Ամարասի Գրիգորիսի դամբարանի հնագիտական պեղումները նոր ուշագրավ հանգամանք են փաստում

2014 թվականին Արցախի Տիգրանակերտում իրականացված պեղումների ժամանակ նորաբաց երկրորդ եկեղեցու արեւելյան խորանի տակ հայտնաբերված վաղ քրիստոնեկան դամբարանը նոր հարցեր ու խնդիրներ առաջադրեց հնագետների առջեւ: Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի առաջարկությամբ եւ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության ու պատմական միջավայրի պահպանության վարչության, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. օգոստոսի 4-ից պեղման ուսումնասիրման աշխատանքներ սկսվեցին Ամարասի Սբ. Գրիգորիսի դամբարանի շրջակայքում: Շուրջ 20 օր տեւած հնագիտական աշխատանքները ցանկալի արդյունքներ տվեցին, որոնց մասին զրուցեցինք արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան ճիշտ է, որոշակիորեն պարզ է, սակայն այնուամենայնիվ ինչպե՞ս ծագեց Սբ. Գրիգորիսի դամբարանը պեղելու միտքը:

– Նախ ասեմ, որ Ամարասը Արցախի վաղ քրիստոնեական, ճարտարապետական ամենաճշգրիտ թվագրությունն ունեցող ու ամենալավ պահպանված հուշարձանն է, որի հանդեպ գիտական հետաքրքրությունը միշտ բարձր է եղել: Պետք է փաստել, որ Գրիգորիսի մատուռը ավարտուն տեսք չունի, որը բազում հարցերի տեղիք է տալիս:

Ամարասի դամբարանի պեղումները սկսելու համար առիթ եղավ այն, որ Տիգրանակերտի երկրորդ նորահայտ եկեղեցու տակ դամբարան հայտնաբերվեց, որի միակ մուտքը արեւելքից էր բացվում, իսկ մենք գիտենք, որ վաղ քրիստոնեական դամբարանների համար հատկանշական է արեւմտյան մուտքը:

Նման խնդիր ունի նաեւ Ամարասի Սբ. Գրիգորիսի դամբարանը, նրա արեւելյան պատի փակ վիճակը նոր հարցեր առաջադրեց, թե ինչ կա պատի հետեւում, ուր է տանում, ինչն էլ ստիպեց մեզ պեղումներ սկսել: Անկեղծ ասած ի սկզբանե հույս չունեի, որ որեւէ բան կգտնենք, քանի որ մեզանից առաջ ադրբեջանցիներն էին պեղումներ կատարել, հետո այդ 1959 թվականի շիշը գտանք, որտեղ գրված էր, որ պեղումներ են կատարել ու ոչինչ չեն գտել, բայց արի ու տես, որ ցանկալի արդյունքներն ունեցանք:

Պեղումների արդյունքում հաջողվեց միանշանակ ցույց տալ, որ Գրիգորիսի դամբարանը նույնպես ունեցել է արեւելյան մուտք, որը ենթադրվում էր, բայց փաստագրված չէր, շքեղ մուտքով, 2մ լայնության ու 2,5 մ երկարության սալահատակով, որը քրիստոնեական այլ կառույցներում բացակայում է: Մեզ հաջողվեց բացել դամբարանի միջանցքի շարունակությունը նաեւ արեւելյան հատվածում, բացել ենք նաեւ աստիճանները, որոնք իջնում են դեպի դամբարան եւ աստիճաններից դուրս սրբատաշ մի հարթակ: Դրսից բացվել է մատուռի գետնախարիսխը, որն ունեցել է վերգետնյա ու ստորգետնյա հատված: Այսօրվա դրությամբ պետք է ասել, որ պեղումների ընդարձակումը դեպի արեւելք դարձել է հրատապ:

-Պարոն Պետրոսյան գտածոներ, արդյո՞ք, փաստվել են։

– Այո գտնվել են մեկ մարդու պատկանող կմախքի ոսկորներ, որը արշավախմբի անդամ, մարդաբան Պոլ Բեյլիի հավաստմամբ հասուն տղամարդու ոսկորներ են: Դրանք մենք ուղարկել են Ֆրանսիա ժամանակագրական վերլուծություն ստանալու համար: Թվով հարյուրն անց կղմինդրե կտորներ, ինչը խոսում է այն մասին, որ ծածկը կղմինդրապատ է եղել եւ 17-18-րդ դարերով թվագրվող խեցանոթներ, ծխամորճի կտորներ, ապակի: Վաղ քրիստոնեական դամբարաններից ամենաանխաթար վիճակում պահպանվել է հենց Գրիգորիսի դամբարանը

-Որպես ամփոփում ի՞նչ կասեք։

Արցախում գտնվող Ամարասի Գրիգորիսի դամբարանում իրականացվող հնագիտական պեղումները հայկական վաղ ճարտարապետության մեջ մի նոր ուշագրավ հանգամանք են փաստում՝ հայկական վաղ քրիստոնեական մի շարք դամբարաններ ունեցել են արեւելյան մուտք, ինչը գաղափարական ու ծիսական առումով դեռեւս մնում է չպատճառաբանված:

Եվ առհասարակ վաղ քրիստոնեական ճարտարապետոթյունը առանձնակի տեղ ունի Արցախում, եւ այս բացահայտումները շատ կարեւոր են հատկապես հայերի էթնոմշակութային ամբողջական կերպարի վերստեղծման առումով:
Արմինե Հայրապետյան

karabakh-open.info

 

Տեսանյութեր

Լրահոս