիզ-հիպոթալամուս-մակերիկամային համակարգը, եթե ունեք քաշի իջեցում, մաշկի մգացում, արտահայտված թուլություն, քնկոտություն, գլխացավ, ճնշման իջեցում, ապա հավանաբար քրոնիկ մակերիկամային անբավարարություն է, իսկ վահանաձեւ գեղձի հիվանդության դեպքում, բացի քնկոտությունից, գլխացավից, շատ ավելի ախտանիշներ կարող են լինել, կարող են նաեւ չլինել: Եթե, բացի քնկոտությունից, ունեք նաեւ հոգնածություն, փորկապություն, քաշի փոփոխություն, վքնածություն, կոկորդում անախորժ զգացում, ջերմության զգացում, մազաթափություն, ապա միանշանակ պետք է ծավալուն հետազոտել վահանաձեւ գեղձը:
Քնկոտության դեմ արդյունավետ պայքարելու առաջին քայլը դրա պատճառների հայտնաբերումն է: Առաջին հերթին անհրաժեշտ է այցելել բժշկի եւ համոզվել, որ առողջության հետ ամեն ինչ կարգին է: Դրանից հետո կարելի է արդեն հետեւել այս մի քանի խորհուրդներին, որոնք կօգնեն կարգավորել քունն ու առույգ լինել ողջ օրվա ընթացքում:
Առաջին հերթին անհրաժեշտ է մշակել որոշակի ռեժիմ՝ պառկել ավելի վաղ, փորձել նվազագույնը 7 ժամ քնել:
Հնարավորության եւ ցանկության առկայության դեպքում շատ օգտակար է նաեւ քնելուց առաջ զբոսնելը: Այդպիսով օրգանիզմը կհարստանա թթվածնով, որի պակասն էլ շատ հաճախ հանգեցնում է թուլության եւ քնկոտության:
Հետաքրքիր է, բայց քնի վրա ազդում է նաեւ սննդակարգը: Հատկապես աշնանն անհրաժեշտ է օգտագործել տարբեր տեսակի սնունդ՝ սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ: Ի դեպ, չափազանց կարեւոր է նաեւ հեղուկների օգտագործումը:
Քնկոտության պատճառ կարող է լինել նաեւ դեպրեսիան: Այս դեպքում խորհուրդ է տրվում այցելել արհեստավարժ հոգեբանի մոտ, կամ էլ փորձել ինքնուրույն քայլեր ձեռնարկել՝ աշխատելով փոխել այն ամենը, ինչ հասցնում է հոգեկան անառողջ վիճակի:
asparez.am