«Կցանկանայի, որ ամեն ինչ լինի քաղաքակիրթ ձևով, որպեսզի միգրանտները չբնակվեն բոմժի նման անմարդկային պայմաններում». Սերգեյ Կատիրին

168.am-ը զրուցել է Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինի հետ

– Պարոն Կատիրին, ինչպե՞ս եք գնահատում այս տարվա սկզբից Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության կտրուկ նվազումը:

– Ոչ մի սարսափելի բան ես դրանում չեմ տեսնում: Առաջին հերթին՝ այդ անկումը դոլարային արտահայտությամբ է, պետք է նայել, թե ֆիզիկական ծավալների հետ ինչ է կատարվում:

– Ֆիզիկական ծավալները նույնպես պակասել են:

– Դե՛, դա համընդհանուր տրենդ է, միտում, որը վերաբերում է ոչ միայն մեր երկու երկրների առևտրաշրջանառությանը, այլև համաշխարհային տնտեսության մեջ բավականին ոչ պարզ իրավիճակ է, ցավոք, մենք ունենք նման խնդիր, որ ԱՊՀ և ԵՏՄ որոշ գործընկերների հետ առևտրաշրջանառության ծավալների անկում ունենք: Մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում կկարողանանք այդ միտումը հաղթահարել: Դրա վրա միանշանակ ազդում է այն, որ այսօր ռուբլին դոլարի համեմատ շատ արժեզրկվել է, նաև, անկասկած, ազդում են համաշխարհային տնտեսությունում առկա համընդհանուր ճգնաժամային երևույթները և հենց ՌԴ տնտեսությունում առկա ճգնաժամը: Անկում կա, և դա պատմական փաստ է, մեր տնտեսությունն անկում է ապրում, և վեճերը գնում են, թե տարվա վերջին ինչքան կլինի այդ անկումը՝ 3.5%, թե՞ 3.6%: Բայց բոլոր ցուցանիշները միանշանակ ցույց են տալիս, որ զգալի անկում կլինի: Եվ դա, իհարկե, չի կարող չանդրադառնալ մեր արտաքին կապերի վրա:

– Հայաստանի դեպքում խնդիրը նաև այն է, որ ոչ միայն մեր երկրից արտահանումն է կրճատվել դեպի Ռուսաստան, այլև ՌԴ-ից ներկրումն է մեծացել, և ռուսական արտադրանքը ճնշում է մեր տեղական արտադրողին: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

– Մրցակցությունն անխուսափելի է: Նախ՝ առաջինը, որի մասին պետք է մտածել՝ նայել այն ուղղությամբ, որտեղ մենք արտաքին շուկաներում կունենանք սիներգիա (արդյունավետ փոխգործակցություն.- Գ.Խ.), և մեր ջանքերի համատեղում, որպեսզի մենք միասին, թեկուզ որոշ դիրքերում, արտաքին շուկաներում միությունից դուրս չմրցակցենք: Եթե մենք այստեղ իրար մեջ մրցակցում ենք, դա անխուսափելի է, եթե մենք նույն ապրանքն ենք արտադրում, ապա հենց սպառողի շահերից է, որ մրցակցություն լինի, և ավելի որակյալ ու էժան ապրանք ստանան: Բայց ես չէի ասի, որ դա երկրի տնտեսական շահերին ևս համապատասխանում է: Ամեն դեպքում, դա լինի հայ, թե ռուս արտադրող, ինչ-որ մեկը պահանջված ապրանքն արտադրելու է: Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում: Բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ առաջին հերթին՝ պետք է միասին նայել արտաքին շուկաների ուղղությամբ, մեր միության սահմաններից դուրս, որտեղ մենք կկարողանանք սիներգիա ունենալ: Եթե մենք պետք է նույն ապրանքով արտաքին շուկաներ դուրս գանք, ապա այդտեղ, իհարկե, պետք է սինքրոնացնել գործողությունները, կարելի է նաև համատեղ արտադրություն ստեղծել, որի արդյունքը կարելի կլինի արտահանել այլ շուկաներ, և դրանից կշահեն բոլոր կողմերը:

– Իսկ ի՞նչ արտադրանք կարող է դա լինել:

– Ցանկացած արտադրանք, առաջին հերթին՝ բարձր տեխնոլոգիական, որի մի մասը կարող է արտադրվել Հայաստանում, մի մասը՝ Ռուսաստանում: Մենք որոշ նախագծեր ունենք, օրինակ, շատերն իրենց գործընկերներ են գտնում մեր ԱԱՊ կայքի միջոցով, որտեղ տեղադրվում են բոլոր առաջարկները, նայում են և գտնում իրենց համար գործընկերներ: Օրինակ՝ Ուզբեկստանում գյուղատնտեսական ոլորտի համատեղ արտադրություն են հիմնել ուզբեկ և ռուս գործարարներ: Կարող են տարբեր ոլորտներ լինել, առավել նախապատվելի է բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունը, որոշակի համալրող սարքեր և այլն: Պարզ ապրանքը դժվար է համատեղ արտադրել, օրինակ՝ հացը եթե դուք արտադրեք, մենք դրան ավելացնելու բան չենք ունենա, և հակառակը՝ դուք միայն հայկական ժպիտ կավելացնեք:

– Ըստ Ձեզ՝ ճգնաժամը դեռ որքա՞ն կշարունակվի:

– Ռուսաստանում, կարծում եմ, հաջորդ տարի զրոյական աճ կլինի, իսկ ԵՏՄ-ում ՌԴ-ն ամենամեծ տնտեսությունն է: Եվ եթե աճ սկսվի ռուսական տնտեսությունում, ապա, կարծում եմ, ամբողջ ԵՏՄ-ում նույնպես աճ կգրանցվի: Բայց, ի դեպ, ձեր մոտ տնտեսության աճ կա, անկում չունեք:

– Աշխատանքային միգրանտների հետ կապված ի՞նչ խնդիրներ կան:

– Հիմա մենք ՌԴ ԿԳ նախարարության և միգրացիոն ծառայության հետ ակտիվ աշխատում ենք Ռուսաստան եկող աշխատանքային միգրանտների խնդրի կապակցությամբ, որպեսզի նրանց նախապատրաստենք ռուսերեն լեզվի քննությանը, որպեսզի կարողանան հանգիստ աշխատել: Մենք շատ կցանկանայինք, որ այդ աշխատանքում ներգրավվեն նաև ԱՊՀ մեր մյուս գործընկերները, որտեղ մեծ է աշխատանքային միգրանտների հոսքը դեպի Ռուսաստան, այդ թվում՝ Հայաստանի: Կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի այդ մարդկանց ուսուցանել անմիջապես իրենց բնակության վայրում, որպեսզի նրանք արդեն պատրաստ գան ՌԴ և կարողանան անմիջապես հանձնել լեզվի քննությունը:

Կարծում եմ, որ սա կարևոր է, որպեսզի մարդիկ չհայտնվեն բարդ իրավիճակներում, երբ նրանով զբաղվեն ամեն տեսակի թափթփուկներ, որոնք որոշակի գումարի դիմաց փորձում են երբեմն նույնիսկ կեղծ փաստաթղթեր տրամադրել քննության հանձնման մասին, իսկ հետո մարդիկ հայտնվում են տհաճ իրավիճակներում՝ ավելորդ օրինականացման, աշխատանքի վարձատրման, կեցության հետ կապված: Եվ որպեսզի միգրանտները չբնակվեն բոմժի նման անմարդկային պայմաններում, որ նրանք չհայտնվեն ստրկության մեջ, երբ գալիս են, ու նրանցից վերցնում են անձնագրերը, բնակեցնում անհասկանալի վայրում ու անհասկանալի ձևով վճարում: Ես կցանկանայի, որ ամեն ինչ լինի քաղաքակիրթ ձևով, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում միասնական արժույթի կիրառմանը, նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրների վարչապետերի հանդիպմանն առաջարկել էր հրաժարվել դոլարիզացիայից ու միմյանց միջև առևտուրն իրականացնել ազգային արժույթներով:

– Միասնական արժույթի մասին Վլադիմիր Պուտինն էլ խոսել էր նիստերից մեկի ժամանակ, որ անհրաժեշտ է նաև մտածել միասնական արժույթի մասին: Դա այնքան էլ դյուրին թեմա չէ, Եվրոպան միասնական արժույթ ունենալու ճանապարհն անցել է մի քանի տասնյակ տարիների ընթացքում, մինչև ներդրել է եվրոն: Դրա համար, չեմ կարծում, որ մեզ կհաջողվի հարցը լուծել 1 կամ 2 տարում, բայց մենք, համենայն դեպս, ինտեգրացիոն գործընթացներում շարժվում ենք շատ ավելի արագ, քան Եվրոպան էր, քանի որ մենք հիմք ունենք՝ ոչ այնքան վաղուց մենք միասին էինք:

– Այսինքն, Ձեր կարծիքով՝ ԵՏՄ-ն ապագա ունի՞:

– Անգամ չեմ կասկածում դրանում: Եվ, իհարկե, լավ ապագա ունի, այլապես վատն ո՞ւմ է պետք:

Տեսանյութեր

Լրահոս