«Մեծ սպորտում վերջակետս դեռ չեմ դրել». Գևորգ Դավթյան
Ծանրամարտի հայկական «ընտանիքի» տիտղոսակիր մարզիկների շարքում իր ուրույն տեղն ունի 2007-ի Հայաստանի լավագույն մարզիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գեւորգ Դավթյանը: Գևորգն այժմ անցել է մարզչական աշխատանքի և մարզում է պատանիների հավաքականը, սակայն շարունակում է մարզվել: Մեր հանդիպումը Դավթյանի հետ կայացավ «հայկական սպորտի դարբնոցում»` Գյումրիում, որտեղ ջերմ հյուրընկալության արժանացանք ծանրորդի կողմից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգը խոսեց անցած ուղու, մարզչական աշխատանքի և ծանրամարտի հավաքականի մասին:
– Պրոֆեսիոնալ մարզիկները մեծ սպորտից հեռանալիս միշտ զգացողություն են ունենում, որ ինչ-որ բան կիսատ են թողել: Ձեզ մոտ էլ կա՞ր նույն զգացողությունը:
– Իհարկե կար: Չէ որ չկարողացա Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալ: Կարծում եմ՝ կհիշեք, որ ոտքի վնասվածք էի ստացել: Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ ոտքի լուրջ վնասվածք ունեցա: Գուցե դա էր պատճառը, որ այդպես էլ օլիմպիական չեմպիոն չդարձա: Մոտ 20 օր չմարզվեցի, հետո արդեն մարզավիճակս վերականգնեցի, որը քիչ եղավ: Ափսոսանք կար, բայց սպորտն անկանխատեսելի է: Սպորտը պարզապես թողնելը շատ դժվար է:
– Ինչո՞ւ որոշեցիք անցնել մարզչական աշխատանքի:
– Մեծ սպորտից հեռանալուց հետո էլ միշտ մարզվում էի: Սակայն միշտ էլ սեր ունեցել եմ մարզչական գործի հանդեպ: 2010 թվականին մեջքս էի վնասել, վերականգնվեցի ու կրկին մարզվում էի, սակայն ժամանակի հետ հասկացա, որ պետք է անցնեմ մարզչական աշխատանքի: Մեծ սպորտում վերջակետս դեռ չեմ դրել: Եթե կարողանամ հետ բերել այն կիլոգրամները, որոնք բարձրացնում էի առաջ, նորից կփորձեմ ինձ միջազգային ասպարեզում:
– Արդյոք տարիքը թույլ կտա:
– Այո, թույլ կտա, եթե հանկարծ վնասվածք չլինի: Շատ մարզիկներ մինչև 37 տարեկանը մնացել են ծանրամարտում:
– Դժվար չէ արդյոք պատանիների հետ աշխատանքը:
– Պատանիների հետ և՛ դժվար է, և՛ հեշտ: Դժվար է այն տեսանկյունից, որ այդ տարիքում սկսում են հասունանալը և փորձում են իրենց ցույց տալ: Բայց ինձ հաջողվել է լեզու գտնել նրանց հետ: Ինձ հետ հեշտ է աշխատելը (ծիծաղում է- հեղ.): Ինչ-որ տեղ խիստ եմ, ինչ-որ տեղ՝ ոչ: Պահանջկոտ եմ, եթե ասածս չանեն, վերջ կդնեմ:
– Եվրոպայի պատանիների այս առաջնությունը հաջող էր ձեզ համար դրական մեկնարկ ունեցած գլխավոր մարզչի պաշտոնում:
– Մենք լավ նախապատրաստվել էինք հավաքների ժամանակ: Նրանք պատրաստ էին թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես: Ինչ գիտեմ ծանրամարտի մասին, փոխանցում եմ նրանց: Գուցե, հենց դա էր, որ մեզ հաջողվեց երեք ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալներ նվաճել: Մոտ 10 մարզիկներից գրեթե բոլորը մեդալակիրներ դարձան:
– Արդյոք նոր սերունդը, որ գալիս է փոխարինելու ավագներին, արժանի հետնորդ է:
– Շատ, շատ տաղանդավոր ծանրամարտի նոր սերունդ ունենք: Մասնավորապես այն պատանիների մեջ, որոնց մարզում եմ ես: Ընդամենը 3-4 տարի անց ավելի բարձր ձայնով կլսեք նրանց մասին: Չեմ կարծում, որ Տոկիոյի խաղերին կլինեն, բայց դրան հաջորդող տարիներին միջազգային մրցաշարերում պայքարող ուժ կլինեն: Հաջորդ տարի` 2018 թվականին մեր պատանի ծանրորդներից մեկը կմասնակցի Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերին: Ցավոք, երկու հնարավորից մեկ ուղեգիր նվաճեցինք:
– Գիտե՞ք, թե ով կմասնակցի Խաղերին:
– Ոչ, դեռ որոշված չէ: Մոտ 5 թեկնածու ունենք: Մենք կուղարկենք մեր լավագույններից լավագույնին: Վերջնականապես հայտնի կլինի միայն հաջորդ տարի հուլիս-օգոստոսին:
– Հին սպորտասերները կհիշեն նաև ձեր մարզչին` երջանկահիշատակ ընկեր Աշոտ Մխիթարյանին: Արդյոք հիմա մարզչական աշխատանքի ժամանակ հիշում եք նրա խորհուրդները:
– Ընկեր Աշոտի հետ անցել ենք մի ամբողջ կյանք: Երբ պատանի էի, նա մարզում էր պատանեկան թիմը, երբ երիտասարդ էի` մարզում էր երիտասարդներին, իսկ մեծահասակների տարիքում՝ ավագ մարզիչ էր: Իմ մարզիչներից շատ բան եմ սովորել: Անձնական մարզիչ Վահան Բիչախչյանից, իմ ավագ ընկերոջից` Խաչատուր Քյափանակցյանից:
– Ծանրամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը բաց թողեց աշխարհի այս տարվա առաջնությունը: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Մենք մեր հավաքականում ունենք երկու օլիմպիական փոխչեմպիոն: Եթե տղաները, մասնավորապես Սիմոն Մարտիրոսյանը, մասնակցեր, կդառնար աշխարհի չեմպիոն: Շատ հեշտ ու հանգիստ կդառնար, հավատացնում եմ: Սիմոնն այնքան է առաջադիմել, որ արծաթե մեդալի մասին կարելի է մոռանալ: Նույնն էլ Գոռ Մինասյանը: Նա ունակ է աշխարհի այս առաջնությունում մեդալների համար պայքարել:
– Ինչից է, որ գյումրեցիններն այսքան տաղանդավոր են:
-Ինձ շատ են տալիս այդ հարցը, գիտեք: Թասիբից է, թասիբից: Սպորտը միշտ էլ Գյումրիում եղել է առաջին դիրքերում: Գուցե, եթե համեմատենք մայրաքաղաք Երևանի հետ, այդքան ժամանցի վայրեր չկան, և մարզիկները նվիրվում են իրենց գործին:
– Ի՞նչ պլաններ կան 2018 թվականի համար:
– Հունվար-փետրվարից սկսեցինք ուսումնամարզական հավաքները: Հուլիսին նոր կունենանք պատանիների Եվրոպայի առաջնությունը: Նախապատրաստվելու ենք հենց դրան: Բայց ամենակարևոր մրցաշարը 2018 թվականի համար պատանեկան Օլիմպիական խաղերն են:
– Տոներն են մոտենում: Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:
– Մենք միշտ Նոր տարին նշում ենք տանը, ընտանիքիս անդամների հետ: Կցանկանայի նաև շնորհավորել բոլորիս գալիք տոները՝ մաղթելով, որ հաջորդ տարին ուրախ կլինի բոլորիս համար` հատկապես մարզիկների:
Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի