Բաժիններ՝

«Մեծ հույս ունեմ, որ ջահելների պայքարը քաղաքական ընթացք չի ստանա, «Մայդանի» չի վերածվի». Արմեն Էլբակյան

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերին պարբերաբար միանում ու պայքարի, ինչպես նաև՝ սակագնի բարձրացման մասին իրենց դիրքորոշումն են հայտնում մեծ թվով մշակութային գործիչներ: Նրանցից շատերին ամեն օր կարելի է հանդիպել հենց պայքարի կիզակետում՝ Բաղրամյան պողոտայում: 168.am-ը զրուցեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը քաղաքում տիրող իրավիճակի և, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին:

– Պարոն Էլբակյան, ինչպե՞ս կբնորոշեիք այս օրերին մեր քաղաքի տրամադրությունը:

– Շատ ծանր իրավիճակ է՝ ելքեր գտնելու տեսակետից, պետք է հասկանանք՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Կարծում եմ՝ բողոքի ակցիան, այնուամենայնիվ, սոցիալական բնույթ ունի: Պայծառ երիտասարդություն է համախմբվել Բաղրամյան պողոտայում և համախմբել մեծ թվով մարդկանց: Ես մեծ հույսեր ունեմ, որ դրական ելքեր գտնվեն այս իրավիճակից դուրս գալու համար:

Շատ են կարծիքները, որ ի սկզբանե սոցիալական հիմք ունենալով՝ պայքարը փոխել է ընթացքն ու մտել քաղաքական դաշտ: Ի՞նչ կարծիքի եք այս մասին:

Կարդացեք նաև

– Դժվարանում եմ այս հարցին սպառիչ պատասխան տալ, որովհետև չեմ տիրապետում ամբողջական ինֆորմացիային, թե ի՞նչ է կատարվում պողոտայում:

Դուք այնտեղ չե՞ք լինում:

– Ցավոք՝ ոչ, որովհետև վերջին օրերին, անկեղծ ասած, զբաղված եմ լինում: Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ներկայացում ենք բեմադրում՝ «Մահվան տանգոն»: Ծանր, աշխատատար ու ժամանակատար գործ է իրականում սա, այդ պատճառով բաց եմ թողնում ցույցերի ներկա գտնվելու հնարավորությունը: Ինչքան կարողանում եմ, համացանցով հետևում եմ: Ճիշտն ասած, քաղաքականությունից էլ շատ խորը գիտելիքներ չունեմ, չեմ կարող ասել, որ շատ բան եմ հասկանում, բայց մեծ հույս ունեմ, որ ջահելների պայքարը քաղաքական ընթացք չի ստանա, «Մայդանի» չի վերածվի, որովհետև սա շատ ավելի վտանգավոր հետևանքներ կունենա, քան մտածում ենք: Պետք չէ մոռանալ, որ մենք դատապարտված ենք ռազմական պետություն ունենալու՝ հարևանների տեսակետից մեր բախտն այնքան էլ չի բերել, էլ չեմ ասում թշնամական տրամադրությունների մասին: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ու ակցիայի կազմակերպիչներն այդքան խորագետ կլինեն, որ սա կհասկանան: Իրականում մենք շատ զգույշ վարվելու լուրջ հիմքեր ունենք:

26/06/2015. YEREVAN, ARMENIA. On the 4th day of protest action against electricity price increase protesters succeeded to close Mashtots Avenue (Main Avenue) for an hour

Այսինքն՝ ուզում եք ասել, որ մտահոգություն ունեք, թե շարունակվող բողոքի ցույցերը կարող են երկրի համար արտաքին անվտանգության խնդի՞ր առաջացնել:

– Եթե քաղաքական կամ այլ տեսակի ուժեր կանգնեն սրա հետևում ու երիտասարդներին հրահրեն բախումների, իհարկե, կարող է նման խնդիր առաջանալ, որը ոչ միայն մարդկային կյանքերի, այլև երկրի անվտանգության տեսակետից վտանգավոր կլինի: Ամեն դեպքում, այս զրույցը որպես առիթ օգտագործելով, ուզում եմ շարժման գլխին կանգնած, իմ կարծիքով, փայլուն ու խիզախ տղերքին կոչ անել՝ զգույշ լինեն բոլոր տեսակետներից:

– Այդ երիտասարդների նկատմամբ Բաղրամյան պողոտայում առաջին գիշերը բռնություն է կիրառվել ոստիկանների կողմից: Տեղյա՞կ էիք:

– Այո, և շատ տխուր էի՝ դեպքերի նման զարգացում տեսնելով: Կարծում եմ, խաղաղ միջոցներով պետք է հարցի լուծումը գտնել:

26/06/2015. YEREVAN, ARMENIA. A great amount of people on the 4th day of protest action against electricity price increase in Baghramyan Avenue. On the poster is written 'This is not Maidan this is Marshal Baghramyan'

Ի վերջո, ո՞ւր կտանի պայքարի ընթացքը, ըստ Ձեզ, արդյոք կկրկնվե՞ն բռնության դեպքերը:

– Համոզված եմ, որ ոչ, չի լինելու բռնության կրկնություն, որովհետև վստահ եմ, որ երկու կողմից էլ տղամարդիկ իրենց մեջ էնքան ուժ կգտնեն, որ խորապես կուսումնասիրեն ստեղծված իրավիճակն ու ըմբռնումով կմոտենան այդ հարցին: Ես վաղուց եմ համոզվել, որ ամենաանելանելի վիճակից էլ՝ մինիմում երկու ելք կա, ու հույս ունեմ, որ խաղաղ ելք կգտնվի:

Ձեզ համար էլեկտրաէներգիայի ավելացված սակագինն էական նշանակություն կունենա՞ կենցաղային մակարդակում:

– Իհա՛րկե կունենա, ես էլ, շատերի պես, ամսական աշխատավարձով ապրող մարդ եմ: Եթե ամռան ամիսներին հետևանքները խիստ նկատելի չլինեն, ապա ձմռանն արդեն կարող ենք փաստի առաջ կանգնել:

Երեկ Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում՝ որպես հարցի լուծում, երկրի նախագահն առաջարկել է ընկերության՝ ՀԷՑի ներսում աուդիտ անցկացնել՝ պարզելու վնասի և չարաշահումների չափն ու դրանից բխող հետևանքները: Կարծում եք՝ սա արդյունավե՞տ որոշում կլինի՝ բավարարող բողոքող կողմի պահանջները:

– Կարծում եմ՝ ստուգումներ պետք է լինեն, և դա ճիշտ որոշում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս