Մի՞թե մեղք եմ գործում, եթե ուզում եմ իմանալ, թե ապագայում ընտանիքիս ինչ է սպասվում
– Մի՞թե մեղք եմ գործում, եթե ուզում եմ իմանալ, թե ապագայում ընտանիքիս ինչ է սպասվում, որ վատ բաները ուժերիս չափով փորձեմ կանխել։
– Սուրբ Գրիգոր Նյուսացին այդ մասին ահա թե ինչ է ասում. «Հեշտաասեր անձը ներկա կյանքում ցանկություն ունի տեսնել ապագան՝ փորձանքներից խուսափելու կամ ցանկությանը հասնելու համար։ Ուստի, որպեսզի մարդիկ իրենց հայացքն Աստծուն չուղղեն, խաբեությամբ լի դիվական բնությունը ապագան իմանալու շատ ձևեր է հնարել. օրինակ՝ գուշակություն, նշանների մեկնաբանում, մարգարեություն, ոգեկանչություն, հափշտակվածություն, ներշնչում աստվածներից, ոգեհմայություն, խաղաթղթերով գուշակություն և շատ ուրիշ բաներ։
Եվ եթե կանխագուշակման որևէ եղանակ խաբեությամբ ընդունվել է որպես ճշմարիտ, ապա դևը այն ներկայացնում է գայթակղվածին որպես սուտ առաջարկի արդարացում և իր հնարամտությամբ գայթակղվածի ուշադրությունը ցանկացած սուտ նշանի վրա է գրավում, որպեսզի մարդիկ, Աստծուն թողնելով, դևերին ծառայեն»: Հավատացյալ քրիստոնյաների կյանքը պատկանում է Հիսուս Քրիստոսին. հենց Նրան ենք մենք դիմում աղոթքով, հենց Նրա հրահանգներով ցանկանում ենք շարժվել, հենց Նրանից սպասում ենք օգնություն ու խրատ։ Ավետարանն ապաշխարությունն է քարոզում. մենք կարող ենք փոխել մեր կյանքը, խավարից դեպի լույս դառնալ, հրաժարվել մեղքից, որը քայքայում է մեր և մեր հարազատների կյանքը։ Զբաղվել գուշակությամբ և փորձել իմանալ «ճակատագիրը»` նշանակում է հրաժարվել հավատալ և՛ Աստծու նախախնամությանը, և՛ մարդու պատասխանատվությանը։ Նրանք, ովքեր իսկապես հավատում են Աստծուն, գիտեն, որ առանց Նրա կամքի մեզ հետ ոչինչ չի պատահի։
Աշխարհում ոչինչ և ոչ ոք ի վիճակի չէ մեզ վնաս պատճառել, երբ մենք աղոթում ենք Աստծուն և Սուրբ Աստվածածնին և հայցում Նրանց պաշտպանությունը։ Քրիստոնյայի հետ ինչ–որ վատ բան կարող է պատահել միայն այն դեպքում, եթե այն տրված է իրեն Աստծո կողմից՝ Նրա թույլտվությամբ, որպես պատիժ կամ խրատ։ Նեղություններն այցելում են մեզ հիմնականում այն ժամանակ, երբ Տերն ուզում է մեզ պաշտպանել մեծագույն չարիքից և խելքի բերել, դարձի բերել դեպի ճիշտ, հոգևոր առողջ կյանք։ Այսինքն՝ նեղություններն ու վշտերը հզոր դաստիարակչական միջոցներ են, որոնց շնորհիվ մարդն ընդունակ է դառնում իր անօգնականությունը հասկանալ, Աստծու օգնության անհրաժեշտությունը զգալ, ապաշխարել և իր կյանքը փոխել։
Սուրբ Բարսեղ Մեծն ասում է. «Մի հետաքրքրվիր ապագայի մասին, այլ օգտագործիր ներկան ի շահ։ Քանզի ի՞նչ շահ ունես տնօրենությունը կռահելուց։ Եթե ապագան քեզ ինչ–որ բարի բան պիտի բերի, ապա այն կգա, թեկուզև նախապես դու չիմանաս, իսկ եթե վշտալի է, ի՞նչ օգուտ նախապես տոչորվել վշտից։ Ուզո՞ւմ ես վստահ լինել ապագայի հարցում, կատարիր Ավետարանի Օրենքով կարգադրվածը և սպասիր երանության վայելքին»։
Կրոնի ուսուցչուհի Մարինա Մինասյան
qahana.am